‘Գերմանիայի ԱԳ նախարարը հերքել է Սնոուդենին ապաստան տալու հնարավորությունը’

746

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հանս-Պետեր Ֆրիդրիխը կարծում է, որ Գերմանիան չպետք է ապաստան տրամադրի ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին, որովհետև նա չի հանդիսանում քաղաքական նկատառումներով հետապնդվող անձ: Այս մասին Ֆրիդրիխը հայտարարել է երեկ Muenchner Merkur թերթին տված հարցազրույցում:

Սնոուդենին Գերմանիայի կողմից ապաստան տրամադրելու հարցը կրկին բարձրացվեց բունդեստագի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրյոբելեի հետ նրա հանդիպումից հետո, որը կայացել է հոկտեմբերի 31-ին Մոսկվայում: Սնոուդենն այդ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ժամանել Գերմանիա և հանդիպել գլխավոր դատախազության ներկայացուցիչների կամ  Գերմանիայի տարածքում ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ, եթե երկրում գտնվելու ընթացքում անվտանգության երաշխիքներ տրվեն իրեն: Այժմ ԱՄՆ-ի պահանջով Սնոուդենին սպառնում է ձերբակալում ԳԴՀ-ում և արտահանձնում ամերիկյան իշխանություններին:

Նախարարի խոսքերով՝ Սնոուդենը կարող է Գերմանիայում ապաստան խնդրել միայն այն բանից հետո, երբ գտնվի երկրի տարածքում: Ֆրիդրիխը հիշեցրել է, որ կառավարությունն արդեն այդ հարցը քննարկել է հուլիսին: «Այն ժամանակ արտաքին և ներքին գործերի նախարարությունները միաձայն եկան այն եզրակացության, որ նրան ընդունելու նախադրյալներ չկան… Ուստի այժմ կառավարությունը կարիք չունի դարձյալ զբաղվել այդ խնդրով»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը:

Էդուրարդ Սնոուդենն այժմ գտնվում է Ռուսաստանում, որտեղ նրան մեկ տարով ժամանակավոր ապաստան է տրամադրվել: ՌԴ-ում հայտարարել են, որ նրան արտահանձնելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ նա Ռուսաստանի տարածքում հանցանք չի գործել, իսկ երկու երկրների միջև արտահանձնման պայմանագիր չկա, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Հատուկ ծառայությունները Բեռլինում բրիտանական դեսպանատունն օգտագործում են լրտեսության նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. Դիմակայության ելքը մեր ձեռքերում է’