‘Բենզեմային թույլատրել են շփվել Վալբուենայի հետ և խաղալ հավաքականում’

944

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի վրայից հանվել է Ֆրանսիայի հավաքական հրավիրվելու արգելքը, հաղորդում է «AS» պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով, Ֆրանսիայի վերաքննիչ դատարանն «Արքայական ակումբի» ֆուտբոլիստի վրայից, մասնավորապես, հանել է դատական վերահսկողությունը, որը սահմանվել էր՝ կապված «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործին նրա առնչության հետ։

«Առաջին փուլը հաղթահարված է շնորհիվ առողջ բանականության գործադրման։ Մենք կարող ենք շնորհավորել ինքներս մեզ և աշխատում ենք Բենզեմայի անմեղությունն ապացուցելու ուղղությամբ»,-այդ առթիվ ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստի փաստաբանը։

Արժե նշել, որ Բենզեմայի մեղադրանքը դեռ հանված չէ, սակայն դատարանի որոշումը նրան թույլ կտա շփվելու Վալբուենայի հետ, ինչը նախկինում արգելված էր։ Այսպիսով, նրանք կարող են միասին հանդես գալ ազգային հավաքականում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման դատարանում ցուցմունք է տվել Վալբուենայի շանտաժի գործի առնչությամբ և խոստովանել, որ խոսել է նրա հետ ինտիմ բնույթի տեսանյութի մասին իր մանկության ընկերոջ խնդրանքով։ Հարձակվողին մեղադրանք էր առաջադրվել շանտաժին մասնակցության համար։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ Բենզեման ժամանակավորապես հեռացվել էր ազգային հավաքականից մինչև դատարանի կողմից գործի առնչությամբ որոշման կայացումը։

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ, կլքի ՊՍԺ-ն’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն մտադիր է հզորացնել թիմի պաշտպանության գիծը’