‘Գեղարքունիքում ձյան տեղումները մեծ վնասներ են հասցրել’

880

Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 7-ի գիշերը տեղացող անձրևը փոխվել է ձյան, որը մինչև 40-50 սանտիմետր հաստությամբ նստել է գետնին: Տեղացած ձյան տակ են հայտնվել կարտոֆիլի, կաղամբի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը, որոնք կազմում են մի քանի հազար հեկտար: Դրանց բերքը տնտեսությունները դեռ չեն հասցրել հավաքել: Ձյունը հաստ շերտով ծածկել է նաև լեռնային շատ բնակավայրերին մոտ արոտները` դժվարին վիճակ ստեղծելով անասունների տեղաշարժման համար, որոնց հոտերը դեռ արոտավայրերում են: Թաց ձյան ծանրությունից որոշ բնակավայրերում ջարդվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Արտակարգ իրավիճակ է ստեղծվել նաև ճանապարհային երթևեկության համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզային փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը, Սոթք-Քարվաճառ ճանապարհին, որտեղ ձյան շերտը հասել է մոտ 1 մետրի, խցանվել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ, որոնք դուրս բերելու համար գիշերը օգնություն են ցուցաբերել Գեղարքունիքի մարզի փրկարարները` ձյան կապանքներից դուրս հանելով 35 մեքենա: Փրկարարները մի քանի մեքենաներ ձյան կապանքներից ազատել են նաև Շորժա-Վարդենիս-Սևան ավտոճանապարհին: Տեղացած ձյան հետևանքով մեկ ավտոմեքենա վթարի է ենթարկվել Սևան քաղաքի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտ, իսկ մեկ ավտոմեքենա Ծովագյուղի տարածքում ընկել է Ձկնգետի հունի մեջ. կան վիրավորներ: Ձյան ծանրությունից Արծվանիստ գյուղում ջարդվել են պտղատու ծառեր, փլվել են Սամվել Հարությունյանին և Ֆրունզիկ Պողոսյանին պատկանող անասնագոմերի պատերը:

Հոկտեմբերի 7-ի կեսօրվա դրությամբ ձյան շերտը լեռնային բնակավայրերում և բարձրլեռնային հատվածներում դեռ պահպանվում է: Բերքի ցրտահարության կամ անասունների հնարավոր անկումների մասին առայժմ պատկան մարմիններն ահազանգ չեն ստացել:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Փակ շուկան՝ 60 տարի առաջ. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Հարցազրույց. Ալեքսիս Սանչես. Այժմ ես պատրաստ եմ պայթելու’