‘Ա.Մելիքյան. 2013-ն անբարենպաստ էր Հայաստանի ԶԼՄ-ների համար’

885

2013 թվականն անբարենպաստ էր Հայաստանի ԶԼՄ-ների համար, քանի որ լրագրողների նկատմամբ ճնշման դեպքերն ավելացել են: Այդ մասին հունվարի 23-ին մամուլի ասուլիսում հաղորդել է Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նշել է, որ 2013 թվականին կոմիտեն արձանագրել է ֆիզիկական բռնության 10 դեպք` 2012 թվականին 4-ի դիմաց, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշման 57 դեպք` 2012 թվականի 37-ի դիմաց, և տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 10 դեպք` նախորդ տարվա 23-ի դիմաց: Նա լրագրողների իրավունքների խախտման դեպքերի ավելացումը պայմանավորել է երկրում ակտիվ քաղաքական կյանքով: «Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերն արձանագրվել են, հիմնականում, բողոքի տարբեր ակցիաների ժամանակ ոստիկանության և ակտիվիստների բախումների և նախագահական ու մայրաքաղաքային ընտրությունների ընթացքում»,- նշել է Մելիքյանը: Մելիքյանը հաղորդել է, որ 2013 թվականին ավելացել է նաև լրագրողների և ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի թիվը` 24 հայց 2012 թվականի 17-ի դիմաց, և կայացված դատավճիռների մեծ մասը լրագրողների օգտին չէ:

«Հաճախ լրագրողները չափազանց անաչառ վերլուծություն են կատարում, նկարագրում են իրական փաստեր, և հոդվածը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է բոլոր չափանիշներին, սակայն դժվարանում են զսսպել իրենց հույզերը, և հոդվածում մեկ-երկու վիրավորական արտահայտության համար տանուլ են տալիս դատավարությունում», — նկատել է նա:  

Նախորդ հոդվածը‘Կուտակային ֆոնդերի կառավարիչներից մեկը գրանցված է օֆշորում’
Հաջորդ հոդվածը‘Բաքուն նոտա է հղել Իսպանիա՝ «Ֆուտուր»-ում ԼՂՀ մասնակցության հարցով ‘