‘Գաղջոլոգներն ընդդեմ տրամաբանության ‘

2190

Իշխանական գաղջոլոգների համար «գործ է կպել»: Ճիշտ է՝ ինչպես նման դեպքերում է լինում, իրենց համար գործը խիստ ծանր է, բայց մարդիկ գումար են ստանում, ոնց էլ լինի՝ պիտի մի ձեւով ստացված հոնորարներն արդարացնեն: Առաջին նախագահն է իր տեսակետը հայտնել, ու քանի որ իշխանությունները հասկանում են, որ նրա խոսքին սպասում ու հավատում են, հիմա փորձում են ինչ-որ կերպ «հակադարձել»: Բայց դե ինչի՞ն հակադարձեն: Տեր-Պետրոսյանը հանգամանալից ու պարզ բացատրել է, թե ինչի մասին են այսօր քաղաքական պրոցեսները Հայաստանում: Որն է Սերժի իրական նպատակը: Եւ տվել է բանալին, թե ոնց է պետք դրան հակազդել ու վիժեցնել: Ու իշխանական քարոզչամեքենան էլ, գողոնը ձեռքը բռնված գողի պես, սկզբում շփոթված լռություն էր պահում, հետո սկսվեց անհոդաբաշխ մեկնաբանությունների տարափը, որոնք միայն ժպիտ կարող են առաջացնել: Սկսվեց թեման լղոզելու ու այլ, արհեստական օրակարգ մեյդան բերելու՝ արդեն «ավանդական» թամաշան. մեկ՝ թե մեր պրոբլեմները ներսում չեն, այլ դրսում ՝ Տիզբոնում (էական չէ՝ Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն, կամ Անկարա), մեկ՝ թե  ընդդիմության պահանջները Սերժ Սարգսյանն այնքան կատարեց, որ երկիրը հասցրեց այս վիճակին (հլա մի ուշադրություն դարձրեք, թե հինգ բառի մեջ քանի սաստիկ գրոհ կա տրամաբանության դեմ), մյուսն էլ թե՝ ու էլի Մաքսային միություն մտնելու դեմ բան չի ասում, ու հենց այդ պատճառով էլ Հայաստանը հայտնվել է Մաքսայինի «ճիրաններում» :Մեկն էլ ընդհանրապես բոլորին «տվել անցել է». ասում է՝ էդ Տեր-Պետրոսյանի օրոք է Հայաստանը այս սահմաններով դարձել ՄԱԿ-ի անդամ, ու ստացվում է՝ Արցախն էն թվին արդեն հանձնել են:

Ու կարծես իշխանական քարոզչամեքենայի շրջանակներում ամենաանտրամաբանական վարկածների ու հոդվածների մրցույթ լինի հայտարարված, երբ մեկը մյուսից ջանում է խլել «տրամաբանության դեմ դուրս եկածը» «պատվավոր» կոչումը:

Սակայն մեծ հաշվով՝  թե՛ իշխանությունների եւ թե՛ նրանց քարոզչամեքենայի արձագանքը հենց այդպիսին էլ պիտի լիներ: Գողության պահին բռնված գողն ի՞նչ արձագանք պիտի տա: Հենց այնպիսի արձագանք, ինչպիսի արձագանք որ տալիս են իշխանություններն այսօր: Ընդ որում՝ նրանք չեն էլ ժխտում այն փաստը, որ իրենց, ըստ էության՝ բռնացրել են գողության պահին: Չեն ժխտում ամենեւին, պարզապես փորձում են ուշադրություն շեղել: Տարատեսակ թեմաներ (տրամաբանական, թե ոչ՝ էական չէ, ակտուալ, թե ոչ՝ նորից էական չէ, էական չէ, թե այդ թեման ինչի մասին է) պետք է դաշտ նետեն, որովհետեւ այլ բան անել չեն կարող:

Ինչ վերաբերում է քարոզչամեքենային, ապա այս դեպքում իրավիճակն ավելի «լուրջ եւ բարդ է»: Այս մարդիկ գումար են ստացել արձագանքելու համար, իրենք էլ՝ իրենց ուժերի եւ հնարավորությունների ներածին չափով փորձում են արձագանքել: Որակն ու բովանդակային կողմը կարեւոր չեն: Փաստորեն՝ նրանք սովորական մարդիկ չեն: Նրանց կարելի է կամիկաձեներ կոչել: Մտել են մի դաշտ, որտեղ ի սկզբանե բովանդակային որեւէ հակափաստարկ չեն կարող առաջ քաշել, բայց «կոտորում են» իրենց՝ անձնազոհաբար:

Հ.Գ. Քաղաքական ու հասարակական դաշտը ժամանակ առ ժամանակ ալեկոծում են լյուստրացիայի պահանջով: Էլ ինչի՞ն ենք սպասում: Հենց Տեր-Պետրոսյանը խոսում է, անմիջապես ինքնաբուխ լյուստրացիա է տեղի ունենում: Ինչքան Սերժսարգսյանամերձ էակ կա, միանգամից տեղում լյուստրացվում են: Մեկը՝ արեւմտամետի քողի, մեկը՝ ռուսամետի, մյուսը՝ քաղաքացիականի, երրորդը՝ անկախականի, մեկ ուրիշը՝ վերլուծաբանի կամ փորձագետ-հրապարակախոսի քողի տակ:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը կներկայացնի Աշոտյանը’
Հաջորդ հոդվածը‘Ալդու Ռեբելու. «Չի կարելի պատին դիպլոմ կախել և բոլորին ասել, որ մենք պատրաստ ենք» ‘