‘Ա.Մուսինյան. Կոնգրեսը պատրաստվում է դիմել պատկան մարմիններին՝ քննելու ՀՀԿ-ականների եկամուտների աղբյուրները. Տեսանյութ’

1341

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում գրանցված ուշագրավ պահերից են ՀՀԿ թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը, որոնցում նրանցից շատերը աստղաբաշխական գումարների հասնող ունեցվածք են հայտարարագրել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:

Մասնավորապես, ըստ նրա՝ բավական խոսուն հայտարարագիր է ներկայացրել Տարոն Մարգարյանը՝ մասնագետների հաշվարկներով՝ 6-7 միլիոն դոլարի ունեցվածք: «Մի մարդ, որը կրթություն ստանալուց անմիջապես հետո (իմիջիայլոց՝ չի ծառայել բանակում) պետական ծառայության է անցել եւ ծառայության մեջ է գտնվում մինչ օրս, այդ չափի ունեցվածք է կուտակել: Եվ ոչ միայն նա, այլեւ մի շարք այլ թեկնածուներ, նրանցից շատերը հենց այս պահին էլ վարչական շրջաններում կամ քաղաքապետարանում պաշտոն են զբաղեցնում», — նշեց Արման Մուսինյանը:

Կոնգրեսի խոսնակը տեղեկացրեց, որ ներկայումս նյութեր են նախապատրաստվում՝ համապատասխան մարմիններ ներկայացնելու համար, որպեսզի ուսումնասիրվեն ՀՀԿ-ական թեկնածուների ունեցվածքի աղբյուրները: «Այստեղ կոռուպցիոն, ատկատների, փողերի լվացման, չարաշահումների ակնհայտ ռիսկեր կան», — նշեց պարոն Մուսինյանը՝ հավելելով, որ չնայած հարցապնդումներին՝ ՀՀԿ շտաբից որեւէ բանական պատասխան չի տրվում եկամուտների աղբյուրների մասին, ինչը է՛լ ավելի է խորացնում եւ հիմնավոր է դարձնում կասկածները, որ դրանք հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել: 

Նախորդ հոդվածը‘ Երկու հոլովակի համեմատություն. Ֆրանսիացիները՝ օտարների ցավի մասին, հայերը՝ հայերի ‘
Հաջորդ հոդվածը‘Ցրտահարությունից վնասվել են այգիներ’