‘Գոհար Սիմոնյան. Եվ նորից՝ «Կիկոսի մահը», ու էլի ողբ՝ «Քառյակի պառակտման» առիթով…’

2236

Տարօրինակ բան է կատարվում մեր առանձին լրատվամիջոցների ու վերլուծաբանների հետ:

Սրանք այնպես են ցանկալին իրականության տեղ ընկալել, այնքան են «վերլուծել» ընդհանրապես Քառյակի եւ մասնավորապես ՀԱԿ-ի «վերջը», որ թվում է՝ այլեւս պիտի դադարեի՛ն անդրադառնալ այդ թեմային:

Պարզ-տրամաբանական հիմքով՝ եթե մի բան «չկա», նրա էլ ի՞նչը քննարկես կամ վերլուծես…

Բայց տես որ՝ իրականությունը բոլորովին հակառակ պատկերն է երեւան բերում, եւ նույն այդ լրատվամիջոցներն ու վերլուծաբանները որեւէ քաղաքական այլ ուժի կամ նման հավակնություն ունեցող կառույցի գործունեությանը նույն եռանդով, «խոշորացույցով» ու հաճախականությամբ չեն անդրադառնում, որքան «վերջացած Քառյակի»…

«Տարաձայնությունների պատճառով Քառյակը պառատկվում է», «Քառյակը դեռ չի որոշել հանրահավաքի օրը», «Քառյակի ներսում հակասություններ կան», «Քառյակում տարաձայնությունները գնալով ավելի հրապարակային են դառնում», «ՌԴ դեսպանը հաճախ է հանդիպում Քառյակի հետ». սրանք միայն մեկ օրվա գլխագրեր են, եւ ընդամենը՝ մեկ-երկու կայքերից ծաղկաքաղ արված:

Եւ եթե հարցին չմոտենաս զուտ հոգեվերլուծության կամ նենգության դիտարկման տեսանկյունից՝ ստիպված ես պնդել, որ այն մարդիկ, ովքեր ամենաշատը եւ ամենաբուռն կերպով են խոսում Քառյակի «վերջի», նրա «զրոյական դերակատարության» եւ նույն կոնտեքստում՝ շատ ու շատ այլ բաների մասին, հենց նրանք էլ իրականում Քառյակը մեր քաղաքական կյանքի միակ ուժի կենտրոնն են համարում:

Արդարացիորեն՝ հավելենք ու անցնեք առաջ, փորձելով հասկանալ, թե այսօրվա աշխուժության առիթը որն է եղել:

Իրականում՝ ոչ մի նոր բան:

Կամ թե կուզեք՝ ոչ մի արտառո՛ց բան:

Ընդամենը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, օ՜, սարսափ, «համարձակվել է պնդել», թե «Քառյակը քառյակ է այնքանով, որ այս չորս ուժերը համաձայնության են եկել կոնկրետ նպատակի շուրջ: Բայց մնացած հարցերում քաղաքական ուժերը կարող են ունենալ իրենց տարբեր մոտեցումներն ու տեսակետները»:

Ներեցեք՝ իսկ որտե՞ղ է ստել Ռուստամյանը, կամ՝ ո՞վ է երբեւէ հայտարարել, թե Քառյակի չորս կուսակցությունները կոնկրետ նպատակի, այսինքն՝ երկրում սահմանադրական կարգի վերականգնման շուրջ համագործակցելուց բացի, պարտավորված են եղել մշտապես նույն քաղաքական-կուսակցական տեսակետն ունենալ այս կամ լոկալ հարցի առնչությամբ:

Ի վերջո, այս կուսակցությունները չեն հայտարարել իրենց լուծարման եւ մեկ ընդհանուր կուսակցություն լինելու վերաբերյալ:

Հետեւաբար, անկախ այս կամ վերլուծաբանի տեսանկյունից՝ ճիշտ կամ սխալ դիրքորոշում ունենալուց, այս չորս ուժերից յուրաքանչյուրն էլ իսկապես իրավունք ունի առանց որեւէ մեկի թույլտվության հանդես գալ սեփական տրամաբանությամբ, եւ դրանից հետեւություն անել, թե «Քառյակը նորից չկա՛, ա՛յս անգամ էլ չկա, էլի՛ չկա, նորի՛ց վերջացավ, կրկին մահացա՛վ» եւ այլն, առնվազն անլուրջ է: Եթե ոչ՝ ավելի վատ մի բան…

Իսկ ինչի՞ն է վերաբերում տարաձայնությունը՝ կհարցնեք:

«Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը՝ Սահմանադրական դատարանում վիճարկելու հետ կապված, քառյակում տարաձայնություն է առաջացրել. ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ են Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում, իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» դեմ են դրան…Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հետ կապված տարբերությանը, այն նո՛ր չի առաջացել, որ մենք կողմ ենք խորհրդարանական համակարգին: Անկախությունից ի վեր՝ մենք այդ մասին հայտնել ենք»,- բացատրել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Ինչ է սրան հետեւելու՝ ակնհայտ է.

ա. ՀԱԿ-ը, ենթադրում եմ՝ նաեւ Ժառանգությունը, փորձելու են ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին համոզել, որ Սերժ Սարգսյանի մոտ «սովորական գզիր աշխատողին Սահմանադրականության հայր ճանաչելն» ու նրանից արդարացի որոշում ակնկալելը առնվազն ժամանակի անիմաստ կորուստ է, եւ Քառյակի երկու անդամները շատ ավելի ճիշտ քաղաքական որոշման կհանգեն, եթե հրաժարվեն այդ մտքից:

բ. ՀԱԿ-ը, ենթադրում եմ՝ նաեւ ԲՀԿ-ն ու Ժառանգությունը, փորձելու են ՀՅԴ-ին համոզել, որ այդ կուսակցության կողմից նախապատվության արժանացած կառավարման խորհրդարանական մոդելը որեւէ ընդհանրություն չունի այն հերթական պետական հեղաշրջման ծրագրի հետ, որը ռեժիմը կամենում է «սղղացնել»՝ Սահմանադրական բարեփոխումներ անվան տակ:

Տրամաբաական է, չէ՞:

Համաձայնեք՝ այո՛:

Կա՞ ողբալու եւ հեռուն գնացող եզրակացությունների առիթ:

Համաձայնեք՝ «Կիկոսի մահը» պատմողների հետ գործ ունենք:

Կհաջողի՞ ՀԱԿ-ը, մասամբ էլ՝ ԲՀԿ-ն վերը նշվածում:

Ցույց կտա ժամանակը:

Համենայն դեպս, չեմ կարծում, թե որեւէ կուսակցություն իր վրա պետական հեղաշրջման մասնակցի տգեղ եւ պատմական առաքելություն վերցնի:

Այս գնահատականով, արդյո՞ք, բարոյական ճնշում չի գործադրվում ՀՅԴ-ի վրա:

Բնա՛վ:

Ընդամենը շատ կոնկրետ ու շատ մերկ փաստ է արձանագրվում: Մի բան, որին, վստահ եմ, այսպես թե այնպես բոլո՛րն են հանգելու:

Նախորդ հոդվածը‘Ռասմուսեն. Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունը’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’