‘ԲՀԿ համագումար. Ո՞րն է ասելիքը’

1229

Պաշտոնապես ազդարարվեց, որ փետրվարի 15-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Կուսակցության ներկայացուցիչները ասում են, որ սա հերթական համագումարն է, քննարկվելու են բացառապես ներկուսակցական և կազմակերպչական հարցեր: Մյուս կողմից, ԲՀԿ-ում որոշակի ազդեցություն ունեցող գործիչները հավաստիացնում են, որ հենց այդ համագումարում կլինի Գ. Ծառուկյանի ծրագրային ելույթը, որտեղ էլ կտրվեն կուտակված հարցերի պատասխանները: Ի դեպ, այդ մասին ասաց նաև անձամբ Ծառուկյանը` Ազգային ժողովում:
Առնվազն մեկ հարցում ԲՀԿ-ականները ազնիվ են. կան կուտակված բազմաթիվ հարցեր, որոնք պատասխանի են սպասում: Տվյալ դեպքում` պատասխան նշանակում է կուսակցության դիրքորոշումների առավելագույն հստակեցում: Կա՛մ դրանք էապես տարբերվում են իշխանության դիրքորոշումներից, իսկ այդ դեպքում ԲՀԿ-ն պարտավոր է դա հրապարակավ հայտարարել, ամրագրել ու որևէ երկիմաստության տեղ չթողնել, կա՛մ ԲՀԿ-ն չի կարողանալու լուծել այդ խնդիրը, իսկ այդ դեպքում առավելությունը կանցնի իշխանության կողմը:
Ի դեպ, իշխանությունները, պարբերաբար արձագանքելով ԲՀԿ-ական տարբեր պատգամավորների, գործիչների հայտարարություններին, ասում են, թե դա մասնավոր կարծիք է, և քանի դեռ այդ տեսակետը չի ձևակերպել Գագիկ Ծառուկյանը, ուրեմն այն չունի քաղաքական բանաձևի ուժ:
Հասկանալի է, որ սա էժան հնարք է: Մյուս կողմից Գ. Ծառուկյանը փետրվարի 15-ին ստանում է փայլուն հնարավորություն՝ անձամբ ձևակերպելու իր ղեկավարած քաղաքական ուժի բանաձևերը:
Հաջորդ խնդիրն այն է, թե որ լսարանի համար է լինելու Գագիկ Ծառուկյանի ելույթը: Իհարկե, Ծառուկյանն ասելիք ունի իր թիմին: Քանի որ, այնպիսի ժամանակահատվածում, երբ չկան ընտրություններ, յուրաքանչյուր թիմ կարիք ունի աշխատանքային վիճակում պահվելու: Սա ունի մեկ լուծում` թիմերը և կառույցները պետք է հստակ պատկերացնեն, թե ինչի համար են պայքարում և որն է լինելու այդ պայքարի ավարտը:
Հաջորդ թիրախը հասարակության լայն շերտերն են: Հասարակությունը գտնվում է գերլարված վիճակում, հետևաբար նրա սպասելիքները մեծ են: Կա՛մ քաղաքական ուժը կլինի համահունչ այդ լարվածությանը և կունենա զգալի դերակատարում առաջիկա պրոցեսներում, կա՛մ կկորցնի իր դիրքերը:
Ծառուկյանի երրորդ թիրախը քաղաքական ուժերն են: Մենք բոլորս շատ լավ պատկերացնում ենք քաղաքական դաշտի քարտեզը` ով ով է, ով ինչ վստահելիության և ինչ սկզբունքայնության պաշար ունի: Սրան զուգահեռ` կա օբյեկտիվ իրականություն. քաղաքական դաշտում նշմարվում է համատեղ աշխատելու, միասնական քայլերի պատրաստակամություն: Բոլորն էլ հասկանում են, որ առանձին-առանձին գործելու դեպքում շատ դժվար է լինելու իրավիճակը փոխել: Գուցե դա հետևանքն է իսկապես երկրում տիրող ծանր վիճակի, ու կուսակցական գործիչները սկսել են հասկանալ, որ անհատական ամբիցիաները այլևս մի կողմ դնելու ժամանակն է: Պետությունը, իրոք, կանգնած է անդառնալի կորուստների սահմանին: Կգտնի, արդյոք, Գ. Ծառուկյանը իր գործընկերներին համախմբման դաշտ բերելու բանալին` ցույց կտա ժամանակը:
Այսպես, թե այնպես կյանքը փետրվարի15-ով չի ավարտվում: Բայց չի բացառվում նաև, որ փետրվարի 15 -ին նոր փուլի սկիզբը հայտարարի: 

Կարեն Հարությունյան  

Zham.am 

Նախորդ հոդվածը‘Սկանդալ Օպերայում. «Անուշ»-ի անձնակազմը բեմ դուրս չի եկել՝ կենսաթոշակային պահումների պատճառով. NEWS’
Հաջորդ հոդվածը‘Յուժնո-Սախալինսկի եկեղեցում կրակ բացած անձը խոստովանական ցուցմունքներ է տվել’