‘Բրիտանական խորհրդարանում դատապարտել են Ուկրաինայի հարցում ԵՄ միջամտությունը ‘

1053

Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի ԵՄ գործերով կոմիտեն հայտարարել է, որ ԵՄ եւ Մեծ Բրիտանիան սխալ են գնահատել տրամադրությունները ուկրաինական հանրության շրջանում ճգնաժամի նախօրեին: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության խորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «ԵՄ-ը, անուղղակիորեն նաեւ՝ Մեծ Բրիտանիան, մեղավոր են այն բանում, որ միջամտել են այդ ճգնաժամին՝ գործելով լուսնոտների պես»: Կոմիտեի կարծիքով՝ ԵՄ անդամ պետությունները «կորցրել են քաղաքական վերահսկողությունը» Ուկրաինայի եւ ԵՄ ասոցացման շուրջ բանակցությունների գործընթացի վրա:

Ուկրաինական ղեկավարության ձգտումների վերաբերյալ Ռուսաստանի սխալ գնահատականի հետ համատեղ սա հանգեցրեց ճգնաժամի, ինչը չէին ցանկանում ոչ Բրյուսելում, ոչ Մոսկվայում: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, սխալներին հանգեցրեց Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ արտաքին քաղաքականության կառույցներում փորձառու վերլուծաբանների պակասը:
Փաստաթղթում նաեւ ասվում է, որ ԵՄ-ից մեծ քանակությամբ օգնություն պետք կգա Ուկրաինային, բայց այն ստանալու համար Կիեւը բարեփոխումներ պետք է անցկացնի եւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար պետք է սկսի: Ինչպես նշում է կոմիտեն, թեեւ Բրիտանիան բացասաբար է վերաբերում Ղրիմի միավորմանը Ռուսաստանին եւ ողջունում է սանկցիաների ներմուծումը Մոսկվայի դեմ, ԵՄ եւ Ռուսաստանին անհրաժեշտ է համագործակցել քաղաքական եւ տնտեսական հարցերի շուրջ, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Բրյուսելը նկատի ունենա Մոսկվայի օրինական շահերը:

ԱՄՆ եւ Եվրամիության երկրները, այդ թվում Մեծ Բրիտանիան, տնտեսական պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ 2014թ. մարտին՝ Ղրիմի թերակղզու միավորումից հետո: Դրանք առնչվեցին մի շարք ընկերությունների, հիմնականում՝ պաշտպանության, ֆինանսական եւ էներգետիկ ոլորտներում գործող: Բացի այդ, կիրառվեցին անհատական պատժամիջոցներ առանձին ռուս քաղաքացիների նկատմամբ: Դրանից հետո, սահմանափակումների ցուցակը մի քանի անգամ մեծացել է, պատժամիջոցների վերջին փաթեթը ներմուծվել է 2015թ. փետրվարի 16-ին:   

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնի նոր մրցույթին կմասնակցի 14 հոգի’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում 70 տարվա մեջ առաջին անգամ կվերահրատարակեն «Մայն Քամփֆը»’