‘Գոհար Սիմոնյան. Եվրակողմնորոշումը` երկրի մասնատման պարտադիր պայմա՞ն’

1644

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն օրերս հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է միանա միջնորդական առաքելությանը, որով առաջադեմ աշխարհը ձգտում է կարգավորել ուկրաինական ճգնաժամը:

Դժվար է ասել՝ Ռուսատանի հետ փոխադարձաբար սառը պատերազմի տրամաբանությամբ հակամարտող եվրահանրությունը, որ օրնիբուն եւ հաճախ արդարացիորեն քննադատում է պուտինյան վարչակազմը, ի՞նչ երեսով է նաեւ իրենց կողմից թույլատրված ուկրաինական ողբերգության ֆոնին կամ իրե՛նց առաջադեմ նկատում, կամ պուտինյան վարչակա՛զմն այդ խումբ ներառում: Բայց փաստ է, որ երկրում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի կրակից հիմա բոլո՛րն են միաժամանակ շագանակներ հանում:

«Հուսով եմ՝ Պուտինը գիտակցում է, որ եթե ինքը պատասխանատու չլինի եւ չօգտագործի իր ամբողջ ազդեցությունը, արդյունքում կստացվի, որ նա համաձայնություն է տալիս հետագա արյունահեղության համար»,- գերմանական Phoenix հեռուստաալիքի եթերում հայտարարել էր սեփական անպատասխանատվությունն անտեսած Շուլցը, ինչին ի պատասխան` ՌԴ արտգործնախարարությունը հստակ կերպով էր շարադրել ռուսական մոտեցումը:

«Կիեւում եւ Ուկրաինայի մի շարք քաղաքներում ընդդիմության շարքերում արմատական ուժերի հանցավոր գործողությունների արդյունքում արյուն է թափվել: Զոհեր ու վիրավորներ կան ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ իրավապահ ուժերի շարքերում, որոնք պաշտպանում են պետության օրինական շահերը՝ կարգ ու կանոն ապահովելու համար… Ուկրաինայի արեւմտյան շրջաններում բանը հասել է ոստիկանության, դատախազության, զինվորական զորամասի շենքերի գրավմանը: Սանձարձակ կամակատարները ծաղրում են ոստիկաններին, զինծառայողներին, որոնց շարքերում կան տասնյակ վիրավորներ: Ըստ էության, խոսքը իշխանությունը բռնի ուժով զավթելու մասին է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, միաժամանակ վրդովվելով իբր՝ ժողովրդավարական, իսկ իրականում ամբոխավար լոզունգների տակ թաքնվող ուկրաինական ընդդիմության առաջնորդների լռությունից եւ եվրոպական հանրության՝ շագանակագույն հեղափոխության սատարումից:

«Ռուսական կողմը պահանջում է, որպեսզի «հրապարակի» առաջնորդները իրենց երկրում դադարեցնեն արյունահեղությունը եւ անհապաղ, առանց սպառնալիքների ու վերջնագրերի ներկայացման, վերսկսեն երկրի օրինական իշխանությունների հետ երկխոսությունը»,- հայտարարել է Լավրովը:

Պատերի տակ ու իրենց խոհանոցներում սրան ինչ են հակադրել եվրոչինովնիկները՝  չգիտեմ, բայց առանց բառ անգամ արտասանելու սույն ցինիկ տեքստի մասին,  «առաջադեմներով» այսօր բանակցել են ուկրաինական ընդդիմության եւ մարդասպան Յանուկովիչի հետ նույն սեղանի շուրջ նստած՝ գալով հետեւյալ եզրահանգման:

Եվրամիությունը պատժամիջոցներ կձեռնարկի ուկրաինական իշխանությունների նկատմամբ, որը կներառի վիզաների հանձնման արգելք, ակտիվների սառեցում եւ զենքի առաքման էմբարգո, նաեւ կպնդի, որպեսզի խաղաղ բնակչության դեմ մարտական զենք այլեւ չկիրառվի, եւ որ անպայման անցկացվեն արտահերթ ընտրություններ:

Անկեղծ ասած՝ մարտական զենքի կիրառումն արդե՛ն իսկ արգելվել էր Ռադայի կողմից, թող եվրոպացիներն իզուր գլուխ չգովեն: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին ու այն պնդմանը, թե Յանուկովիչը պատրաստ է դրան, ծիծաղելի է առնվազն դա ձեռքբերում նկատելը.  այդքանն է՞լ չաներ: Թե՞ սովոր էին հայկական իրականությանը եւ նրան, որ կարելի է եւ հեշտուհանգիստ արյուն թափել ու հանգիստ վայելել իշխանությունդ…

Կարճ ասած՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի ԱԳ նախարարներն ընդամենն այսքանն են կարողացել ասել ուկրաինացի ժողովրդին, որը Մայդանից հեռու կանգառներից դիպուկահարների կողմից սպանված իր զավակների դիակներն այսօր էլ է հավաքել: Մարդասպանն այսօր կեսօրին, մինչեւ համաձայնագրի նախաստորագրումը, ընդամենը մեկ ժամ էր տվել ընդդիմությանը՝ արյունահեղությունը դադարեցնելու եւ կորուստները հաշվելու համար: Շտապել էր պետք…

Ինչ կլինի հետո` այս պահին, իհարկե, դժվար է ասել: Բայց ինչպես երեւում է հենց եվրոպական փորձագիտական շրջանակների տրամադրվածությունից՝ այստեղ արդեն հաշտվել են այն փաստի հետ, որ եվրակողմնորոշումը որեւէ ազգի համար առնվազն կամ պարտադիր կերպով տվյալ երկրի մասնատում է նշանակում:

Այստեղ այլեւս այնքան հեշտությամբ են խոսում այդ երկրի մասնատման մասին, ասես՝ խոսքը մի բաժակ ջուր խմելու մասին լինի: Չխոսենք արդեն տնտեսական դրության, սպասվող դեֆոլտի եւ ամբողջ արեւելյան Եվրոպան ճարակելիք տնտեսական հրդեհի մասին…

Նախորդ հոդվածը‘Պուտինն Ուկրաինայի հարցով ԱԽ նիստ է գումարել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Կենսաթոշակային բարեփոխումը անհրաժեշտ է Հայաստանին’