Բրիտանացի պատգամավոր Դևիդ Էմեսի սպանությունը

647

Բրիտանիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ խորհրդարանի պատգամավոր սըր Դևիդ Էմեսի սպանության մեջ կասկածվող անձը՝ 25-ամյա Ալի Հարբի Ալին, ձերբակալվել է Լոնդոնում, ահաբեկության մասին օրենքին համապատասխան։

Հաղորդվում է, որ ձերբակալվածը սոմալիական ծագմամբ Բրիտանիայի քաղաքացի է, որն ավելի վաղ հայտնի է եղել ոստիկանությանը։ Նա Սոմալիի նախկին բարձրաստիճան մի պաշտոնյայի որդին է։ Բրիտանական մամուլի տվյալներով՝ ոստիկանությունը չի բացառում, որ նա ծայրահեղական է դարձել համակարգչի միջոցով, լոքդաունի ընթացքում։

69-ամյա խորհրդարանականը՝ իշխող Պահպանողական կուսակցությունից, ուրբաթ օրը մահացել է դանակի բազմաթիվ վերքերից։ Չարագործը նրա վրա  դանակով հարձակվել է Լոնդոնից արևելք գտնվող Էսեքս կոմսության Լի օն Սի քաղաքում ընտրական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Էմեսը վետերան-պատգամավոր էր, նա պարբերաբար ընտրվել է խորհրդարանում 1983 թվականից։

Ալիի գործով զբաղվումէ Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական բաժանմունքը։ Ըստ ոստիկանության՝ հետաքննության վաղ շրջանում հայտնաբերվել է սպանության «հավանական դրդապատճառը, որը կապված է իսլամիստական ծայրահեղականության հետ»։

The Sun-ի տվյալներով՝ կասկածյալը, հնարավոր է, որոշել է գործել «Ալ Շաբաբ» և «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունների օրինակով, որոնց ստորաբաժանումները գործում են նաև Սոմալիում և Քենիայում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍեւակ Արամազդ․ Ճերմակ գառը
Հաջորդ հոդվածըՌուսաստանը չորս օր անընդմեջ թարմացնում է կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդը