‘Բրազիլիայի նախագահը հետաձգել է պետական այցը ԱՄՆ’

866

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը լրտեսական սկանդալի և ամերիկյան հատուկ ծառայություններին ուղղված մեղադրանքների պատճառով հետաձգել է ԱՄՆ կատարելիք պետական այցը:

Էդուարդ Սնոուդենի՝ լրագրողներին փոխանցված փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հետևել է անձամբ Ռուսեֆի, նրա օգնականների և պետական նավթային Petrobras ընկերության աշխատակիցների նամակագրությանը: Նախագահ Օբաման խոստացել է այդ գործով հետաքննություն անցկացնել: Ինչպես հաղորդել են Սպիտակ տանը՝ երկուշաբթի նա զանգահարել է Բրազիլիայի նախագահին՝ այդ հարցը քննարկելու համար:

Բրազիլիայի նախագահի պետական այցը պետք է կայանար հոկտեմբերի 23-ին: Դա կլիներ նման մակարդակի առաջին այցը՝ 1995 թ. ի վեր:

BBC-ի Ռիո դե Ժանեյրոյի թղթակիցը նշում է, որ Ռուսեֆը հեշտ չի կայացրել այցից հրաժարվելու որոշումը: Դիլմա Ռուսեֆը մեծ հարգանք է վայելում Վաշինգտոնում և պետք է լիներ պետության միակ ղեկավարը, որն այս տարի արժանացել էր պետական այցի: Ըստ լրագրողի՝ այցից հրաժարվելը դիվանագիտական շրջանակներում կարող է դիտվել որպես վիրավորանք: Միևնույն ժամանակ՝ ԱԱԳ-ի հասցեին հնչեցված մեղադրանքներն արհամարհելը կարող էր լրջորեն վտանգել հաջորդ տարի երկրի նախագահի պաշտոնում Դիլմա Ռուսեֆի վերընտրվելու հնարավորությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանից արտաքսում են մոլդովացի միգրանտներին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի երիտասարդների դատ. Ուղիղ’