‘Գյումրիում գրանցվում են ընտրախախտումներ (Լրացվում է)’

1841

Գյումրիի լրագրողական «Ասպարեզ» ակումբի հաղորդմամբ՝ քաղաքի ընտրական հանձնաժողովները սկսել են իրենց աշխատանքը վաղ առավոտյան՝ ժամը 7-ից: Ինչպես պահանջում է ընթացակարգը` հանձնաժողովականների միջեւ անցկացվել է քվերակություն: Ինչպես ilur.am-ին հայտնեցին «Ասպարեզ» ակումբից, ընտրողները բավականին ակտիվ էին թիվ 34/45 ընտրատեղամասում: Ժամանակին ներկայացել էին նաեւ դիտորդները, թեկնածուների վստահված անձինք, ովքեր արձանագրեցին, որ ընտրությունների մեկնարկը կարելի է հաջողված համարել:

Տեղամասային հանձնաժողովի նախագահը որոշել էր սեփական նախաձեռնությամբ նմուշներ վերցնել ընտրողների անձնագրերի մեջ դրվող դրոշմակնիքներից, որպեսզի ստուգի թանաքի որակը, հաղորդում է ԳԱԼԱ հեռուստատեսությունը: Աղբյուրի հաղորդմամբ, տեղամասի հանձնաժողովի նախագահ Աշոտ Հախվերդյանը շեշտել է, որ կնիքից 16 նմուշ վերցրել է, սակայն դրանք դեռեւս չեն օքսիդացել: Հայտարարությունից րոպեներ անց տեղեկացանք, որ տեղամասերում արձանագրվել է կնիքների օքսիդացման դեպք: 34 ընտրատարածքը այդ մասին ահազանգ ստացել է տարբեր տեղամասերից:

«Ասպարեզ» ակումբը տեղեկացնում է նաև Գյումրիի տարբեր տեղամասերում արդեն իսկ տեղի ունեցած խախտումների մասին.
10: 52
34/10 ընտրատեղամասում (Գյումրի համայնքի թիվ 40 դպրոցի շենք /Ֆ. Վերֆելի 4/) թեկնածուներից մեկի մունետիկները շրջում են տնե տուն ու առաջարկում իրենց մեքենայով ընտրատեղամաս տանել, եթե իհարկե դեռ չունեն նախընտրած թեկնածու:

10:45

Գյումրիում Շիրակացի փողոցում նախկին 10 հարկանու մոտ նկատվել է ՊԱԶ մակնիշի 45 644 պետհամարանիշով ավտոբուս, որից ընտրակաշառք են բաժանել: Ընտրությունների վերահսկման քաղաքացիական խմբերից մեկը հետապնդել է այդ ավտոբուսը եւ Բուլվարային թաղամասի մոտ հաջողացրել է մտնել ավտոբուս, ավտոբուսի մեջ գտել են Գյումրու Ավագանու անդամության թեկնածու Մերուժան Գաբոյանի բուկլետները եւ ընտրողների ցուցակներ, ինչն առգրավել են, ավտոբուսավոր ժողովուրդը փախել է: Լուսանկարները կներկայացվեն ավելի ուշ:

10:20

34/34. Գյումրու Երկաթգծի քոլեջի տեղամասում ընտրողներից մեկը չի կամեցել, որ իր անձնագրում կնիք դրվի, վստահված անձինք չեն թույլ տվել, որ առանց դրոշմելու քվեաթերթիկներ տրամադրեն վերջինիս, ինչից հետո ընտրողը համաձայնել է իր անձնագրում դրոշմակնիք դնելուն, քվեարկել եւ հեռացել է: Այդ տեղամասի մոտ Ավագանու անդամության թեկնածուներից մեկի հայրը ուղղում է ընտրողներին իր որդու օգտին:

10:00

Սեպտեմբերի 9-ի առավոտնից Գյումրիում մոտ մեկ տասնյակ ՃՈ ավտոմեքենաներ եւ ոստիկանական այլ մեքենաներ սրընթաց երթեւեկում են այսուայն կողմ: տարբեր տեղեկությունների համաձայն այս մեքենաների առաքելությունը գազելներով ընտրողներին տեղափոխողների գործը խափանելն է:

