‘Գոհար Սիմոնյան. Երբ վերջանում են հակափաստարկները, սկսվում է «գժականը» ‘

1946

Բաղրամյան 26-ում լռություն է: Այստեղ, բնականաբար, ոչինչ չունեն նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքին հակադրելու, որովհետեւ անհնար է որեւէ հակափաստարկ ներկայացնել իրավիճակն ամենայն վարպետությամբ եւ մանրամասնությամբ նկարագրած տեքստին: Նաեւ՝ դրա ելքին, որն իշխանափոխությունն է:

Ինչ վերաբերում է ավազակապետության անդամներին՝ այստեղ եւս հիմնականում լռություն է տիրում: Զգուշավո՛ր լռություն: Երեւի դեռ վերեւից հրահանգ չի իջեցվել՝ ինչպես արձագանքել Նախագահի խոսքին: Այդ պատճառով են հիմնականում «անտեղյակ, չկարդացած, հարկ եղած դեպքում միայն պատասխանի պատրաստ» եւ այլն:

Ինչ վերաբերում է շարմազանովյան «դրսեւորմանը», ապա ինչպես Գալուստ Գրիգորիչը կասեր` ցավոք, կրկին «ուրախանալու առիթ չկա» հենց միայն այն պատճառով, որ Շարմազանո՛վն է տխուր: Եվ գիտե՞ք՝ ինչու. որովետեւ «նենգ, մաղձոտ» տեքստ է գրվել, իսկ հարգարժան լրատվամիջոցն ահա այն տեղադրել է Նախագահի ժպտացող դեմքի ֆոնին:

Փաստորեն, տխրե՛լ է Շարմազանովը Նախագահի ժպիտից: Այնքան, որ սկսել է մտածել, թե որեւէ քաղաքական ասելիք հատկապես դրան ուղեկցող լուսանկարի տեսանկյունից է պետք ձեւակերպել: Լավ ֆոտո կլինի՝ ըստ էության կխոսի, «վատը»՝ ոչ: Երկաթյա տրամաբանություն եւ հիրավի՝ հարգանքի արժանի հակափաստարկ, այնպես չէ՞:

Բայց ավազակապետությունն ավազակապետություն չէր լինի, եթե ամոթից գոնե լռեր: Չէ՛, ո՞նց կլիներ. պիտի անպայման խոսեր քարոզչական սպասյակների՝ «ազատ-անկախների» միջոցով, եւ այն էլ այնպիսի անհեթեթ ստերի տիրաժավորմամբ ու էկզոտիկ «գժականությամբ», որ քեզ նվաստացած ես զգում՝ լրջորեն դրանց անդրադառնալու մտքից իսկ:

Օրինակ՝ մանրամասն նկարագրելով Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը, Նախագահն ամփոփում է. «Ուստի, պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից։ Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի, եւ բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը»:

«Ազատ-անկախները», սակայն, ինչպես միշտ՝ տեքստը թողած, իրենց կամեցածը կամ պարտադրվածն  են ընկալել. «Մի քանի ամիս առաջ ծրագրվում էր երկու անգամ տապալել նոր կառավարության ծրագիրը եւ ստիպել ցրել խորհրդարանը: Հետո Գագիկ Ծառուկյանը որոշեց ժամանակ տալ իր խնամուն, եւ հիմա հեղափոխությունը հետաձգվում է անորոշ ժամկետով: Այսինքն, եթե օրինակ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չլինի, չարժե սպասել իշխանափոխության»:

Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ նման «հանկարծապայծառացումը» դիտարկել որպես արձագանք, առավել եւս՝ փաստարկ կամ վերլուծություն եւ շարունակել դիտարկել այն: Ո՛չ, իհարկե, բայց որպեզի անաչառ լինենք նաեւ մյուսների նկատմամբ, ներկայացնենք մնացած «ազատներին» էլ:

Օրինակ՝ ինչ ասես արժե այս միտքը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը» վերնագրով հոդվածը: Թվում է, թե նա հերթական անգամ արձանագրել է «ավազակապետական իշխանության» կործանում, սակայն նման հոդվածով հանդես գալու նպատակը մեկն է` մնալ Գագիկ Ծառուկյանի աջակցության ներքո, ասել է թե` թույլ չտալ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի, այսինքն` Ծառուկյան-իշխանություն համագործակցությունը»:

Ի՞նչ եք կարծում՝ ե՞ս ընկալման հետ խնդիրներ ունեմ, թե՞ այս ֆեյքուհին՝ տրամաբանության: Ախր՝ եթե Նախագահը «թույլ չի տալիս» Ծառուկյան-Աբրահամյան, հետեւաբար նաեւ՝ Ծառուկյան-իշխանություն համագործակցությունը, որի մասին, ի դեպ, իրենք էին այդքան խոսում, դա նշանակում է, որ մնում է Ծառուկյանի աջակցության ներքո՞, թե՞ նշանակում է, որ իշխանությու՛նն է ձախողվել: Մասնավորապես հետեւյալում.

ա. Ծառուկյանը չի համագործակցում իշխանության հետ՝ ինչպես իրենք են հենց այժմ պնդում

բ. Քանի որ Կոնգրեսը հասել է իր նպատակին այդ հարցում, ակնհայտ է, որ շատ շուտով,  ոչ իշխանական ուժերի հետ միասին, կհասնի նաեւ իր վերջնական՝ իշխանափոխության նպատակին:

Արդար լինելու համար չպետք է մոռանալ նաեւ ազատներից առաջինին: Այստեղ էլ հակափաստարկ ներկայացնելու փոխարեն, տեսեք-տեսեք, տրտնջում են, թե երկրում առկա հնարավոր պատերազմի՛ն արձագանք չկար: «…Լևոն Տեր-Պետրոսյանը (արձագանքել է – հեղ.) երկարաշունչ հոդվածով, որտեղ սակայն չկար որևէ նոր միտք, որևէ հրատապ միտք: Եվ երկու դեպքում էլ ոչ մի խոսք առանցքայինի՝ պատերազմի վտանգի մասին, հասարակությանը կողմնորոշելու, հասարակության մոտ կարծիք ձևավորելու, ներքաղաքական և ներիշխանական բանսարկությունների մակարդակից վեր կանգնելով հասարակությանը առարկայական մեսիջներ հղելու ոչ մի փորձ, իսկ տողատակում էլ «որքան վատ, այնքան լավ» փիլիսոփայության ուրվագծում` մոռանալով, որ վատը լինելու է Հայաստանի, ոչ թե Սերժ Սարգսյանի համար»:

Այստեղ, իհարկե, միայն մի՛ բան է անհրաժեշտ ասել. լեզուն ոսկոր չունի:

Ախր՝ եթե Հայաստանում մի մարդ կա, ով ամենաշատն է խոսել ղարաբաղյան հակամարտության, դրա լուծման անհրաժեշտության, շրջափակման, պատերազմի վտանգների, լրջանալու անհրաժեշտության եւ նախ եւ առաջ՝ հենց ա՛յդ պատճառով այս ապաշնորհ խմբակի հեռացման անհրաժեշտության վերաբերյալ, Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Բայց տես որ՝ լրատվամիջոցը, հավանաբար, անձնական ուղերձ է ուզում: Մի բան, որ ամեն Աստծո օր է ստանում Բաղրամյան 26-ից եւ չի՛ հագենում, փաստորեն…

Նախորդ հոդվածը‘Մարիա Պոռոշենկո. Ուկրաինայի առաջին տիկինը’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն ու Պոռոշենկոն Նորմանդիայում զրույց են ունեցել’