‘Գիտնականները հաստատել են Էնշտեյնի կանխագուշակած գրավիտացիոն ալիքների գոյությունը’

1531

ԱՄՆ-ում գիտնականները հաստատել են տիեզերական ձգողականության ալիքների գոյությունը, ինչը հարյուր տարի առաջ կանխագուշակել է Ալբերտ Էնշտեյնը հարաբերականության ընդհանուր տեսությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային գիտական ֆոնդը, որտեղ կայացել է գյուտին նվիրված մամլո ասուլիս:

Գրավիտացիոն ալիքները գրանցել է LIGO լազերա-ինտերֆերաչափական գրավիտացիոն-ալիքային դիտարանը: Դրանք իրենցից ներկայացնում են ժամանակա-տարածային հյուսվածքի տատանումներ, որոնք արձակվում են փոփոխական արագությամբ շարժվող զանգվածեղ օբյեկտներից: «Առաջին անգամ գիտնականները գրանցել են ժամանակա-տարածային հյուսվածքի տատանումը, ինչը կոչվում է տիեզերական ձգողականություն», ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Գրավիտացիոն ալիքների մասին կանխագուշակել է դեռևս Ալբերտ Էնշտեյնը, սակայն դրանք հայտնաբերելու բոլոր փորձերն ավարտվել են ձախողմամբ: Այժմ ստացված արդյունքների հիման վրա ենթադրվում է, որ գրավիտացիոն ալիքներն առաջացել են յուրաքանչյուրն ընդամենը 150 կմ տրամագիծ ունեցող, սակայն Արեգակից 29 և 36 անգամ մեծ զանգված ունեցող երկու «սև խոռոչների» «շրխկոցով» փակվելու հետևանքով: Այս երևույթը տեղի է ունեցել մոտավորապես 1,3 միլիարդ տարի առաջ: Այն ժամանակ վայրկյանների ընթացքում երեք Արեգակների զանգվածին համարժեք էներգիան անջատվել է տիեզերական ձգողականության ալիքների տեսքով: Այժմ այդ ալիքները հասել են Երկիր և գրանցվել են: Այսպիսով, հաստատվել է Էնշտեյնի հարաբերականության տեսության կարևոր դրույթներից մեկը, և «նոր պատուհան է բացվել դեպի տիեզերք»՝ դեպի «գրավիտացիոն աստղագիտություն»:

Ըստ ТАСС-ի:

Նախորդ հոդվածը‘Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Կոալիցիան հիշեցնում է կեղծ ամուսնություն. ՍԴՀԿ ԿՎ ատենապետ’