Ահազանգ է ստացվել տեղամասերից այն մասին, որ անձնագրերում դրվող դրոշմակնիքների թանաքը ցնդում է, իսկ ԿԸՀ-ից հանձնարարել են սովորական թանաքով սկսել կնքել անձնագրերը:

34/74 ընտրատեղամասից (12 մանկապարտեզ, Լազոյի փողոց) ահազագներ կան, որ տեղամասի առաջ՝ 50 մետրից ավելի մոտ տարածքում խմբված ջահելությունը բոլոր մտնողներին կոչ է անում քվեարկել Ավագանու անդամության թեկնածուներից 18 համարի օգտին: Մի քանի վստահված անձինք առայժմ բանավոր բողոքով դիմել են հանձնաաժողովի նախագահին:

 
Լրացում.
 

Թիվ 10 դպրոցի շրջակայքում (34.64 ընտրատեղամաս) ավագանու անդամության թեկնածու Մերուժան Գաբոյանի մարդիկ ընտրակաշառք են բաժանում:

15:38
«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության Ընտրությունների վերահսկման շտաբը մամլո ասուլիսն է տալիս Գյումրիում ընտրությունների ընթացքի մասին, ներկայացվելու են դիտարկված ընտրախախտումները:

14:52

34/61, Գաբրիելյան Արմեն անունով մեկը մտել է Գյումրու 2-րդ դպրոց մի պապիկի հետ՝ բացատրելով, թե ինքը պիտի օգնի պապիկին քվեարկել, հանձնաժողովի նախագահը բացատրել է, թե Արմեն Գաբրիելյանը մեկ այլ տեղամասային հանձնաժողովի նախագահ է եւ այդտեղ որեւէ մեկիին օգնելու իրավունք չունի: Վերջինս պնդել է, թե տարիներ շարունակ ինքն այդ գործի մեջ է եւ իր իրավունքները լավ գիտե: Ապա պապիկի քվեաթերթիկն ստացել վերջինիս հետ մտել է քվեախուց, քվեարկել եւ հեռացել է: Ականատեսները համոզված են, որ քվեարկողը հենց Արմեն Գաբրիելյանն է եղել:

14:40

34/44, Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի տեղամասի մոտ սեւ գույնի Տոյոտա մակնիշի 130SL01 պետհամարանիշով ավտոմեքենայով երեք հոգի եկել են մտել հանձնաժողով, նախագահի հետ առանձնազրույց ունեցել ու հեռացել:

14:35

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունից Գյումրու Ավագանու անդամության 7 թեկնածուները այսօրվա քվաերկության եւ ընտրական օրինազանցությունների դեպքերի մասին մամլո հրատապ ասուլիս են հրավիրում նախընտրական շտաբում, Գյումրի, Շիրակացի փողոց, 175/2, 24 դպրոցի հարեւանությամբ, հակահամաճարակային կայանի դիմացի մայթի եռահարկ շենքի առաջին հարկում: Ասուլիսը նշանակված է ժամը 16-ին:

14:30

34/44, Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի տարածքում 33-748 պետհամարանիշով «Մերսեդես» միկրոավտոբուսով պարբերաբար ընտրողները են բերում՝ խմբերով:

14:25

34/69, ժամը 14.00-ի սահմանում, թիվ 25 դպրոցի մոտ կանգնած Գազել մակնիշի ավտոմեքենայի մեջ, սպիտակ վարագույրների ետեւում, կասկածելի գործողություններ էին կատարվում, որոնք նմանվում էին փող բաժանելու գործընթացի: «Ասպարեզ» ակումբի աշխատակիցների մոտենալուն պես՝ մեքենան հեռացավ: Միայն նկատվեց Գազելի համարանիշի մի մասը՝ 08 818:

14:10

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանը ժամը 14:05-ին զանգել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի թեժ հեռախոսագծին եւ հարցրել, թե ոտիկանությունը ինչո՞ւ չի տեսնում Գյումրիում զանգվածայնորեն բաժանվող ընտրակաշառքը, ընտրատեղամասերի առաջ մարդկանց կուտակումները եւ թեկնածուների օգտին ուղղորդումները, որոնց մասին կայքերում լիքը լուրեր կան: Բարսեղյանը խնդրել է պարզել՝ ոստիկանությունը իր գործն անելու՞ է, թե՞ ձեւ է անելու: Զանգը գրանցվել է:

