‘Բնապահպանության նախարարի փեսայի շինարարությունը «նստացրել» է «Հանարդնախագիծ»-ի շենքի հիմքե՞րը’

1233

iLur.am-ը իր ընթերցողներից ստացել է մի ուշագրավ նամակ, որում նշվում է, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի քրոջ ամուսինը լայնածավալ շինարարություն է սկսել կապի և տրանսպորտի նախարարության շենքի անմիջական հարևանությամբ գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանում սկսել են ակտիվանալ փեսաները և նույնիսկ թելադրողի դերում հանդես գալ: Օրինակները շատ են: Հիմա էլ թատերաբեմում հայտնվել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի փեսան` Արշակը: Նախարարի քրոջ ամուսինը գնալով իրեն օրենքից դուրս է զգում և այժմ աներորդու` նույն ինքը` բնապահպանության նախարարի հետ լայնածավալ շինարարություն է սկսել կապի և տրանսպորտի նախարարության շենքի անմիջական հարևանությամբ գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում, իսկ ավելի ճիշտ՝ նկուղում: Հակառակ շենքում գտնվող ընկերությունների, այդ թվում և «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի՝ նկուղի հսկայածավալ տարածքում թեժ շինարարական աշխատանքներ են ընթանում: Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ արդեն իսկ վնասվել են շենքի հիմքերը: Ինչպես ասում են` շենքը նստում է: Չնայած այս ամենին՝ Արշակը և ՀՀ բնապահպանության նախարարը շարունակում են շինաշխատանքները և մտադիր են զվարճանքի համալիրը հասցնել ավարտին: Չմոռանանք, որ տարիներ առաջ նույն Արամ Հարությունյանը, խախտելով քաղաքաշինության նորմերը, հաջողացրեց մեկ հարկ բարձրացնել շենքը:

Հետաքրքիր է, որ ըստ ամենայնի՝ այս ամենը Սերժ Սարգսյանի աչքին սիրուն է երևում: Ի դեպ, Արշակը այս ու այնտեղ սիրում է կրկնել, որ առանց իրեն՝ ՀՀԿ-ն և նույն Սերժ Սարգսյանը Եղվարդի կողմերում անելիք չունեն, և որ իր և աներորդու դիրքերն այնքան ամուր են, որ տարբեր ծրագրեր էլ պետք է իրականացնի: Արշակը վստահ է, որ հանուն ընտրությունների՝ Սերժ Սարգսյանը աչք կփակի այս ամենի վրա:

Լռում է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի քթի տակ զվարճանքի կենտրոն են կառուցում: Իրականում զվարճանքի կենտրոնը, ինչպես վկայում են հենց շինարարները, լինելու է սովորական հասարակաց տուն, իհարկե՝ սաունայով և մնացած ամեն ինչով: Ի դեպ, Արամ Հարությունյանն էլ սիրում է կրկնել, որ ով էլ լինի նախագահ, ինքը շինարարությունն ավարտելու է, քանի որ շենքը պատկանում է իրեն: Հիշեցնենք, որ մի ժամանակ նույն Արամ Հարությունյանը զբաղեցրել է քաղաքաշինության նախարարի պաշտոնը, և ասում են, որ այնտեղ դեռ լավ կապեր ունի»:

iLur.am-ը նամակի վերաբերյալ հարցում է ուղարկել նաեւ քաղաքապետարան, որը ստանալուն պես կհրապարակենք:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը կընդունի Սիրիայի ընդդիմության պատվիրակությանը’
Հաջորդ հոդվածը‘Հերթական ահաբեկչությունը Դամասկոսում՝ 16 մարդ զոհվել է’