‘Գոհար Սիմոնյան. Կատարյալ ֆիասկոյի շեմին, կամ՝ «Էդ կադրերը պտտում եք, որ ի՞նչ անեք»’

4653

Անցած շաբաթ ադրբեջանական մամուլը եւ հատկապես ինտերնետային հարթակները զբաղված էին Ալիեւի «նախիջեւանյան ֆիասկոյի» գրանցմամբ: Զգուշավոր, իհարկե, միայն իրենց հատուկ կախակետերով, անուղղակի տեքստերով, բայց՝ քննարկմա՛մբ:

Ըստ այդմ՝ դիտարկվում էր լուրը, թե հայկական Զինուժը լուրջ հաջողություններ է գրանցել՝ Հայաստանի սահմանի հարավ-արեւմտյան ուղղությամբ բարելավելով իր դիրքերը: Այլ խոսքով՝ հայկական կողմն, իբր, նոր մարտական հենակետեր է տեղադրել (տրվում է նույնիսկ գրավված  բլրի անունը, ներկայացվում են լուսանկարներ եւ այլն), ու ընդհանրապես՝ այնպիսի իրավիճակ ստեղծել,  որ Ալիեւը գերադասել է տարհանել սահմանակից մի քանի գյուղեր կամ գոնե բնակիչների մի մասին…

Ավելին՝ ադրբեջանցիները շատ կրքո՛տ էին խոսում նաեւ այն մասին, որ հենց այդ ֆիասկոն թաքցնելով էր պայմանավորված անցած շաբաթվա վերջին հայկական Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չորաթան եւ Բարեկամավան գյուղերի գնդակոծումն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Վագիֆ Դարգյահլիի այն հաղորդագրությունը, թե «Պաշտպանության նախարար, գեներալ Զաքիր Հասանովը հրաման է արձակել հայկական կողմից ադրբեջանական խաղաղ բնակչության դեմ ուղղված կրակահերթերին տասն անգամ ավելի ուժգին պատասխանել»: Մեկ կրակոցին՝ տասը կրակոց՝ ասել կուզի:

Նորություն չկա՝ այսինքն. ադրբեջանական ղեկավարությունը կրկին եւ խիստ կանխատեսելիորեն տեղի «ռազմա-հայրենասիրական ոգին է կոփում» այն դեպքում, երբ առկա են լրջագույն կորուստներ:

Հիմա այս իրավիճակում, մանավանդ՝ երբ պաշտոնական Բաքուն էլ է հերքում հայերի առաջխաղացումը նախիջեւանյան կողմում, իսկ ադրբեջանցի լրագրողները փորձում են հասկանալ՝ ինչ ասել է «հողեր՝ սահմանի մեջտեղում, որոնք ոչ մեկին չեն պատկանում», ի՞նչ պետք է աներ մեր կողմը:

Բնականաբար, հատկապես արցախյան խնդիրը ուսած՝ պիտի ձայնը կտրեր: Բայց՝ ո՛չ, ո՞նց կլիներ. սրանք պիտի «հերոսանալու, իրենց նախագահի ծննդյան օրը շԸնԸհավորելու առիթ ստեղծեին»՝ ցավոք, դրանում ներքաշելով նաեւ պրոֆեսիոնալ եւ խելքը գլխին լրագրողների…

Իմ օրինակով գիտեմ, թե ինչ մեծ էր գայթակղությունը՝ թեմայի առնչությամբ դեռ անցած շաբաթվա վերջին շենշող մի նյութ գրելու: Բայց երբ խնդիրն այնքան լուրջ է, որքան այս դեպքում, բնականաբար, անձնական կամ պրոֆեսիոնալ փոքրիկ ամբիցիաների զսպումը հաստատ ամենաճիշտ լուծումն է դառնում: Բայց դա՝ իմ դեպքում:

Իսկ մեր լրատվամիջոցներից մեկն, ահա, ՊՆ խորհրդական Դավիթ Ջամալյանի օգնությամբ, ոչ միայն «բացառիկ կադրեր է ներկայացնում հայկական կողմի առաջխաղացման մասին», այլեւ ափսոսանք է հայտնում, որ սրանից առաջ նման հնարավորութուն չի ունեցել: Ավելին՝ Զինված ուժերին հրապարակայնորեն նույն բանն է մաղթում նաեւ Հայաստանի հյուսիս-արեւելքում: Այսինքն՝ վերոնշյալ Տավուշում…

Չէ՛, ես կամ իսկապես արդեն ոչինչ չեմ հասկանում, կամ վատ եմ ըմբռնում, թե գյադայությունը մինչեւ ուր կարող է հասցնել սրանց:

Եւ խնդրեմ՝ արդյունքը:

Ադրբեջանական Day.az-ի եւ Trend-ի փոխանցմամբ՝  նույն Վագիֆ Դարգյահլին այժմ էլ հայտարարել է, թե «Պատերազմն իր կանոններն ունի, որոնք հայկական կողմը երբեւէ չի պահպանել…Չնայած ադրբեջանական կողմի կատեգորիկ կոչին՝ միջազգային հումանիտար իրավունքների եւ մարդու միջազգային իրավունքների պաշտպանության առումով, Հայաստանը պատերազմ է մղում խաղաղ քաղաքացիների նկատմամբ՝ կոպտորեն խախտելով Ժնեւյան կոնվենցիան եւ Մարդու իրավունքների Համաշխարհային դեկլարացիան: Սրանից խուսափելու համար կարեւոր է հայ զինծառայողներին քրեական պատասխանատվության ենթարկել…սրա հետ կապված՝ միջազգային կառույցներրը պիտի համապատասխան միջոցներ ձեռք առնեն»:

Լավ, հիմա գոնե հասկանու՞մ եք, թե ինչ կրակի հետ եք խաղում:

Ճի՛շտ է՝ դուք կարող եք ասել, թե ադրբեջանական կողմը կոնկրետ տեղանուն չի նշել եւ  «օդեղեն հայտարարություն է արել», բայց դա միայն այն պատճառով, որ Ալիեւին առայժմ նման խոստովանությունը ներքաղաքական առումով ձեռնտու չէ: Այսքանին էլ դու՛ք եք սադրել, եւ, վստա՛հ եղեք, հարկ եղած դեպքում, ձեր «հրապարակային ֆիքստուլությունը» ձեզ տեղը տեղին կհիշեցնեն…

Եւ ընդհանրապես՝ տանուլ տալով հնարավոր բոլոր՝ տնտեսական, քաղաքական, տեղեկատվական պատերազմները, դիվանագիտությունը երգիչների, անդրանիկմանուկյանների ու տարատեսակ յուրիների հույսին թողնելով, երկիրը արտագաղթի, սովի, զրկանքի ու անիրավության մատնելով՝ ոչ միայն ճակատամարտ չես շահի, այլեւ բախտի բերմամբ շահածդ բարձունքից կգլորվես ուղիղ գրողի ծոցը:

Ուղիղն ասած՝ եթե միայն իրենք գլորվելու լինեին, ոչ միայն դեմ չեմ, այլեւ երկու ձեռքո՛վ եմ կողմ: Բայց տես որ՝ մեզ էլ հետներն են «շան փայ  անել ուզում»:

Բա ո՛նց չէ. ծոծրակնե՛րդ կտեսնեք, մեզ այդաստիճան հիմարացած՝ ո՛չ:  

 

Նախորդ հոդվածը‘Հայկական հին տները քանդում են, իսկ հետո մրցույթ հայտարարում ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱՎ. 2014-ի 1-ին 6 ամիսներին ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող ‘