Եթե մոտակա 1 ժամում «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը, որի թեկնածուներն ընդհանուր առմամբ 250 վստահված անձ ունեն, չնկատի էական բարելավումներ, իրադրության մասին հատուկ հայտարարություն կանի:

14:02

Ըստ ՀՅԴ Գյումրու ներկայացուցչի, Գյումրիում հայտնաբերել են ավտոբուս, որով ընտրակաշառք են բաժանել քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի օգտին:

14:00

34/32 տեղամասում, Գյումրու 4-րդ մանկապարտեզում քվեաթերթիկների ելունդները պոկում են ժամանակից շուտ, դրանցից անջատում են քվեաթերթիկները եւ դարսում իրար վրա:

Լրացում.

16:42
Քիչ առաջ Facebook սոցիալական ցանցի օգտատեր Հայկակ Արշամյանը, ով այս պահին Գյումրիում հետեւում է ՏԻՄ ընտրություններին, իր էջում տեղադրել է, թե ինչպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի վստահված անձանց մոտ հայտնաբերել է թուղթ, որտեղ նշված է, թե Սամվել Բալասանյանը քանի ձայնի դիմաց ինչ գումար է պատրաստ վճարել հրահանգիչներին և որտեղ երևում է վարձատրության դրույքաչափերը:

16:35
«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանը, ով իր նկատմամբ հնչեցրած սպառնալիքնեորից հետո դիմել էր Գյումրու Կայարանի ոստիկանություն, հաղորդում տալուց հետո, ոստիկանների պահանջով 30 րոպեից ավելի սպասել է այնտեղ, մինչեւ քննիչը գա՝ բացատրություն վերցնելու: Սակայն քննիչը համառորեն չի եկել: 15:40-ին Կարեն Հարությունյանը դուրս է եկել ոստիկանությունից եւ անցել իր գործին՝ լինումէ տեղամասերում եւ դիտարկում ընտրությունների ընթացքը: Ոստիկանությունում խոստացել են քննիչի հայտնվելուն պես տեղեկացնել Կ.Հարությունյանին:

Լրացում.

34/06, 41 դպրոցի մոտ դրսում ընտրակաշառք են բաժանում:

18:20

‎34/74 տեղամասի շրջակայքում հավաքվածները խոչընդոտել են «ՑԱՅԳ» ՀԸ աշխատանքները, փորձելով խլել տեսախցիկը, հարվածել են օպերատորին: Նյութը «Ցայգ» ՀԸ կներկայացնի մի քանի րոպեից:

18:18

«Ցայգ» ՀԸ, ընտրակաշառքի հետքերով. http://tsayg.am/qaxaqakanutyun/1200-no-comment.html

18:17

34/74 ընտրատեղամսում՝ 12 մանկապարտեզ, արդեն քառորդ ժամից ավելի է հանձնաժողովի աշխատանքային մատյանը քննիչի մոտ է, որը բողոք է քննում: Ըստ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության տեղեկությունների, ոստիկանությունը բողոք է ստացել այն մասին, որ ինչ-որ մեկը քվեարկել է այլ մարդու փոխարեն: Հանձնաժողովի նախագահը նույնպես քվեասենյակում չէ, քննիչի մոտ է: Հիշեցնենք որ այս տեղամսում առավոտից մարդկային կուտակումներ էին, եւ վստահված անձինք բազմաթիվ բողոքներ է ներկայացրել այս տեղամասի հանձնաժողովի նախագահին:

18:05

34/21 տեղամասում ընտրողներից մեկը քվեարկելուց հետո չի թողել իր անձնագրում դրոշմակնիք դնել եւ հեռացել է, «Քաղաքը մերն է» նախաձեռնության վստահված անձը պահանջել է արձանագրություն կազմել այդ մասին, մեկը սրահում ասել է թե «ոչինչ մերոնցական է», սակայն ինչից հետո քաղաքացին վերադարձել է եւ թույլ է տվել, որ անձնագրում դրոշմակնիք դնեն:

18:04

34/24, Գյումրու տիկնիկային թատրոնի տեղամասում մեկը քվեարկել էր այլ անձի անձնագրով:

17:58

«Մուշ-2» թաղամասի մանկապարտեզի մոտ 2 \”գազելով\” (26 երթուղային) ընտրողներին են տեղափոխում տեղամաս: Պետհամարանիշերը՝ 45ou068, 0822L:

