‘Գոհար Սիմոնյան. Ձեր արնոտ հանդերձանքը ձեր ուսերի՛ն փռեք’

3786

«Ազատ Արցախ օպերացիան», որ գործադրվեց նույն այդ Արցախի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, թերևս,  վերջին ամենաուժեղ հարվածն էր հայկական երկու պետականության հիմքերին, և մենք՝ Երևանում, արցախցին՝ Ստեփանակերտում, դեռ երկար «կվայելենք» դրա պտուղները:

Ասում եմ՝ մենք, որովհետև վաղը հենց մե՛նք ենք պատժվելու՝ որպես սրանից 100 տարի առաջ ստույգ չգոյության դատապարտված մի ժողովուրդ, որին ընդամենը մի քանի տասնամյակ անց հաջողվեց միանգամից երկու հայկական պետություն ունենալ, հաղթանակել պատերազմի դաշտում և ուղղակի թքել այդ ամենի վրա…

Սերժ Սարգսյանին ու Բակո Սահակյանին ի՞նչ. Հայաստանն ու Արցախը նրանց, ինչպես տեսնում ենք, մա՛զ անգամ չեն հետաքրքրում: Կամ հետաքրքրում են միայն մեր ընդհանրական մարմնին «մակաբուծվելու» և իրենց ջարդարար ռեժիմներն անխախտ պահելու տեսանկյունից:  

Պատժվելու ենք, ուրեմն, մե՛նք:

Թեպետ մե՛նք չէինք որոշել հատկապես այս խառնակ պահին այսօրինակ «հրաշալի նվեր մատուցել»  մեր թշնամիներին:

Ալիևին, օրինակ, ում աչքը մշտապե՛ս էինք խոթում փաստը, թե իր խանական ռեժիմն ի վիճակի չէ ապահովել Արցախի անվտանգությունը: Եւ կամ որ՝ այս տարիներին Արցախին հաջողվել է մի քանի հարյուր անգամ ավելի ժողովրդավարական միջավայր ապահովել, քան Բաքվում է այն առկա: Ո՞ր մի հիմարն, ուրեմն, այդ դեպքում ինքնակամ կառափնարան կգնա…

Դե եթե այսպես է, ուրեմն էլ ի՞նչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ Արցախյան հրամանատարը, թող ներվի ասել, վատ քաղաքական գործիչ է թեկուզ միայն այն պատճառով, որ իշխանափոխության համար «նախատեսված»՝ տարվա 365 օրերից հենց Ապրիլի 24-ն է «գերադասում անցկացնել առանց ռեժիմի»:

Չէիք լսել՝ նո՞ր լսեցիք:

Չէիք տեսել այլևս նման երթ՝ հանկարծ հայտնաբերեցի՞ք:

Ե՛ւ տեսել էիք, ե՛ւ լսել: Ուրեմն՝ ժամանակի՛ն արձագանգեիք, ոչ թե մի բան էլ տեսնողների վրա «մուննաթ գայիք», իբր՝ «սեփականաշնորհել են ընդդիմադիր դաշտը և թույլ չեն տալիս ուրիշ ոչ մի ուժ այդ կողմերում շնչի»…

Սրտներդ ցավու՞մ էր՝ աննախանձախնդիրներով նախապե՛ս բացատրեիք, որ  իշխանափոխությունը կարելի էր սկսել նաև սերժա-լիսկայական Սյունիքի՛ց: Ոչ թե հիմա նունե-եսայանական կեցվածք ընդունեիք, թե «սխալ տեղում չհայտնվեին՝ ծեծ չուտեին»:

Անհարմա՛ր է, գետինը մտնելու բան է՝ Ժիրայրը Արցախ ազատագրի, որ Արցախում ծեծվի իր կնոջ ու երեխայի հետ միասին և նրանց աչքի առջե՞ւ:

Ի վերջո, ենթադրենք՝ սովորական արցախցին (որն, ասում են՝ խիստ զոմբիացված է, և սեպից ենք խոսում, բայց լավ էլ «գերանահարված՝» դեռ 90-ականներից և 98-ի պետական հեղաշրջման ժառանգությամբ) իսկապես էլ դեմ էր այս նախաձեռնությանը, և իշխանություններն, այսպես ասած՝ «հանրային պահանջ էին կատարում՝ կասեցնելով բաբելոնյան խառնակչության մուտքն Ազատ Արցախ»:

Բայց դա մի՞թե դիպուկահարների, դուբինկաների ու «սպեցնազի» ուղեկցությամբ գործադրված դաժան ծեծի փաստարկ է:

Եւ եթե անգամ նույն այդ Նախա- թե Հիմնադիր խորհրդարանի առանձին անդամներ ցնորված են այնքան, որ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի փոխարեն՝ Կրեմլ ու Պուտին են տեսնում՝ կատարվածը որակելով որպես «աշխարհաքաղաքական ծեծ» և «Արցախը կորցրած լինելու փաստ», մի՞թե մենք էլ մե՛ր հերթին պիտի խելագարվենք՝ վերջին բառերն ասելով սովորական ղարաբաղցու մասին, ով նույնպիսի զոհ է այս ռեժիմի ձեռքին, որքան՝ մենք:

Դեռ մի բան էլ ավելի՛ դժբախտ, որովհետև ի տարբերություն գուցե փոքրաթիվ, բայց ազատ մտածողներիս, նա նաև զոմբիացված է և, ոնց հասկանում եմ, սիամական երկվորյակների ջանքերով՝ ի սկզբանե մեզ «շուռ տված» կարծող: Մեկը, ով իր կյանքն է դասավորել նրա հաշվին, հարստացել է նրա հաշվին, «վաճառքի է ուզում դնել իր հողը, եթե ղարաբաղցիներով այստեղ չհսկեն» և այլն:

… Իրապես սոսկալի է մտածել, որ այսքան տարի ողբացինք, թե զոհ ենք գնացել Ցեղասպանության, որ տարագրվել ենք, որ օտարների մեղքով հայրենիք ու պետություն ենք կորցրել, բայց ի՞նչ է ստացվում՝ որ պետություն պահելու գործում հենց ինքներս  ենք անընդունակ, իսկ մեր այլասերումը հռոմեական պղծությունից էլ դե՞նն է:

Սթափվել է պետք, պարոնա՛յք:

Եթե իսկապես Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքական կարճատեսությունից զատ, կոնկրետ հանցանք է գործել, եթե Ազգային անվտանգության ծառայությունն ունի նման տեղեկատվություն, որ նա կոնկրետ սադրանքներ հրահրելու նպատակով և շատ կոնկրետ ուժերի հրահրմամբ է մեկնել Արցախ, ինչպես հիմա շատ են խոսում պատատակերին, դատապարտեք նրան բաց և ազատ ընթացող դատավարությամբ: Կոնկրետ փաստարկներով, հոդվածներով՝ ո՛չ Շանթ Հարությունյանի նման:

Եթե ոչ՝ հանգի՛ստ թողեք նրան ու բոլորիս:

Բավակա՛ն է՝ դուք գնաք արյուն թափեք, բերեք ձեր արնոտ հանդերձանքը մեր ու արցախցու վտիտ ուսերին փռեք: Դուք սխալն անեք, մենք հատուցենք: Դուք դավաճանեք այս ժողովրդին, ու մի բան էլ՝ մե՛նք պատժվենք: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. ԼՂՀ ոստիկանները «ոչ համաչափ բռնություն» են գործադրել’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. ԱԺ-ն լրացուցիչ մարմին ստեղծել չի կարող (Տեսանյութ)’