‘Բաքվում մեկնարկել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Արսեն Բաղդասարյանի դեմ դատավարությունը’

1402

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղում բնակվող Արսեն Բաղդասարյանի դեմ դատական գործընթացը, տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:

Ըստ աղբյուրի, կայացել է նախնական դատական նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել մեղադրական կողմը։ Դատախազ Անար Միրքիշեւը նշել է, որ հետաքննության ժամանակ «իրավախախտումներ չեն գրանցվել»։ Այնուհետեւ խոսք է տրամադրվել Արսեն Բաղդասարյանին:

Դատական քննությունը նշանակվել է ապրիլի 13-ին։ Որոշում է կայացվել դատական նիստը անցկացնել դռնփակ։

ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծռայող Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային մարդասիրական իրավունքների  ոտնահարման վառ օրինակ էր. գերեվարումից հետո 1.5 ամիս շարունակ ԿՄՄԿ ներկայացուցիչներին թույլ չեն տվել տեսակցել նրան։ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։

Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել հանցավոր խմբավորման անդամ լինելու, մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի, 2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի, ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանությանեւ այլ հոդվածներով։

Ադրբեջանական իշխանությունները ի սկզբանե փորձում էին Արսեն Բաղդասարյանի գործը օգտագործել քարոզչական նպատակներով: Հունվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե իբր ՊԲ զինծառայող, պայմանագրային Արսեն Բաղդասարյանը ինքնակամ է անցել ադրբեջանական կողմ ու չի ցանկանում վերադառնալ Հայաստան։ Սակայն մինչ այդ՝ 2014թ դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի անհաջող փորձ է արել, ինչի հետևանքով «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը՝ Արսեն Բաղդասարյանը հայտնվել է Ադրբեջանում։

Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը, սակայն նշել է, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘Վան Գալն այլևս վան Պերսիի ծառայությունների կարիքը չի զգում’
Հաջորդ հոդվածը‘Գարի Նևիլի կարծիքով «ՄանչեսթրՍիթին» հոգեբանական խնդիրներ ունի’