‘Բանգլադեշում մահապատժի են դատապարտվել 150 սահմանապահներ’

796

Բանգլադեշում մահապատժի են դատապարտվել 2009 թ. սահմանապահների ապստամբությանը մասնակցելու մեջ մեղադրվող 152 ամբաստանյալներ: Ապստամբության արդյունքում զոհվել էր 74 մարդ, փոխանցում է Associated Press-ը: Եւս 160 ամբաստանյալներ դատապարտվել են ցմահ ազատազրկման, 270-ը՝ ազատազրկման այլ ժամկետների, և վերջապես՝ 271 հոգի արդարացվել է: Ընդհանուր առմամբ՝ դատարանի առաջ էր կանգնել 800 մարդ, որոնցից ընդամենը 20-ը՝ քաղաքացիական անձինք:

Ապստամբների դատավարությունները Բանգլադեշում շարունակվում են արդեն մի քանի տարի: Սահմանապահների գործով ձերբակալվել էր մոտավորապես 6 հազար մարդ: Իրավապաշտպանները հանդես են գալիս դատավարությունների քննադատությամբ, քանի որ, ըստ նրանց՝ նման քանակով ամբաստանյալների պարագայում անհնար է արդար դատավարություն իրականացնել: Բացի այդ, նրանք իշխանություններին մեղադրում են բանտարկյալներին խոշտանգելու և կեցության պայմաններ չապահովելու համար:

Սահմանապահների ապստամբությունը տեղի է ունեցել 2009 թ. 25-26 փետրվարին «Բանգլադեշի հրաձիգներ» կոչվող սահմանապահների ջոկատները գրավել էին իրենց ստորաբաժանման շտաբը երկրի մայրաքաղաք Դաքայում: Ապստամբները պահանջում էին աշխատավարձերի բարձրացում և արձակուրդների տևողության երկարացում: Անկարգությունները տարածվել էին նաև Բանգլադեշի մյուս քաղաքների ռազմակայաններում: Ապստամբության արդյունքում 74 զոհերից 57-ը երկրի զինված ուժերի բարձրաստիճան ղեկավարությունից էին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանում նախագահական ընտրություններում անակնկալներ չեն սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը դիմել է գլխավոր դատախազին ‘