‘Գոհար Սիմոնյան. Էդ ու՞ր՝ «ինստիտուցիոնալ խաղալով»…’

2882

Ես քաղաքագետ չեմ, լրագրող եմ: Բայց դա չի՛ նշանակում, թե սոսկ «դիկտոֆոն բռնող եմ» եւ պիտի առանց քննության ենթարկելու տիրաժավորեմ այն ամենը, ինչ քաղաքագիտության կամ քաղաքականություն ասվածի «սոուսով» է ինձ մատուցվում:

Օրինակ, վերջերս շատ մոդայիկ է դարձել «ինստիտուցիոնալ ընդդիմություն» եզրը, եւ երբ շարքային խմբագրից մինչեւ քաղաքական գործիչ ու սոցիոլոգիայի պրոֆեսոր՝ սրա հետ են կապում մեր փրկությունը, սովորությանս համաձայն՝ միանգամի՛ց եմ կասկածում:

Փառք Աստծո, համացանցը հաշված րոպեների ընթացքում է ուզածդ բանը դիտարկելու, սովորելու, համոզվելու կամ տարհամոզվելու հնարավորություն ընձեռում:

Ինստիտուցիոնալ ընդդիմություն, ուրեմն:

Ի՞նչ է սա, առհասարակ:

Կա՞  նման եզր քաղաքագիտության մեջ:

Ինչպե՞ս կարող է պատահել, որ լեզուն, որպես գոյություն ունեցող երեւույթներն ու առարկաներն անվանող միջոց, այդչափ «դավաճանի» ինձ՝ սահմանելով մի բան, որ արդե՛ն սահմանված է:

Այլ կերպ ասած՝ ընդդիմությունն ինքնին ինստիտուտ է կոնկրետ համակարգի ներսում: Հետեւաբար՝ ինչպե՞ս կարող է «ինստիտուտային ինստիտուտ», կամ «կառուցվածքային կառույց» կոչվածը գոյություն ունենալ, մի բան էլ՝ սահմանվել, եւ դեռ մի բան էլ՝ իբր փրկություն դիտարկվել «փրկության կարոտ թշվառներիս համար»:

Պարզվում է՝ քաղաքագիտության մեջ, որպես այդպիսին, ինստիտուցիոնալ ընդդիմություն հասկացություն գոյություն չունի եւ իրականում չի էլ կարող ունենալ:

Շատ պարզ պատճառով:

Գոյություն ունի քաղաքական սիստեմ՝ համակարգ, որն իր մեջ ներառում է հետեւյալ ինստիտուտները՝ պետական օրգաններ, քաղաքական կուսակցություններ, հասարակական-քաղաքական շարժումներ, այսպես կոչված՝ ազդեցության խմբեր կամ կոնկրետ շահերի ու հետաքրքրությունների շուրջ կազմավորված քաղաքացիական խմբեր, որոնց բոլորին միավորում է արդեն ընդհանրական եւ գերակա կառույց՝ պետությունը: 

(Ի դեպ, տեղն է, որ մի անգամ էլ հեգնենք բոլոր նրանց, ովքեր «նույն նավում լինելով»՝ քաղաքացիական հասարակությունը հակադրում են կուսակցություններին՝ համարելով, թե միայն իրե՛նք են վերջին ատյանի ճշմարտության կրողը, եւ իրե՛նք միայն իրավունք ունեն քաղաքական օրակարգ ձեւավորել…մոռանալով, որ, օրինակ՝ Պուտինին հայհոյելը կամ Մաշտոցի պուրակի պահպանման համար ձայն բարձրացնելը դեռ քաղաքականություն «անելու» հնարավորություն չէ, առավել եւս՝ մի ամբողջ պետության քաղաքական օրակարգ չէ…)

Հարկ կա՞, արդյոք, այսքանից հետո մի անգամ էլ հասկանալ, թե ինչ աստիճան անհեթեթության հետ գործ ունենք՝ «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ասելով:

Իհարկե, չկա:

Բայց որպեսզի ամեն բան մինչեւ վերջ ասվի, անցնենք առաջ եւ նկատենք, որ գաղափարական առումով՝ կուսակցությունները կարող են լինել.

