‘Բագրատյանի նախագծերը չեն ընդգրկվել աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում’

1207

Աժ Հայ ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում քիչ առաջ գրել է, որ իր հեղինակած օրենսդարական նախաձեռնությունները անհասկանալի պատճառներով չեն ընդգրկվել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում: Խոսքը, ըստ Բագրատյանի, վերաբերվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու եւ հանքարդյունաբերության մեջ իրական ռոյալթին մտցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին:

«Ինձ համար անհասկանալի պատճառներով դրանք չհայտնվեցին աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային: Նախ՝ չգիտես ինչու ԱԺ իրավաբանական վարչությունը ինչ-որ դիտողություններ արեց: Օրինակ՝ «նախագիծ» բառը գրել մեծատառ եւ ձախ անկյունից տեղափոխել աջ անկյուն: Մեկ այլ վարչություն էլ մի ուրիշ դիտողություն արեց: Պետք է նշեմ, որ ԱԺ վարչությունները ոչ միայն ՀՀԿ-ինն են, այլ նաև ընդդիմությանը, եւ նրանց խնդիրը օգնելն է, ոչ թե խանգարելը: Իհարկե, նրանց արած դիտողությունը ոչ մի նշանակություն չունի, մենք անում ենք մեր պատգամավորական նախաձեռնությունը: Բայց մի բան է ակնհայտ, որ այդ ամենի արդյունքում ցանկացած նախաձեռնություն կարող է անվերջ երկարաձգվել», — գրել է Բագրատյանը:

Նա նշել է նաեւ, որ երկարաձգման այդպիսի մի փայլուն փաստաթուղթ է, այսպես կոչված, ԱԺ կանոնակարգ օրենքը: «Տասնամյակներով մտածել են, թե ինչպես անեն, որպեսզի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը փոշիացնեն: Այս ամենը պիտի փոխվի: Այդ հիմար օրենքը պիտի մի տաս անգամ կրճատվի: ԱԺ-ն պետք է դառնա պառլամենտ, այն նախարարություն չէ: Իսկ մինչ այդ կներեք, որ մեր օրենսդրական նախաձեռնությունները ուշանում են», — գրել է Հրանտ Բագրատյանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի շրջակա միջավայրին ավելի քան 4 միլիոն դրամի վնաս է հասցվել’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՀ նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին’