‘Բանակից տարկետումը վերացնելուց հետո ասպիրանտուրայում 70-80 թափուր տեղ թափուր է մնացել’

1396

Ասպիրանտուրայում տարկետման ինստիտուտը վերացնելուց հետո արական սեռի դիմորդների քանակը կտրուկ նվազել է: Ազգային ժողովում պետբյուջեի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց կրթության եւ գիտութնան նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, այժմ 70-80 թափուր տեղ կա, թեեւ պետական ֆինանսավորման չափը չի փոխվել:

«Հետաքրքիր միտում է. բանակից տարկետման հնարավորության վերացումից հետո գիտության նկատմամբ անզուսպ սերը կտրուկ նվազեց մարդկանց մոտ», — նշեց նա` հիշեցնելով, որ մինչեւ փոփոխությունը ասպիրանտուրայում սեռային «աննորմալ համամասնություն» կար` 128 տղայի դիմաց` 1 աղջիկ:  

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց նախարարին` արդյոք կարծու՞մ է, որ գիտնականների աշխատավարձերի բարձրացման համար 2014-ի բյուջեում նախատեսված 446 միլիոն դրամը (յուրաքանչյուր գիտնականին` շուրջ 12 հազար) բավարար է:

Աշոտյանն ի պատասխան նշեց. «Պետութունը ֆինանսավորում է գիտնականներին իր հնարավորության սահմաններում: Մյուս կողմից` պրոդուկտիվ գիտնականները կարող են եկամուտի աղբյուրներ գտնել` պետբյուջեով ֆինանսավորվող տարատեսակ ծրագրերին մասնակցելով կամ արտասահմանյան դրամաշնորհների միջոցով»:   

Նախորդ հոդվածը‘Շիրակի նախկին ոստիկանապետին մեղադրում են կաշառք ստանալու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Զանգ ընկերոջը Ռուսաստան` 1 րոպեն 15 դրամով’