‘Գոհար Սիմոնյան. Եթե Տեր-Պետրոսյանը լռեր, Սերժը հրեշտա՞կ կդառնար’

2468

Նախագահ Տեր-Պետրոսյանի հարցազրույցն, ակներեւաբար, զայրացրել է Բաղրամյան 26-ին: Ընդ որում՝ զայրացրել է, նախ եւ առաջ, այն պատճառով, որ այստեղ ստիպված են եղել ամառվա տապին հույժ «վաստակած հանգիստը» խաթարել ու հակափաստարկներ մոգոնել շատ կոնկրետ հարցադրումների եւ փաստերի առնչությամբ: Ճիշտ է, այդ գործը Սերժ Սարգսյանի եւ հատկապես իր «դհոլաշատ ու երիտշորտիկավոր» թիմի մոտ երբեք էլ  լավ չի ստացվել, բայց գոնե աղմուկն ապահովված է, թույնի չափաբաժինը՝ եւս, ջանասեր սպասյակներն էլ՝ գործի լծված…

Իսկ ի՞նչ նորություն էր ասել Տեր-Պետրոսյանը, եւ ինչո՞ւ էին հատկապես գործադրի  ներկայացուցիչները (նախարար Կարեն Ճշմարիտյան, փոխնախարար Արմեն Ալավերդյան եւ այլք) Սերժ Սարգսյանի հրահանգով «ծանրացել մասնավորապես Ղարաբաղի վրա»:

Ի վերջո, Նախագահն իսկապես էլ զերծ էր մնացել այս իշխանությունների սիրած սպեկուլյացիաների ժանրից՝ հենց միայն բավարար տեղեկատվության չտիրապետելու հիմքով, եւ չնայած իրավիճակը մտահոգիչ էր համարել թե՛ սահմանին, թե՛ ընդհանրապես, այդուհանդերձ, հիմնականում դիտարկել էր ոչ այնքան մեր վատ դրությունը, որքան տիրող խայտառակ անորոշությունն ու անվստահելի գործընկեր լինելու փաստը:

Հանգամանք, որն ամենալա՛վն է բնորոշում ներկայիս Հայաստանը: Մեծից փոքր՝ մենք իսկապես էլ ապրում ենք հատկապես անորոշության մեջ, եւ եթե որեւէ մեկին թվում է, թե դա լուրջ պատճառ չէ, օրինակ, արտագաղթի համար, սխալվում է: Գուցե շատերը չհամաձայնեն ինձ հետ, բայց այն, ինչ ձեւակերպել է Տեր-Պետրոսյանը զուտ արտաքին քաղաքականության մասով («Եւրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` Եւրասիական միության շրջանակում Հայաստանի դեռեւս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ»: — Լեւոն Տեր-Պետրոսյան) , բացարձակ նույնական է նաեւ ներքին կյանքում, որովհետեւ,  ոչ ոք այլեւս չգիտի՝ ինչ են ուզում սրանք, ուր են գնում, է՛լ ինչի են ընդունակ, ինչպիսի երկիր են երազում գոնե:

Հստակ է մի՛ բան. կամենում են իշխանությունը հերթական անգամ զավթել սահմանադրական փոփոխություններ կոչվող ֆարսի միջոցով: Բայց հարց է առաջանում՝ կրկնահանցագործ են դառնում, որ ի՞նչ անեն: Ակնհայտ է, եւ ընձուղտին էլ է պարզ, որ սրանք ի զորու չեն այլեւս որեւէ լավ բան անել մեր երկրի համար: Ուզում են ձախողումնե՞րը շարունակել: Բայց արդե՛ն հնարամտել ու կյանքի են կոչել  հնարավոր ու անհնար ամեն վատ բան: Սրանից վատ մեկ էլ պատերազմն է կամ, Աստված չանի, պետության կործանումը…

Բայց վերադառնանք կառավարության ներկայացուցիչների՝ իբր Նախագահ Տեր-Պետրոսյանի ուղղությամբ հնչեցրած հակափաստարկներին, որ ամբողջանում է հետեւյալ նախադասությամբ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ չի՛ կարող մաքսային սահման լինել, նման հարց չի էլ քննարկվել:

Հետաքրքիր է՝ եթե չի քննարկվել, ինչո՞ւ էր մայիսի 29-ին Հովիկ Աբրահամյանը  լրագրողներին ու պատգամավորներին կոչ անում «քիչ խոսել այդ մասին, որովհետեւ անհարկի զրույցները խանգարում են բանակցություններին, իսկ մենք ուզում ենք, որպեսզի ամեն բան այնպես լինի, ինչպես մենք ենք ուզում»: Ավելին՝ Աբրահամյանը նկատել էր, թե մայիսի վերջին երբ ՄՄ երկրների նախագահները հանդիպեն միմյանց հետ, իսկ հունիսի վերջին վարչապետները հանդիպեն Մինսկում, այդ ժամանակ արդեն հստակություն կմտնի հարցում:

