‘Բակո Սահակյան. Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը’

1691

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի դեմ կատարված բռնության վերաբերյալ.

Նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում: Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: 

Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին: Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, եւ վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից եւ մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները: Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կներկայացվեն հանրությանը: 
Ես նաեւ մշտական կապ եմ պահպանում ԼՂՀ առողջապահության նախարարի հետ, ինձ պարբերաբար տեղեկություններ են հաղորդվում պարոն Խանումյանի առողջական վիճակի վերաբերյալ: Հայկ Խանումյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Անտրամաբանական մուծում, որը խոչընդոտում է մարդկանց մուտքը Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Քլինթոն. Իմ հաղթանակը պատմական նշաձող է կանանց համար’