17:55

Գյումրու 2 դպրոցում 2 լամպ կա միայն եւ ուղղակի անհնար է նորմալ քվեարկություն կատարել, ընտրողները քվեաթերթիկները հանում են խցից դուրս՝ սրահում են քվեարկում, որ վստահ լինեն, որ ճիշտ են քվեարկել:

17:23

Գյումրու Գծի Ետեւ թաղամասի երկու տեղամասերում՝ 9-րդ գրադարան եւ 27 դպրոց, մարդկային կուտակումներ են: Միկրոավտոբուսների կանգառում կայանած մեքենաների միջից կաշառք են բաժանում: Ոստիկանությունը ամենայն հավանականությամբ տեղյակ չէ այդ թաղամասի տեղից եւ ինտերնետ չի կարդում:

17:20

34/26, Գյումրու 1-ին դպրոցի մոտ կուտակումները ցրելու եկած ոստիկաններին հաջողվել է այդ անել:

17:15

Ինչպես հաղորդեց Հայկակ Արշամյանը, իր էջում տեղադրված լուսանկարը՝ խոստացված վճարումների մասին, ստացվել էր ոչ թե Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի վստահված անձից, այլ «Աշխատանք եւ արժանապատվություն» քաղաքացիական նախաձեռնությունից, Ավագանու անդամության թեկնածու Արշալույս Սանոյանի: Այդ նախաձեռնությունը քարոզարշավի առաջին օրերին հայտարարեց որ սատարում է Սամվել Բալասանյանին: Տես այս շարքի 16:42-ի լուրը ներքեւում:

Լրացում.

34/74 տեղամասի շրջակայքում (թիվ 12 նախակրթարան) հավաքվածները խոչընդոտել են «ՑԱՅԳ» ՀԸ աշխատանքները, փորձելով խլել տեսախցիկը, հարվածել են օպերատորին:

18:00

34/61 տեղամասում (թիվ 2-րդ դպրոց) լուսավորության խիստ թույլ լինելու պատճառով ընտրողները ստիպված են քվեախցիկից դուրս հանել թերթիկը, որպիսի կարողանան տեսնել գրառումները:
Այս մասին առավոտ տեղեկացվել էր 34 Ընտրատարացքային հանձնաժողովին: Հարցը լուծված չէ:

16:50

Գյումրիի 34/33 («Պրոգրես» համալսարանի շենք) ընտրատեղամասում ընտրողներից մեկը փորձում է օգնել մյուս ընտրողին: Քաղաքացին սկզբում քվեատուփի մեջ է գցում իր ընտրաթերթիկները, ապա մոտենում է խցիկին, սակայն հանձնաժողովականը չի թողնում: Բայց ընտրողը հասցնում է հուշել խցիկում գտնվող ընտրողին, որ ընտրի Ս. Բալասանյանին (քաղաքապետի թեկնածու): Ուշացումով հանձնաժողովի նախագահն դուրս է հրավիրում անօրինական գործողություն իրականացնողին: http://youtu.be/TNvTvEU6nvc

16:10

34/20 տեղամասում («Բալատոն» վարժարան) գտնվող վստահված անձանցից հաղորդագրություն ստացվեց, որ տեղամասի շրջակայքում ընտրակաշառք է բաժանվում ավագանու թեկնածու Մերուժան Գաբոյանի օգտին: «Քաղաքը մերն է» նախաձեռնության արագ արձագանքման խումբը հերթապահում է տարացքում:

15:05

34/10 ընտրատեղամասում (թիվ 40 դպրոց) քաղաքապետի թեկնածու Հովսեփ Սիմոնյանի վստահված անձը տեղամասային կենտրոնի ներսում ուղղորդել է ընտրողներին: Վիճաբանություն է ծագել նրա եւ հանձնաժողովի անդամների միջեւ, հանձնաժողովի նախագահը զգուշացրել է, թե կրկնվելու դեպքում վստահված անձին կհեռացնի տեղամասային կենտրոնից: Նույն տեղամասի շրջակայքում ընտրողներին ուղղորդում են ավագանու թեկնածու Մարտին Սարուխանյանի մարդիկ: gyumriditord.crowdmap.com

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Հպարտ եմ, որ նման թիմի մաս եմ կազմում ‘
Հաջորդ հոդվածը‘Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 40,20 տոկոսը’