‘ «Բարսելոնա»-«Ատլետիկո». Խաղից առաջ’

989

Հունվարի 11, կիրակի,  ժամը ՝23.55, Բարսելոնա,  «Կամպ Նոու»

Մրցավար՝  Ունդիանո Մալենկո

Հավանական կազմերը

«Բարսելոնա». Բրավո, Դանի Ալվես, Պիկե, Մատյո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա, Լուիս Սուարես, Նեյմար, Մեսսի:

«Ատլետիկո». Մոյա, Խուանֆրան, Գոդան, Խոսե Խիմենես, Սիկեյրա, Գաբի, Տյագու, Արդա Տուրան, Կոկե, Գրիզման, Մանջուկիչ:

Այս խաղափուլի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Բարսելոնայում: «Կամպ Նոուն» կյուրընկալի Իսպանիայի գործող չեմպիոնին, իսկ դա վկայում է այն մասին, որ դիտարժան հանդիպում է սպասվում:

Այս շաբաթվա ընթացքում «Ատլետիկոն» տպավորիչ հաղթանակ տոնեց Մադրիդի «Ռեալի» հանդեպ և, բնականաբար, «Բարսելոնայի» դեմ հանդիպումը հազիվ թե ինչ-որ անհագստություն ու լարվածություն առաջացնի մադրիդյան թիմում: Մանավանդ, որ Սիմեոնեի սաները արդեն 6 հանդիպում է, ինչ չեն պարտվում կատալոնացիներին: Մադրիդցները, թեև հաղթել են ընդամենը մեկ անգամ, այնուհանդերձ, այդ հաղթանակն էլ բավարար է եղել, որպեսզի «կապտանռնագույնները» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնան, իսկ մադրիդցիները նվաճեն Իսպանիայի ուժեղագույն թիմի տիտղոսը: Այս նոր դիմակայությունում երկու կողմերին էլ անհրաժեշտ է հաղթանակ: Երկու թիմերն էլ մեկ միավորով են հետ մնում առաջատար «Ռեալից» և ավելորդ միավորներ կորցնելը չի մտնում նրանց ծրագրերի մեջ:

Բնականաբար, այսоր դժվար է շրջանցել «Բարսելոնայի» ճգնաժամի մասին շրջանառվող բազմաթիվ խոսակցությունները, այս մասին լրատվամիջոցների հրապարակումները: Այդ ողջ պատմության հիմնաքարն է դարձել Լեոնել Մեսսին, ով ակնհայտորեն դժգոհ է թիմում ստեղծված  իրավիճակից: Արգենտինացու կարծիքով, այդ ամենի մեղավորը Լուիս Էնրիկեն է, ով չի կարողանում ղեկավարել թիմը:

Հիշեցնենք, որ նախորդ խաղափուլի՝Սան Սեբաստիանում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսը Լեոն անցկացրել է պահեստայինների նստարանին: Այս հանգամանքը այնքան էլ դուր չի եկել մշտապես ակումբի մարզչական շտաբի ուշադրությանն ու լավ վերաբերմունքին արժանացած ֆուտբոլիստին: Մեսսին բոլորին հասկացրել է, որ այս ամենից նա շատ դժգոհ է և կարող է վճռական որոշում կայացնել՝ տեղափոխվելով այլ ակումբ:

Լուիս Էնրիկեն իր հերթին նույնպես ծայրահեղ դժգոհ է ստեղծված իրավիճակից, և ամենուր ասում է, որ լրատվամիջոցները հանդերձարանում կատարվող իրադարձություններից պետք է ոչ մի տեղեկատվություն չստանան: Այսպիսով, մարզիչը քննադատության է ենթարկել այն ֆուտբոլիստներին, որոնք այս կամ այն կերպ բարձրաձայնել են իրենց ներքին խնդիրների մասին: Եվ, իհարկե, ամենահնչեղ նորությունն այն էր, որ Լուիս Էնրիկեին  ժամանակ է տրվել իրավիճակը շտկելու համար. նա կամ պետք է հաղթի այս շաբաթվա երկու հանդիպումներում, կամ էլ հեռանա ակումբից: Այն որ կատալոնացիները կհաղթեն «Էլչեին», ոչ ոք կասկած չուներ: Կարևորը «Ատլետիկոյին» հաղթելն է:

Այսպիսով, կարող ենք ասել, որ կատալոնացիները հզոր «Ատլետիկոյի» դեմ են դուրս գալու ներքին լուրջ խնդիրներով: Խնդիրներ, որոնք ամեն վայրկյան վառոդի նման կարող են պայթել: Եվ, դատելով այս ամենից, Լուիս Էնրիկեն այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչպես ճիշտ կառավարի ստեղծված իրադրությունը: «Ներքնակավորների» հետ հանդիպումը կարող  է ցույց տալ, թե որքանով է կարողանում մարզիչը ղեկավարել իր հպարտ ու առանձնահատկություններով աչքի ընկնող սաներին: Միաժամանակ, դեռ պետք է հաղթել «Ատլետիկոյին», մի թիմ, որը ցուցադրում է շատ տպավորիչ ֆուտբոլ և լուրջ հակառակորդ է ցանկացած բարձրակարգ թիմի համար: Մադրիդցիների ներուժը թույլ է տալիս, որպեսզի կարողանա օգտվել հակառակորդի ներքին խնդիրներից և միավորներ ձեռք բերի «Կամպ Նոու»-ում:

Նախորդ հոդվածը‘«Ռոմա»-«Լացիո». Հռոմյան դերբիից առաջ’
Հաջորդ հոդվածը‘ Սիմեոնե. ««Բարսա՞ն» է ուժեղ, թե՞ «Ռեալը». դրանք երկու ամուր թիմեր են՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներով»’