‘Գյումրիում կրակել են ՀՀ փաստաբանների պալատի անդամի տան վրա’

1173

Այսօր առավոտյան Ժամը 9-ի մոտակայքում կրակոցներ են հնչել Գյումրու քաղաքապետարանի շենքի ետնամասում: Կրակոցներն ուղված են եղել Պուշկինի փողոցի 16 տանը, ուր ապրում է Գյումրիում ճանաչված փաստաբան Թամարա Յայլոյանը, ով հայտնի է դատական մի շարք աղմկահարույց գործերի մասնակցությամբ: Այս տանն ապրող ընտանիքի անդամներն արթնացել են կրակոցի ձայնից: Վնասվել են տան պատուհանները: Ճշգրտվում են պատահածի պատճառները:

Թամարա Յայլոյանը asparez.am-ի մեզ հետ հակիրճ զրույցում չկարողացավ պատահածի մասին որեւէ վարկած նշել, բայց հավելեց, թե հակված է կարծելու, որ կրակոցներն իր նկատմամբ դիտավորություն արդյունք չեն եղել: Գյումրեցի փաստաբանը նշեց նաեւ, որ ժամը 15-ի դրությամբ դեռեւս ինքը ոստիկանություն հայտարարություն չի տվել: Նա չկարողացավ շրջանառվող այն խոսակցությունների մասին ասել, թե պատահածը կարող էր կապ ունենալ իր մասնագիտական գործունեության հետ:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը կայքի հետ հեռախոսազրուցում նշեց, որ առայժմ լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները Շիրակի քննչական վարչություն են ուղարկվել, որպեսզի գործի նյութերը նախապատրաստվեն: Նաեւ ոստիկանությունից տեղեկացրել են դատախազություն, որ Թամարա Յայլոյանն էլ է ներկայացել ու հաղորդում է տվել կատարվածի առիթով: «Հանգամանքների վերաբերյալ առայժմ պարզաբանումներ տալը դեռ վաղ է: Հետագայում արդեն հանգամանքները կբացահայտվեն»,-ասաց դատախազը:


Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Հոնդուրասի գոյության մասին վերջերս լսած պետպաշտոնյաներն այժմ կցանկանան տեսնել Անտարկտիդան’
Հաջորդ հոդվածը‘Նոամ Չոմսկի. Պետք է աջակցել Թուրքիային՝ Ցեղասպանության ճանաչման հարցում (Տեսանյութ)’