‘Բրիտանական խորհրդարանում հարբեցողների թիվն աճում է’

824

Բրիտանական խորհրդարանում չափազանց շատ են ալկոհոլ օգտագործում:  Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմնի պատգամավորների ավելի քան մեկ քառորդը խոստովանել է դա Alcohol Concern հակաալկոհոլային հասարակական կազմակերպության  հարցման ժամանակ: Պատգամավորների 26 %-ն այն կարծիքի է, որ խորհրդարանում չափազանց շատ են խմում: Ընդ որում՝ հարբեցողության դեմ ավելի շատ արտահայտվել են  կին պատգամավորները:  

Alcohol Concern-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ գործընկերների վատ սովորությունից դժգոհողների թիվն այնքան էլ մեծ չէ, որքան կարելի էր սպասել: Նրանք նաև կոչ են արել արգելել ոգելից խմիչքի վաճառքը խորհրդարանի մերձակա տարածքներում: Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ Համայնքների պալատի ինը բարերում 2010 թ. պատգամավորները գրեթե 1,33 միլիոն ֆունտի ոգելից խմիչք են գնել: Մարտ ամսին Համայնքների պալատի շոտլանդացի պատգամավոր Էրիկ Ջոյսին դատարանն արգելել էր խմիչք գնել խորհրդարանի բարերից, իսկ գործընկերները նրան առաջարկել էին հրաժարական տալ: Դրանից առաջ Ջոյսին ձերբակալել էին խորհրդարանի բարում երեկույթի ժամանակ հարբած ծեծկռտուք կազմակերպելու համար, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. Մխիթարյանը չի հեռանա «Շախտյորից»’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Դամասկոսին կոչ է անում թույլ տալ զբաղվել քիմիական զենքի կիրառման հետաքննությամբ’