‘Բեռլուսկոնին հայտարարել է, որ կապ չի ունեցել մարոկկուհի Ռուբիի հետ’

914

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը «Ռուբիի գործով» մեղադրվում է անչափահաս պոռնիկների հետ կապի և պաշտոնական դիրքը չարաշահելու համար, հայտարարել է, որ ոչ մի ինտիմ կապ չի ունեցել Ռուբի մականվամբ մարոկկուհի Քարմա էլ-Մարգութի հետ:

Բեռլուսկոնիի դեմ դատավարությունն սկսվել է անցյալ տարվա ապրիլին: Հետաքննության վարկածի համաձայն՝ քաղաքական գործիչը սեռական կապ է ունեցել 18 տարին չլրացրած Ռուբիի հետ և դրա դիմաց աղջկան նվերներ ու փող է տվել: Անչափահաս աղջկա հետ հանդիպումները տեղի են ունեցել նախկին վարչապետի՝ Միլանի մերձակա ամառանոցում: Միլանի  դատարանում Բեռլուսկոնին հերքել է մեղադրանքը՝ խոստովանելով միայն, որ գումար է տվել Ռուբիին, քանի որ աղջիկն իրեն ասել է, թե ուզում է գեղեցկության սրահ բացել: Ապա նաև հավելել է, որ ինքը համոզված է եղել, թե Ռուբին 18 տարեկանից մեծ է: Նախկին վարչապետը նաև հերքել է իբր գողության համար ոստիկանություն տարված Ռուբիին ազատելու համար պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքը. «Ես երբեք որևէ ճնշում չեմ գործադրել Միլանի ոստիկանության վրա»,-ասել է նա և հավելել, որ Ռուբիին օգնել է « դիվանագիտական տհաճ հետևանքներից խույս տալու» նպատակով, քանի որ Ռուբին իրեն ասել է, թե ինքը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ընտանիքի անդամներից է:

\"\"

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն «ԱրմենՏել»-ին տուգանեց 30 մլն դրամով’
Հաջորդ հոդվածը‘«Սիվիլիթասը» 3 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանը’