‘Գավառցին փորձել է «փախցնել» աղջկան՝ սպառնալով սպանել նրան’

936

2012թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում Գավառ քաղաքի բնակչուհուց ստացվել է տագնապալից ահազանգ այն մասին, որ իրենց տուն ապօրինի մուտք գործած անձը փորձում է առևանգել իրեն: Ոստիկանները շտապել են դեպքի վայր: Իսկ հետագայում արդեն, կատարված նախաքննության արդյունքում, պարզվել են կատարվածի հանգամանքները:

Գավառ քաղաքի բնակիչ Ռազմիկ Սայադյանն, ըստ վերջինիս առաջադրված մեղադրանքի, իր համաքաղաքացուհի Արևիկ Հովեյանին ամուսնության նպատակով առևանգելու համար 2012թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 07:30-ի սահմաններում, գնացել է նրա բնակարան և Ա. Հովեյանից պահանջել դուրս գալ տնից՝ հայտարարելով, որ եկել է նրան իր հետ տանելու:

Սակայն լսելով Արևիկ Հովեյանի մերժումը, մտել է նրա բնակարանին կից անասնագոմ և այնտեղից վերցնելով մետաղյա խողովակ, բռնություն գործադրելու սպառնալիքով ասել, որ եթե  աղջիկն իր հետ ինքնակամ չգնա, ապա նրան, նրա կամքին հակառակ կտանի իր հետ, հակառակ դեպքում կսպանի նրան: Այնուհետև երկաթյա խողովակով կոտրել է բնակարանի խոհանոցի պատուհանի և մուտքի դռան ապակիները, ոտքով հարվածելով բացել է բնակարանի մուտքի դուռը և մտել նրանց բնակարանի միջանցք: Արևիկ Հովեյանն ու նրա մայրը պաշտպանվելու նպատակով մտել են բնակարանի հյուրասենյակ և փակել դուռը, որի ընթացքում էլ կատարվածի մասին ահազանգել են ոստիկանության Գավառի բաժին:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Ռ. Սայադյանն այդ ժամանակ հյուրասենյակի դռանը հարվածելով, փորձել է մուտք գործել բնակարանի հյուրասենյակ, որպեսզի Արևիկ Հովեյանին, սպանության սպառնալիքով ու նրա կամքին հակառակ, ամուսնության նպատակով բացահայտ առևանգի: Սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ Ա. Հովեյանի ահազանգի հիման վրա նրանց տուն են գնացել ոստիկանության աշխատակիցները, և բռնելով Ռ. Սայադյանին, բերման են ենթարկել ոստիկանության Գավառի բաժին:

Հիշյալ արարքի համար Ռազմիկ Սայադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 31-131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասով:

Աղբյուրը՝ «Փաստինֆո»

Նախորդ հոդվածը‘Հավատա՛նք, որ 100 քայլից ապահով Հայաստան կառուցելը հնարավոր է (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Իրանը հերքում է Եմեն և Սոմալի զենք առաքելու մեղադրանքները’