‘Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում «սանձահարել» Հայաստանին’

1473

Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում լարվածության սրման առնչությամբ:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանում իրավիճակի սրման «նախաձեռնողը» հայկական կողմն է: «Ստեղծված վտանգավոր իրավիճակի համար ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Երևանի վրա, որն այդ սադրիչ գործողությունները կազմակերպելու ցուցում է տվել», — ասվում է հայտարարությունում:

Ադրբեջանի ԱԳՆ նշում է, որ «Հայաստանի կողմից ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի անտեսումը, էթնիկ զտման քաղաքականության իրագործումը, հարազատ վայրերից ավելի քան 1 մլն մարդու արտաքսումը և նման սադրիչ քայլերի իրականացումը, որոնք վնաս են հասցնում հաշտության գործընթացին, հիմք են տալիս, որպեսզի միջազգային հանրությունը լուրջ պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ»:

Այնուհետև Բաքուն բարձրաձայնում է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու անհրաժեշտության մասին իր վաղեմի ցանկությունը: «Որքան շուտ հայկական կողմը դա գիտակցի, այնքան ավելի արագ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և որոշակիություն կհաստատվի», — ասվում է ԱՀ ԱԳՆ հայտարարությունում:

Ավելացնենք, որ շփման գծում և սահմանին վերջին իրադարձությունների առնչությամբ հայկական ԶԼՄ-ներում հանդես է  եկել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր հերթին նշել է, որ Բաքուն է սահմանային լարվածության նախաձեռնողը, շարունակելով խախտել 1994 թվականի հրադադարի շուրջ պայմանագիրը` մեղքը բարդելով հայկական կողմի վրա: Նալբանդյանն ընդգծում է, որ դրանով իսկ Բաքուն անտեսում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին միջազգային հանրության և Մինսկի միջնորդների կոչերը` նպատակ ունենալով ձախողել բանակցային գործընթացը: «Սակայն ակնհայտ է, որ մերժելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկները` Ադրբեջանն իր վրա է վերցնում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը», — հայտարարել է Նալբանդյանը, հավելելով, որ եկել է Ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը: «Եռանախագահող երկրների հետ համատեղ, Հայաստանը գործադրելու է անհրաժեշտ քայլերը սադրիչ գործողությունների կասեցման, իրավիճակի կայունացման, հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման նպատակով բանակցային գործընթացի շարունակման համար»,- եզրափակել է  արտգործնախարարը:

Նախորդ հոդվածը‘Դիվերսիայի արդյունքում զոհված կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրել «Արիության» մեդալով’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ. ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը խիստ անհրաժեշտություն է’