Պահպանողական

Լիբերալ

Դեմոկրատական

Սոցիալ-դոմոկրատական

Սոցիալիստական

Կոմունիստական

Ազգայնական

Ինչ վերաբերում է «դիմության» եւ ընդդիմության տարբերակմանը, ապա, որքան էլ ոմանք «դիմադրեն», աշխարհն այլ տարբերակում  չունի, քան հետեւյալը՝ կառավարող կուսակցություն ես՝ իշխանություն ես, իշխանություն չունե՞ս՝ ուրեմն ընդդիմություն ես:

Միայն այն պատճառով, որ մեզանում այս տարիներին «բազում դհոլներ են արտադրվել», եւ միայն որպեսզի հերթական անգամ հարձակվես Հայ ազգային կոնգրեսի վրա՝ չարժե նոր բաժանում/սահմանում հորինել եւ հայտարարել, թե իրական ընդդիմությունը ինստիտուցիոնալ ընդդիմությունն է, որը.

ա. գիտի՝ ինչպես իշխանափոխություն անել

բ. անելիքների հստակ ճանապարհային քարտեզ ունի:

Իրականում, սակայն, իշխանափոխությունը որեւէ ընդդիմության համար չպետք է գերնպատակ չլինի: Կամ՝ միայն նման ցանկություն հայտնելով չէ՛, որ նա պիտի ընդդիմություն համարվի:

Այ՝ իշխանության գալու հայտի ներկայացումը՝ ուրիշ բան. սա արդեն ցանկացա՛ծ ընդդիմության նպատակը պիտի լինի, եւ կեղծավոր փարիսեցիներ ու նենգող դպիրներ են բոլոր նրանք, ովքեր խոսում են կամ կխոսեն «աթոռակռվի» մասին:

Բա, իհարկե, պիտի աթոռակռիվ լինի: Իսկ ինչպե՞ս իրականացնես քո պատկերացումները՝ եթե ոչ կոնկրետ աթոռներին նստած…  Մենք հո 17-րդ դարի «տիտղոսակիր լոյալների» Անգլիայու՞մ չենք ապրում, որ ընդդիմությունը «հավատարմության երդումներ տա արքային կամ թագուհուն»՝ միաժամանակ եւ երբեմն-երբեմն ընդդիմանալով գործադրին…

Գալով ճանապարհային քարտեզին, կամ ինչպես «նենգող դպիրներից» մեկն էր այսօր նկատել՝ նրան, որ «քաղաքական ուժերն ընդդիմադիր հայտ ներկայացնելու մի ճանապարհ կամ տարբերակ ունեն` հասարակությանը ներկայացնել գործողությունների ծրագրեր»,  սա արդեն որեւէ քննության չի դիմանում:

Դե գոնե՝ Հայ ազգային կոնգրեսի պարագայում:

Ի վերջո, այստեղ դեռ Դաշինք լինելու տարիների՛ն էր ահռելի աշխատանք արվել՝ ոչ միայն հանրությանը, այլեւ օտարերկրյա դեսպաններին ներկայացնելով  հենց թեկուզ միայն «100 քայլը»:

Ավելին՝ ամբողջ այս տարիներին չի՛ եղել հանրությանը հուզող որեւէ իրական խնդիր, որին ՀԱԿ-ը «ինստիտուցիոնալ» կերպով արձագանքած չլինի, ներկայացրած չլինի իր մոտեցումները, պատկերացումները, անելիքների հստակ հաջորդականությունը: Մշտապես խնդիրները քննարկելով հետեւյալ պրիզմայով՝ իսկ ինչպե՞ս կվարվեինք մենք, եթե հենց այս պահին իշխանություն լինեինք՝ Սերժ Սարգսյանին ու ցինիկ ՀՀԿ-ականներին մի կողմ դրած…

