‘ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» կողմ են Կոնգրեսի նախագծին’

1152

ԱԺ-ում քննարկվում է մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Խմբակցությունների անունից ելույթ ունեցան Կոնգրեսի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», ինչպես նաեւ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու Կոնգրեսի այս նախագծին: ՀՅԴ անունից ելույթ ունեցող Արծվիկ Մինասյանը եւս նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու: ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ պետք չէ վախենալ քաղաքական ձեւակերպումներից, եւ որ այս հարցը ե՛ւ քաղաքական է, ե՛ւ իրավական է, ե՛ւ սոցիալական, ե՛ւ առաջին հերթին նաեւ բարոյական է: «Մենք պիտի ընդառաջենք մեր գործընկերների առաջարկությանը եւ հնարավորություն տանք՝ բաց քննարկել բոլոր հարցերը: Կա շանս օգտագործել ԱԺ կարեւոր գործիքներից մեկը, ի՞նչն է մեզ կաշկանդում: ԲՀԿ-ն բաց է քննարկելու այդ հանձնաժողովում ցանկացած հարց, մենք որեւէ խնդրից կաշկանդված չենք, այդ թվում պաշտպանում եմ առաջարկը, որ հանձնաժողովի աշխատանքները լինեն բաց, թող բոլոր հարցերը հնչեն եւ մենք փորձենք ստանալ բոլոր պատասխանները»,- նշեց Զոհրաբյանը:  Նա հավելեց, որ դեմագոգիա են բոլոր այն հայտարարությունները, թե պետք չէ ստեղծել նոր հանձնաժողով ու նորից աղ լցնել զոհերի հարազատների վերքերին: «Մարդիկ ուզում են ստանալ հստակ պատասխան՝ ո՞վ է կրակել իր ամուսնուն, իր որդուն, մնացածը դեմագոգիա է, որը ինձ մոտ սովորական նողկանք է առաջացրել: ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու»,- նշեց նա:

ՕԵԿ-ը, բնականաբար, դեմ է քվերակելու: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե իրենց դիրքորոշումը քվեարկությունից առաջ կներկայացնեն: 

Նախորդ հոդվածը‘Արեն Մանուկյան. Մնում է միայն մի ընտրություն` կա՛մ մնալ իներտ ու լինել իշխանության հետ, կա՛մ դուրս գալ փողոց’
Հաջորդ հոդվածը‘ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մոտալուտ սնանկացման մասին լուրերը ընկերությունը հերքել է’