‘Գիդո Վեստերվելլե. Հանդուրժողականությունն ու հարգանքը ազատության որդիներն են’

980

Գերմանիայի դաշնային հանրապետության արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ունեցած իր ելույթում վստահություն է հայտնել, որ միասնական Եվրոպան ի վիճակի կլինի հաղթահարել սուվերեն պարտքի ճգնաժամը եւ կշարունակի աշխարհում առաջատար դեր խաղալ: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական էջի, նա ուշադրություն է հրավիրել նաեւ արաբական աշխարհում վերջերս տեղ գտած բռնության դեպքերի վրա:
«Ազատությունը երկու որդի ունի՝ հանդուրժողականությունը եւ հարգանքը», — ասել է նա՝ ընդգծելով, թե ազատություն ասելով նկատի չունի անպատասխանատու ազատությունը: Նա նշել է, թե հասկանում է հավատացյալներին, որոնք վիրավորվել են ամոթալի հակաիսլամական ֆիլմի հրապարակումից: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ օրինական քննադատությունը եւ անկեղծ վրդովմունքը չեն կարող օգտագործվել բռնության եւ ավերածությունների համար:
Վեստերվելլեն հույս է հայտնել, որ այս հարցում խոսքը գնում է ոչ թե «քաղաքակրթությունների միջեւ, այլ քաղաքակրթությունների ներսում» բախման շուրջ:
ՄԱԿ-ի ԱԽ-ում այս ամիս նախագահող ԳԴՀ արտգործնախարարն անդրադարձել է գլոբալ եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների եւս: Նա մասնավորապես քննադատել է Բելառուսի իշխանություներին՝ երկրի ներսում շարունակվող բռնաճնշումների համար, կոչ է արել անհապաղ դադարեցնել Սիրիայում արյունահեղությունը, ինչպես նաեւ՝ արտահայտվել է Իրանի միջուկային խնդրի քաղաքական եւ դիվանագիտական լուծման օգտին՝ 3+3 ձեւաչափով բանակցությունների միջոցով:

Նախորդ հոդվածը‘«ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՌԵԺԻՄԻՆ» (Տեսանյութ, ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը տիեզերքում գործող հեռահաղորդակցության արբանյակ կունենա’