‘Բլթցնում ես դու` «տուժում է» շեֆդ’

3761

Հովիկ Աբրահամյանի`  երեկ արած սենսացիոն հայտարարությունը կարծես լրահոսում աննկատ է մնացել, այնինչ՝ այն արդեն պետք է տեղ զբաղեցրած լիներ բոլոր ԶԼՄ-ների առաջին էջերում, որովհետեւ Աբրահամյանը գրեթե սենսացիոն բնույթի ինֆորմացիոն արտահոսք է արել, քաղաքական բացթողում, իրենց համար հասկանալի բառապաշարով  ասած՝ «պրոմըխ», որի տակից իշխանությունները, հայտնի չէ՝ ինչպես են դուրս գալու:

Եւ այսպես, լրագրողների հետ զրույցում խոսելով այն մասին, թե ինչո՞ւ է նորից հետաձգվել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետը, երբ մինչ այդ ինքն ասում էր, թե հուլիսի 3-ին ամեն ինչ պարզ կդառնա, Աբրահամյանը բառացիորեն հայտարարել է. «Պայմանավորվածություն եղել էր, հուլիսի 3-ին պետք է հանդիպեին նախագահները, բայց հանդիպումը չի լինելու»: 

Նախ` փորձենք հասկանալ՝ ինչ է ասել Աբրահամյանը: Բանն այն է, որ նա, ըստ էության, բացահայտել է, որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման պայմանավորվածություն է եղել, որը տապալվել է: Այս հանդիպման մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի եղել: Ընդհանրապես, հաշվի առնելով Սարգսյանի միջազգային խիստ ցածր հեղինակությունը` իշխանությունները վերջինիս հանդիպման մասին տեղեկատվությունները հաղորդում են հիմնականում վերջին օրով, երբ արդեն այդ հանդիպումները հետաձգելու որեւէ տարբերակ չկա: Չի բացառվում, որ շատ հանդիպումների շուրջ են եղել շատ պայմանավորվածություններ, որոնք հետագայում կա՛մ չեղյալ են հայտարարվել, կամ փոխվել են: Այս դեպքում էլ, հաշվի առնելով Սարգսյանի «հեղինակությունը»՝ իշխանությունները թերեւս հանդիպման մասին տեղեկատվություն չեն տվել՝ սպասելով, որ այն վերջանականապես հաստատվի: Բայց այն, փաստորեն, չի հաստատվել, ու Սարգսյան-Պուտին հանդիպումը չի կայացել: Ու հասարակությունը չէր էլ իմանա այդ մասին, եթե չլիներ Հովիկ Աբրահամյանի «բլթոցը»:

Հիշո՞ւմ եք՝ Աբրահամյանը ժամանակին (երբ դեռ նոր էր դարձել ԱԺ նախագահ) հայտարարում էր, թե քաղաքականությամբ զբաղվելու համար առանձնապես մեծ խելք ունենալ պետք չէ: Եւ ահա, վերջինս իր իսկ օրինակով փորձում է ապացուցել իր «իրավացիությունը»: Ըստ երեւույթին՝ Աբրահամյանը նաեւ դեռ գտնվում է վարչապետ նշանակվելու էյֆորիայի տակ, եւ այդ էյֆորիայի համատեքստում էլ ոգեւերված «բլթոցներ» է անում:

Հիմա դառնանք Սարգսյանին եւ նրա չկայացած հանդիպմանը: Այն, որ Սարգսյանի միջազգային հեղինակությունը զրոյից էլ ցածր է, արդեն հայտնի փաստ է, եւ հավելյալ ապացույցների կարիք, կարծես, չպետք է լիներ: Բայց այդ ապացույցները ամեն օր ավելի ու ավելի են ի հայտ գալիս՝ ցույց տալով, որ Սարգսյանին այսօր միջազգային ասպարեզում արհամարհում են բոլորը: Անխտի՛ր՝ բոլորը: Ոչ մեկը նրա հետ չի ցանկանում հանդիպել, ոչ մեկը նրան ոչ մի միությունում իրականում չի ցանկանում ընդգրկել, նրան ոչ մի տեղ չեն ցանկանում տեսնել: Անկախ նրա «գործադրած քծնողական բոլոր ջանքերից»: Եւ սա լավագույնս ապացուցում է Աբրահամյանի հայտարարության շարունակությունը, երբ նա հանդիպման մասին խոսելուց անմիջապես հետո հայտարարում է, թե «պատճառները դեռ հայտնի չեն, բայց որևէ խնդիր չունենք, մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք», եւ ապա հավելում է, թե մինչև տարվա վերջ այդ խնդիրը լուծում կստանա։ Այսինքն, Սարգսյանին վերջին պահին ոչ միայն հերթական անգամ արհամարհել են՝ չեղյալ համարելով պայմանավորված հանդիպումը, այլեւ՝ նա նույնիսկ չգիտի էլ, թե հանդիպումը, ըստ էության, երբ կկայանա: Այս ամի՞ս, մյո՞ւս ամիս, աշնա՞նը, ձմռա՞նը: Այդ պատճառով էլ հիմա նոր ժամկետ են նշում՝ մինչեւ տարեվերջ, եւ հույս ունեն այդ ընթացքում «հաջողացնել» Սարգսյան-Պուտին հանդիպումը:

Հ.Գ. Իսկ քաղաքականությամբ, եւ ոչ միայն քաղաքականությամբ, ցանկացա՛ծ գործով զբաղվելու համար էլ խելք պետք է: Առնվազն՝ գոնե «չբլթեցնելու» համար:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘Ժառանգությունը դատապարտում է ‘