‘Բոզոյան. Սարգսյանի պատասխանից պարզ է, թե որն է օլիգարխիկ համակարգի պահպանման պատճառը ‘

1329

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ցավալի է համարում այն փաստը, որ Հայաստանի նախագահի պաշտոնն զբաղեցնող մարդու պատկերացումները երկրի տնտեսության մասին տեղավորվում են «բա ուզում ես էս փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրի՞» արտահայտության մեջ:

Հիշեցնենք, որ Չեխիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ հենց այդպես էր պատասխանել Սերժ Սարգսյանը իրեն ուղղված հարցին, թե ինչու է միայն մեկ մարդ շաքարավազ ներկրում Հայաստան: 

«Հասկանալի է, որ ներկրող ընկերությունների քանակը չի կարող որեւէ կապ ունենալ երկրի չափսերի հետ: Ըստ էության՝ կամ երկրում մրցակցային միջավայր կա, կամ չկա», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Բոզոյանը:

Նրա խոսքով՝ եթե երկրում հաստատվեն մրցակցային խաղի կանոններ, ապա ներկա օլիգարխները կդառնան ընդամենը խոշոր բիզնեսմեններ եւ կսկսեն իրավամբ օգուտ տալ երկրի տնտեսությանն ու հասարակությանը: Եւ հակառակը՝ եթե մրցակցային պայմաններ չկան, ապա հայտնվում են օլիգարխներ, որոնք այս կամ այն ապրանքը մոնոպոլ կարգով ներկրելու թույլտվություն են ստանում՝ փոխարենը ծառայելով քաղաքական իշխանությանը:

«Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի այդ պատասխանից հետո, այն «անկախ» լրատվամիջոցները, որոնք անընդհատ խոսում են օլիգարխներից եկող վտանգների մասին, կհասկանան վերջապես, թե ինչու է Հայաստանում այսօր այս տնտեսական համակարգը պահպանվում», — նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով, մրցակցային դաշտի առավելությունները փաստարկող ամենալավ օրինակը «Արմենթելի դեպքն» էր:

«Եկեք հիշենք, թե «Արեմնթել»-ի մոնոպոլիայի պայմաններում մարդիկ ինչ սակագներով եւ ինչ որակի բջջային ծառայություն էին ստանում, եւ ինչ փոխվեց, երբ մոնոպոլիայի վերացումից հետո շուկա մտան մյուս երկու բջջային օպերատորները: Այստեղ մեղադրել «Արմենթել»-ին անիմաստ է: Այդ ընկերությունն ընդամենը օգտվում էր իրեն ընձեռված մենաշնորհից, իսկ այսօր նրա հետնորդը բավական հաջող գործում է հավասար մրցակցային դաշտում», — ասաց Բոզոյանը:
Ըստ քաղաքագետի՝ նույն կերպ էլ այսօրվա օլիգարխները մրցակցային պայմաններում կվերածվեն օրինապաշտ գործարարների եւ իրական օգուտ կտան երկրին, ինչպես որ «Վիվասելը», «Օրանժը» կամ «Բիլայնն» են տալիս՝ մրցակցության թելադրանքով անընդհատ բարելավելով ծառայությունների որակը եւ նվազեցնելով սակագները:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն լուծեց «Էլչեի» հարցերը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Կրկին շնորհակալ եմ աջակցության և սիրո համար» (oրվա լուսանկարը)’