‘«Բավարիան» ռեկորդային 18-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ)’

1802

Մյունխենի «Բավարիան» ռեկորդային 18-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթակիր:

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում մյունխենցիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Դորտմունդի «Բորուսիային», որը մրցաշրջանն ավարտեց առանց տիտղոսի:

Բեռլինում կայացած խաղի առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: Մինչեւ ընդմիջում թիմերը չունեցան իրական գոլային պահեր, իսկ երկրորդ խաղակեսում ավելի վտանգավոր էին գործում մրցակցի դարպասի մոտ: «Բավարիան» ուներ տարածքային առավելություն, իսկ «Բորուսիան» երբեմն-երբեմն անցկացնում էր վտանգավոր հակագրոհներ:Մյունխենցիներն աստիճանաբար մեծացրին ճնշումը, բայց, ստեղծելով գոլային պահեր, գոլ խփել չհաջողվեց: Վերջնամասում դորտմունդցիները հավասարեցրին խաղը եւ սկսեցին ավելի հաճախ գրոհել: 85-րդ րոպեին «Բորուսիան» կարող էր բացել հաշիվը, բայց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վրիպեց դարպասի առջեւից: Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց, իսկ ավելացված 30 րոպեներին գոլեր չգրանցվեցին:

Հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի ժամանակ «Բորուսիայից» դիպուկ էին Սինձի Կագավան, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ Մարկո Ռոյսը, իսկ Սվեն Բենդերը եւ Սոկրատիս Պապաստատոպուլոսը վրիպեցին: «Բավարիայից» դարպասը գրավեցին Արտուրո Վիդալը, Ռոբերտ Լեւանդովսկին, Թոմաս Մյուլերն ու Դուգլաս Կոստան, իսկ Ջոշուա Կիմիխի հարվածն անհաջող էր: 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման եւ լավագույններից էր խաղադաշտում:

Սա Խոսեպ Գվարդիոլայի վերջին խաղն էր «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Հաջորդ մրցաշրջանում իսպանացի մասնագետը գլխավորելու է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Այս տարի Գերմանիայի գավաթակրի տիտղոսը չպաշտպանեց «Վոլֆսբուրգը», որին դուրս էր թողել «Բավարիան»: Դորտմունդի «Բորուսիան» 3 անգամ է նվաճել այս տիտղոսը:

Գերմանիայի Գավաթ, եզրափակիչ

«Բավարիա» — «Բորուսիա»՝ 0:0

11 մետրանոցներով՝ 4:3

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Ջոշուա Կիմիխ, Դավիդ Ալաբա, Տյագո Ալկանտարա, Արտուրո Վիդալ, Ֆրանկ Ռիբերի (Կինգսլի Կոման, 108), Դուգլաս Կոստա, Թոմաս Մյուլեր, Ռոբերտ Լեւանդովսկի:

«Բորուսիա». Ռոման Բյուրկի, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս (Մաթիաս Գինտեր, 78), Մարսել Շմելցեր (Էրիկ Դուրմ, 71), Յուլիան Վայգլ, Սվեն Բենդեր, Գոնսալո Կաստրո (Սինձի Կագավա, 106), Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Նախորդ հոդվածը‘Մարմարաշենում առաջնագիծ մեկնած կամավորներին դիմավորեցին երգուպարով’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Անգլիայի գավաթակիր (տեսանյութ)’