‘Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներին. Տեսանյութ’

1595

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Քննարկման առանցքում եղել է միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցը:

Կարևորելով հանդիպումը՝ ՀՅԴ ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք հաղթահարելու համար ներքին միասնականություն է անհրաժեշտ: 
Բարձր գնահատելով ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ քաղաքական-հասարակական լայն համախմբման շնորհիվ է միայն հնարավոր երկիրը դուրս բերել ստեղծված տագնապալի վիճակից: 
«Միասնության անհրաժեշտությունն այսօր առավել քան մեծ է, դրան սպասում է նաև հանրությունը: Մեր համագործակցությունը պետք է հենված լինի փոխադարձ հարգանքի ու վստահության վրա»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը:

«Տեղեկացնենք նաև, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսված ինչպես այլ քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մյուս շաբաթ այս նույն սրահում ուրախ կլինենք հյուրընկալել նաև Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերներին, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչներին, որոնց հետ, առավել քան համոզված եմ, որ ծավալվելու է կառուցողական քննարկում»,-իր խոսքում նշեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: 

Հանդիպման ավարտին կողմերը վստահեցրեցին, որ հաջողությամբ սկիզբ դրված համագործակցությունն այսուհետ առավել առարկայական բնույթ է ստանալու:

Մանրամասներն` այստեղ

Նախորդ հոդվածը‘«ՌԴ գործողությունները Ղրիմում սպառնում են միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’