‘Գագիկ Ջհանգիրյան. Կառավարության կառուցվածքը ոտնահարում է պատգամավորների իրավունքը. Տեսանյութ ‘

1156

Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ արդյոք կառավարությունը մտադիր չէ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ը եւ Պետեկամուտների կոմիտեն Կառավարությանն առընթեր մարմիններից վերածելու նախարարությունների:

«Գործող կառավարության ներկա կառուցվածքը,մեղմ ասած, խոչընդոտում է մարդու իրավունքների և ազատությունների հետ անմիջականորեն և մշտապես առնչվող այնպիսի մարմինների ղեկավարներին ԱԺ-ի նիստում հարցեր ուղղելու՝ պատգամավորների սահմանադրական իրավունքին, ինչպիսիք են  ոստիկանությունը, ԱԱԾ-ը, պետեկամուտների կոմիտեն: Թվարկված մարմիններն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր են: Այսինքն, ֆորմալ լինելով կառավարության կազմում, փաստացի կառավարության կազմից դուրս են՝ կառավարության հետ չեն նշանակվում և չեն ազատվում, չեն մասնակցում կառավարության որոշումների քվեարկությանը, պատասխանատվություն չեն կրում կառավարության գործունեության համար, նաև, ըստ էության, հաշվետու չեն ԱԺ-ին», — մասնավորապես, ասաց պարոն Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ այս մարմինների գործունեության վերաբերյալ ԱԺ-ի լիագումար նիստերում հնչող հարցերին պարտադրված պատասխանում է հարակից ոլորտի նախարարը:

«Բայց քանի որ արդարադատության նախարարությունը ոչ հետաքննություն, ոչ նախաքննություն իրականցնող մարմին չէ և ոչ էլ որևէ   առնչություն ունի հիշատակված առընթեր  մարմինների գործունեության հետ,   կամա թե ակամա այդ պատասխանները հնչում են վերացական  և անորոշ: Պարոն վարչապետ, չե՞ք պատրաստվում  համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ մտնել ԱԺ, այդ մարմինները վերակազմավորել որպես նախարարություններ, ինչով կվերացվեն ՀՀ Սահմանադրության հիշատակված խախտումները», — հարցադրեց պատգամավորը:

Չնայած որ Տիգրան Սարգսյանը ներկա էր նիստին՝ հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մասնավորապես նշելով, որ ակնկալվող սահմանադրական փոփոխությունների ընթացքում նաեւ այդ հարցը կարող է արծարծվել:

Նախորդ հոդվածը‘Ինչ էր Զուրաբյանը հարցնելու Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայից ստացված հատուկ ռեպորտաժի համար բրիտանական հեռուստաալիքին շնորհվել է Emmy մրցանակ’