‘Գյուղնախարարին հունից հանել է լրագրողի հարցը, նա լքել է մամուլի կենտրոնը’

1363

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լքեց ՀՀ կառավարության մամուլի սրահը` չսպասելով, որ լրագրողները վերջացնեն իրենց հարցերը: Ինչպես հայտնում է aravot.am-ը, գյուղատնտեսության նախարարին պարզապես հունից հանեց լրագրողներից մեկի այն հարցը, թե ինչո՞ւ են դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ ներկրելու իրավունքը տվել «Ֆլեշ» ու «Մասիս բերրիություն» ընկերություններին եւ սահմանված կարգով գնումներով մրցույթ չեն անցկացրել:

Նախարարը պատասխանեց. «Մրցույթ եղել է»: Հարցի շարունակությունը, թե  ինչո՞ւ են մրցույթներում մշտապես շահում նույն ընկերությունները եւ ինչո՞ւ հնարավորություն չի տրվում այլ տնտեսվարողների եւս շահել նմանատիպ մրցույթներում, պարոն նախարարն այս անգամ արդեն վրդովված պատասխանեց. «Դե որովհետեւ հարմար գին այդ ընկերություններն են առաջարկել»:

Չլսելով մյուս հարցերը՝ Սերգո Կարապետյանը միանգամից տեղից վեր կացավ եւ դուրս եկավ սրահից`ասելով, որ ասուլիսը վերջացել է:

Պարոն նախարարը վարչապետ Տիգրան Սարգսյանի հորդորով կառավարության նիստից հետո ասուլիս էր հրավիրել՝ այս տարվա ծրագրերը ներկայացնելու: 

Նախորդ հոդվածը‘ Վրաստանը թանկացրել է Հայաստանի բեռնափոխադրումների գինը’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան դեսպանի շուրթերով շնորհավորում է Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)’