Հստակություն մտա՞վ: Իհարկե՝ ոչ: Մի բան էլ՝ Նազարբաեւը հրապարակայնորեն ստորացրեց իշխանություններին, իսկ ռուս քաղաքագետներն ու քաղաքական գործիչներն էլ ուղղակի ժամ առ ժամ էին ուղերձներ հղում մեր հանրությանը՝ իրավիճակի վերաբերյալ:

Օրինակ՝ նախկին պատգամավոր, Հանրային պալատի ներկայացուցիչ Սերգեյ Մարկովը նույնիսկ տեսակետ հայտնեց, թե Հայաստանը շտապել է ՄՄ-ին միանալու հարցում, որովհետեւ լավ չի պատկերացրել, թե ինչպես է Հայաստանն առանց սահմանային անցակետի եւ Ղարաբաղի հետ միասին անդամակցելու այդ միությանը: «Ի վերջո, դա կնշանակեր, որ Ռուսաստանը ճանաչում է Ղարաբաղի անկախությունը, իսկ մենք մտադիր ենք ՄՄ ներգրավել նաեւ Ադրբեջանին»,- ասել էր Մարկովը:

Ավելին՝ պրոիշխանական, ես կասեի՝ «փեսայական» կայքերից մեկին տված հարցազրույցում ոչ անհայտ Մոդեստ Կոլերովն է՛լ ավելի էր բացել փակագծերը եւ ի պատասխան լրագրողի այն ձեւակերպմանը, թե՝ իսկ դուք ինչո՞վ եք տարբերվում եվրոպացիներից, որոնց մենք մերժեցինք հենց նույն հիմքով եւ մեր ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, հետեւյալն էր ասել. «Ինձ թվում է՝ Նազարբաեւի պահվածքն ու ռուսական կեցվածքը պայմանավորված են հայկական վերջնագրով, թե՝ մենք կամ Ղարաբաղի հետ միասին կմտնենք ՄՄ, կամ չենք մտնի..եւ հետո՝ դուք չեք ճանաչել Ղարաբաղը՝ որպես ձեր տերիտորիա…ընդհանրապես՝ այնտեղ արդեն սահմանային անցակետ կա, ուղղակի սահմանապահների հետ միասին նաեւ մաքսավորներ կնստեն, եւ վերջ, շատ բան չի փոխվի»:

Ի միջի այլոց, նույն Շարմազանովը, որին հականե-հանվանե Կոլերովը հիշատակել էր, Արմեն Ալավերդյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Ճշմարիտյանն ու «բլբուլ կտրած» այլք այդ ժամանակ այս ամենին ու էլի բազում գնահատականների որեւէ կերպ չհակադարձեցին: Սերժ Սարգսյանն էլ Նազարբաեւի պահվածքն ընդամենը «տհաճ» որակեց, ոչինչ ավելի: Հիմա ի՞նչ է պատահել: Կատաղել են, որովհետեւ Տեր-Պետրոսյա՞նն է խոսել, թե՞ որովհետեւ փոքր ծավալում ամենահանգամանալիցն ու կառուցի՛կն է ներկայացրել այն ամբողջ սարսափը, որ կոչվում է Սերժ Սարգսյանի Հայաստան: Այն էլ այնպիսի մի կարեւոր փուլում, երբ նույնիսկ ՍԴ նախագահին են սովորական գզրի պես դռնեդուռ գցել, որ հանրությանն, իբր, բացատրի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն ու դրանց ինչ լինելը:

Լավ, ենթադրենք՝ Տեր-Պետրոսյանը լռել ու որեւէ հարցազրույց չէր տվել: Ինչ է՝  Սերժ Սարգսյանն ու իր մտապակաս թիմն այդ դեպքում միանգամից հրեշտա՞կ էին դառնալու: Կամ՝ կարծում  են, թե հրաշալի են աշխատել, «երկնքի ու երկրի տեղերը փոխել»,  եւ աշնանն էլ  միայն համազգային սե՞ր են վայելելու: Թե՞ մտածում են՝ բոլորը պիտի ձեռքները ծալեն, «ընկերովի մահը հարսանիք» որակեն ու հանգիստ սպասեն, թե իրենք այս մի բուռ երկիրը ոնց են կլանում իրենց որկորում…

 

Նախորդ հոդվածը‘Գինեգործների միության նախագահ. Կառավարությունը ոչ թե լուծում է ռազմավարական զարգացման հարցերը, այլ խստացնում է հարկահավաքությունը’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում եւ այլ մարզերում’