Բայդենն արգելել է Նիկարագուայի կառավարության անդամների մուտքը ԱՄՆ

371

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի որոշում է կայացրել Նիկարագուայի կառավարության անդամների մուտքը երկիր արգելելու վերաբերյալ։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան տարածած փաստաթղթերում։

«Ես որոշել եմ, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում սահմանափակել կամ արգելել մուտքը ԱՄՆ, որպես ներգաղթայալներ և ոչ ներգաղթյալներ, Նիկարագուայի կառավարության անդամներին՝ նախագահ Դանիել Օրտեգայի գլխավորությամբ, ներառյալ նրա տիկնոջը և փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոյին և այլ անձանց, ովքեր մշակում, իրականացնում կամ շահույթ են ստանում այնպիսի քաղաքականությունից և գործողություններից, որոնք ձախողում են կամ վնասում դեմոկրատական ինստիտուտները կամ  խոչընդոտում դեմոկրատիայի վերադարձը Նիկարագուա»,- ասվում է փաստաթղթում։ Ըստ Բայդենի՝ «Օրտեգայի և նրան պաշտպանողների հալածական և դաժան գործողությունները ստիպում են, որ Միացյալ Նահանգներն անցնի գործի»։

Անցանկալի անձանց ցուցակում են հայտնվել ընտրված պաշտոնյաներ, նրանց աշխատակազմերի անդամները, քաղաքապետներ և նրանց տեղակալները, ինչպես նաև անվտանգության, պետական հաստատությունների, ուղղիչ ծառայությունների, դատական մարմինների և ՆԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բայդենը նաև մեկ տարով երկարացրել է Նիկարագուայի դեմ սանկցիոն ռեժիմը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ ԻՊ-ի եկամուտներն ամենաակտիվ շրջանում հասել են տարեկան 1,2 մլրդ դոլարի
Հաջորդ հոդվածըՌաֆայել Թեյմուրազյան. Երեկվա անընդունելին այսօր անիրականանալի երազ է դարձել