Ինչու՞ է, ուրեմն, խաղացվում այս ֆարսը: Որ ի՞նչ լինի:

Որպեսզի նենգողնե՞րն ավելի խելոք երեւան, թե՞ որպեսզի ՀԱԿ-ը «վարկաբեկվի»:

Թող ընթերցողն ի՛նքը որոշի…

Գալով «ինստիտուցիոնալների» հարցերի հարցին՝ «իշխանափոխություն չանելուն», կարծեմ, ավելի լավ պատասխան, քան 2009-ի Մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը տվեց Ազատության հրապարակում, ես որ՝ չեմ լսել:

Իսկ այդ պատասխանը հետեւյալն է.

«Պահի հասունացումը կախված է ոչ միայն օբյեկտիվ գործոններից, այն է՝ երկրում կուտակված խնդիրների լուծման հարցում իշխանությունների դրսեւորած ապիկարությունից, այլեւ, առաջին հերթին, հասարակության հասունացումից։ Մինչեւ մեզ չմիանան հասարակական նորանոր շերտեր, մինչև մարդկանցից ոմանք չհասկանան, թե ինչպիսի աններելի սխալ են գործել՝ քվեարկելով 5000 դրամի դիմաց, մինչեւ ընտրական հանձնաժողովների անդամները չգիտակցեն, թե ինչի կարող է հասցնել ընտրությունների արդյունքների կեղծումը, մինչեւ գործարար աշխարհը չըմբռնի իր իրական շահերն ու դրանց պաշտպանության համար միավորվելու անհրաժեշտությունը, մինչեւ իշխանությունն անընդունելի չդառնա ո՛ղջ հասարակության համար, պահը հասունացած համարել չի կարելի»:

Հիմա, իմ տպավորությամբ, Կոնգրեսն ամբողջ այս տարիներին հենց դրանով էլ զբաղվել է՝ փորձել է առաջ գնալ՝ հասարակության հետ միասին:

Նույն ԲՀԿ-ի հետ համագործակցությունը եւս բացարձակապես այս շրջանակներում էր տեղավորվում՝ համադրել պետության, քաղաքացու եւ խոշոր կապիտալի շահը, հասկացնել մարդկանց, որ իրենց հաջողությունները եւ իրենք ամբողջովին կախված են սոսկ ռեժիմի բարեհաճությունից, բացատրել, որ համընդհանուր թշվառության մեջ անհնար է «երջանկության կղզյակներ կառուցել»…

Հետեւաբար, բոլոր նրանք, ովքեր այսօր ցնծում են քաղաքագիտական վերլուծության «պարտությունից», ստիպված են նախ խոստովանել, որ քաղաքական դաշտում կամ ոչինչ չանող ուրվականներ են, կամ՝ թունավոր օձեր, կամ՝ ինքնակոչ արբիտրներ:

Ուրիշի արածը գնահատող «բրիգադիր Սիսակներ», այսինքն:

Անհարմար էլ է, ի վերջո:

Եթե իսկապե՛ս ներկայիս Հայաստանում կա փոփոխությունների հստակ հանրային պահանջարկ, եւ ՀԱԿ-ն այդ պահանջարկը չի բավարարում, դաշտ մտցրեք սեփակա՛ն առաջարկը՝ գուցե հանրությունը  «նա ուռա» ընդունի: Եթե ոչ՝ ինչքա՞ն կարելի է ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի «ոսկորները լվանալ»:

Անհետաքրքիր եք, ախր՝ մի նոր բան մտածեք:

Ինստիտուցիոնալ ընդդիմություն խաղալով՝ հեռու չեք գնա…

 

Նախորդ հոդվածը‘Աղբյուր. Նեմցովի սպանության գործով Չեչնիայում ձերբակալվել է ևս երկու հոգի’
Հաջորդ հոդվածը‘Եվրասիական միության երկրների նախագահների հանդիպում՝ առանց Սերժ Սարգսյանի ‘