‘Բեռնար Շալանդը նշանակվել է Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ‘

1415

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը (Bernar Challandes): Այս մասին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` նա նշել է, որ Շալանդի հետ բանակցություններն ավարտվել են փետրվարի 28-ին, և վաղը նա կժամանի Հայաստան:

Հայրապետյանի խոսքով` Շալանդը փորձառու մարզիչ է, և նրա հետ պայմանագիրը կնքվել է մինչև Եվրո-2016-ի ընտրական փուլի ավարտը, և հավաքականի եզրափակիչ փուլ դուրս գալու դեպքում, պայմանագիրը կերկարաձգվի:

ՀՖՖ-ի նախագահը հավելել է, որ շվերցարացի մասնագետը լավ է ուսումնասիրել Հայաստանի ազգային հավաքականը և մտադիր է կազմել ֆուտբոլի հավաքականների զարգացման 10-ամյա ծրագիր:

Շալանդը 2001-2007 թվականներին մարզել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը` այն հասցնելով եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Նրա գլխավորությամբ շվեյցարական «Ցյուրիխ» ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Թիմը 2009թ. դարձել է այդ երկրի չեմպիոն, իսկ «Սյոն» ակումբը Շալանդի գլխավորությամբ դարձել է Շվեյցարիայի գավաթակիր:

ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴ

Ծնվել է 1951 թ. հուլիսի 26-ին: Ամուսնացած է, ունի 4 երեխա: 

Տիրապետում է ֆրանսերեն (մայրենի լեզու), գերմաներեն և անգլերեն լեզուներին:

Խաղային կարիերան

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լե լոկլ», «Բուդրի», «Սուպերգա» ակումբներում: Վերջին ակումբը եղել է UGS-ը, որտեղ ավարտել է կարիերան լուրջ վնասվածքի պատճառով:

Մարզչական կարիերան

Խաղացողմարզիչ

1978-1982 թթ. «Սենտ-Իմյեր» թիմում, որի հետ 2 անգամ ճանաչվել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող:

Գլխավոր մարզիչ

1982-1985 թթ. – «Լե լոկլ» — դարձել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող և բարձրացել երկրորդ դիվիզիոն:

1985-1987 թթ. աշխատել է Շվեյցարիայի առաջին դիվիզիոնի «Լե շո դե ֆոնդ» ակումբում, որի հետ դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ:

1987-1993 թթ. աշխատել է «Իվերդոն» ակումբում: Այդ ընթացքում 3 անգամ դարձել է Շվեյցարիայի 2-րդ դիվիզիոնի հաղթող, բարձրացել առաջին դիվիզիոն, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի ¼ եզրափակիչ:

1993-1994 թթ. աշխատել է «Յանգ բոյզ» ակումբում, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ:

1994-1995 թթ. աշխատել է «Սերվեթ» ակումբում:

1995-1996 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականը:

1996-1998 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 18 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական:

1998-2000 թ. գլխավորել է Շվեյցարիա մինչև 18, 19 և 20 տարեկանների հավաքականները:

2001-2006 թ.. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 21 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի բոլոր տարիքային հավաքականների (15-21) համակարգողը:

2002 թ. Եվրոպայի Մ-21 առաջնությունում Շվեյցարիայի Մ-21 հավաքականը զբաղեցրել է երրորդ, 2004 թ.՝ վեցերորդ հորիզոնականը:

Եվրոպայի 2004 և Աշխարհի 2006 թթ. առաջնություններում եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

2007-2010 թթ. գլխավորել է «Ցյուրիխ» ակումբը:

2008-2009 թթ. «Ցյուրիխը» նրա գլխավորությամբ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն, 2009-2010 թթ. մրցաշրջանում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, որտեղ հյուրընկալվելիս հաղթել է «Միլանին»:

2009 թ. ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն մարզիչ:

2010-2011 թթ. գլխավորել է «Սիոն» ակումբը, որի հետ նվաճել է Շվեյցարիայի գավաթը:

2011-2012 թթ. գլխավորել է «Թուն» ակումբը:

2013 թ. գլխավորել է «Յանգ բոյզ» ակումբը:

 

Մարզչական որակավորումը

ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ կարգ, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրահանգիչ

Վերապատրաստվել է այնպիսի մարզիչների մոտ, ինչպիսիք են Ժերար Ուլիեն (ՊՍԺ), Ջովանի Տրապատոնի (Ինտեր), Զդենեկ Զեմանը (Լացիո), Բոբի Ռոբսոնը (Պորտո), Կառլոս Բյանկին (Վելես Սարսֆիլդ), Լուի Վան Գաալը (Այաքս), Ալբերտո Ձակերոնի (Ուդինեզե),Կառլո Անչելոտին (ՊՍԺ):

Որպես Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզիչ-դիտորդ ներկա է գտնվել Աշխարհի 1982, 1986, 1990, 1998, 2006 և Եվրոպայի 1988, 1992, 2004 և 2008 թթ առաջնություններին, Աֆրիկայի ազգերի գավաթի 1996 թ. խաղարկություններին:

Մարզել է այնպիսի հայտնի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Շաքիրին, Ինլերը, Լիխշտայները:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի դեմ խաղում հավաքականը կգլխավորի Վարդան Մինասյանը’