‘Գծատեր Զախարյաններն ու Բեգլարյանները կամ «Երեւանի ՄՈւԱՏ» ՓԲԸ-ն’

2134

«Երեւանի միկրոավտոբուսային ՈւԱՏ» ՓԲԸ-ն մայրաքաղաքում միկրոավտոբուսներ շահագործող ամենամեծ ընկերությունն է: Ներկայում այս կազմակերպությունն է սպասարկում թիվ 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34, 49 միկրոավտոբուսային երթուղիները: Գրում է Hetq.am-ը: 

Մամուլում այս ընկերության անունը պարբերաբար կապվել է 2003-2009 թթ. Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անվան հետ: Նշվել է, որ ընկերության գործունեությունը վերահսկում է Զախարյանների կրտսեր եղբայրը՝ Սայադը, որը 2003-2006-ին պատգամավոր էր ՕԵԿ-ից, ապա, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխանությունից, դարձել էր «Գործարար» խմբի անդամ: Որ այս ընկերությունը վերահսկում են Զախարյանները, իրականություն է, սակայն ՓԲԸ-ի տնօրենը ներկա պահին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ե. Զախարյանի ավագ եղբայրն է՝ Սեյրանը: Վերջինս այդ պաշտոնում է 2009-ից ի վեր: Մինչ այդ ընկերության տնօրեն է եղել Համլետ Բեգլարյանը: Իսկ սա էլ 2009-2010 թթ. Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ավագ եղբայրն է:

Մամուլում գրվել է նաեւ երրորդ անձի՝ Էդուարդ Գաբրիելյանի մասին: Նա էլ 2003-2006-ին պատգամավոր էր ՕԵԿ-ից, ապա դարձել է «Գործարար» խմբի անդամ: Գաբրիելյանը պետռեգիստրի կայքի՝ «Երեւանի ՄՈւԱՏ»-ին վերաբերող տվյալներում չկա, սակայն նա եւ Ս. Զախարյանն ու Հ. Բեգլարյանը հիմնադրել են մի շարք ընկերություններ՝ «Միկրոավտոդետալ», «Արագ ընթացք», «Վստահելի գործընկեր» ՍՊԸ-ները:  

Վերադառնալով «Երեւանի ՄՈւԱՏ» ՓԲԸ-ին՝ նշենք, որ այն իրավահաջորդն է նույնանույն ՍՊԸ-ի (2001-2003), որն էլ իր հերթին հաջորդել է նույն անվանումով ԲԲԸ-ին (1994-2001): Ընդ որում՝ նախորդ տարիների նման ընկերությունը շարունակում է մնալ Երեւանի միկրոավտոբուսային փոխադրումների առաջատար: 

Նախորդ հոդվածը‘Իրանում խմելու ջրի գործածումը կրկնակի գերազանցում է համաշխարհային միջին մակարդակը’
Հաջորդ հոդվածը‘Բելգիայի նորընծա թագավորը հրաժարվել է ներում շնորհել բանտարկյալներին’