‘Գանայում տապալել են Մահաթմա Գանդիի արձանը՝ նրան մեղադրելով ռասիզմի մեջ’

2221

Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշարձանը հանվել է Գանայի մայրաքաղաք Ակռայի համալսարանի տարածքից:

Մահաթմա Գանդին 20-րդ դարի ամենապաշտելի քաղաքական գործիչներից է: Նա հռչակ ու հարգանք է ձեռք բերել, նախևառաջ,  որպես Հնդկաստանում դիմադրության շարժման գաղափարախոս բրիտանական գաղութարար տիրապետությանը և ոչ բռնի պայքարի փիլիսոփայության կողմնակից:

Գանդին երիտասարդ տարիներին ապրել և աշխատել է Հարավային Աֆրիկայում: Թեպետ նրա օրինակը ոգեշնչում էր մարդկանց ամբողջ աշխարհում, սակայն այդ աշխարհամասի սևամորթ բնակչության մասին նրա որոշ արտահայտություններ բավական վիճելի են:

Վաղ շրջանի իր գրքերում Գանդին սևամորթ հարավաֆրիկացիներին անվանում է  «քաֆրեր» (արաբերեն «քյաֆիր»՝ «անհավատ», ոչ մուսուլման բառից): Գանդին նաև հայտարարում էր, թե հնդիկներն անսահման առավելություններ ունեն սևամորթների նկատմամբ:

Գանայի համալսարանի դասախոսները Գանդիի հուշարձանը հանելու հարցով ստորագրահավաք էին սկսել այն տեղադրելուց անմիջապես հետո՝ 2016 թ., Հնդկաստանի նախագահ Պրանաբ Կումար Մուհերջիի կողմից դրա բացումից քիչ անց: Հանրագրի հեղինակները Գանդիին ռասիստ են անվանում և կոչ անում այդ պատվանդանի վրա տեղ բացել աֆրիկացի հերոսների համար:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Լավրովը զգում է «ԼՂ հարցով բանակցությունների նկատմամբ Ալիևի տրամադրվածությունը»’
Հաջորդ հոդվածը‘Ես ներողություն խնդրել եմ Փաշինյանից, բայց խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը․ Լուկաշենկո. ՀԺ’