‘Գոհար Սիմոնյան. Ոչ թե «գիլիոտինի» մասին է պետք մտածել, այլ իշխանությունը հանձնելու’

1647

Ոչ ոք, նույնիսկ Հանրապետականն ի՛նքն այլեւս չի կասկածում, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը լիովին տապալվել է: Եւ հետաքրքիր է, որ այս հարցում, այսպես կոչված, «ապացուցողական բազայի» անհրաժեշտություն էլ  չի զգացվում, որովհետեւ նույնիսկ այս կամ այն պետական օղակներն այլեւս ի զորու չեն թաքցնել այն թշվառությունը, որ հեղինակվել է Մելիք-Ադամյան փողոցում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով, օրինակ, 2013 թվականին մեր երկրում աղքատության մակարդակը ավելացել եւ հասել է  32 տոկոսի սահմանագծին: Արտագաղթը եւս շատ կոնկրետ աճ է արձանագրել, եւ 2013-ի տվյալներով ՝ կազմել է 44 տոկոս (այսինքն՝ մոտ 26-27.000 մարդ ընդմիշտ լքել է Հայաստանը):

Առայժմ թաքցվում եւ կոնկրետ թիվ չի նշվում ընթացիկ տարվա վերաբերյալ, թեպետ ակնհայտ է, որ պատկերն ավելի տխուր է լինելու, բայց արդեն իսկ պարզ է, որ անցած տարվա տվյալներով եւ «երիտասարդ ընտանիքներին ու ծնունդները խրախուսող» ՀՀԿ-ի գործունեության արդյունքում՝ ծնունդներն էլ  իրե՛նց հերթին են կիսով չափ կրճատվել ՝ 2013 թվականին հասնելով ընդամենը 41 հազար 790-ի: Համարյա նույնքան պակասել  է կազմվող ընտանիքների, եւ կրկնակի աճել՝ ամուսնալուծությունների քանակը: Ի լրումն սրանց՝ Հայաստանը կրկին «պատվավոր» առաջին տեղն է զբաղեցրել նաեւ ինքն իրեն դժբախտ զգացող ազգերի ընտանիքում…

Այս ամենով հանդերձ՝ իրականում, սակայն, խնդիրը Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, մակրոտնտեսական անբարենպաստ ցուցանիշները, «մեռած-չթաղած» մեր տնտեսությունն ու բոլոր այն ցավալի թվերը չե՛ն, որ վերեւում ներկայացրինք:

Ավելին՝ համոզված ենք, որ եթե անգամ դրսից որեւէ փայլուն ուղեղ էլ հրավիրվի վարչապետի աթոռը զբաղեցնելու համար, միեւնույն է, մեր կյանքում որեւէ բեկում չի արձանագրվի, քանի որ Հայաստանի խորքային պրոբլեմն առհասարակ զարգացման կանխատեսելի տրամաբանությունից դուրս լինելն է: Եւ կամ իշխանության կենտրոնացումը Բաղրամյան 26-ում, որտեղ որեւէ կերպ չեն կամենում կամ այլեւս չեն էլ կարող փոխել խաղի կանոնները:

Ստացվում է, որ, մեղմ ասած՝ կեղծում են բոլոր նրանք, ովքեր այս օրերին, մի կողմից՝ իրավիճակի փոփոխության հայտ ներկայացրած ընդդիմությանն են մեղադրում հնարավոր ու անհնար ամեն բանում, մյուս կողմից՝ առաջարկում են ձախողված կառավարությանն «ուղարկել աղբանոց»՝ մի տեսակ քնքշորեն խնայելով Սերժ Սարգսյանին եւ առանձնահատուկ հաճույք ստանալով այն մտքից, որ նրան հաջողվեց ե՛ւս մի կառավարության «փչացնել»:

Տվյալ դեպքում նաեւ՝ Հովիկ Աբրահամյանին, ով խորհրդարանում մեկը մյուսի ետեւից տապալված օրինագծերի հետ միասին այնպիսի հիմար իրավիճակում հայտնվեց, որպիսին անգամ Տիգրան Սարգսյանը չէր կարող երեւակայել:

Հովիկ Աբրահմանն ու իր կառավարությունն, իհարկե՛, մեղավոր են:

Եւ մեղավոր են, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանի հետ միասին իրավիճակի քաղաքական պատասխանատվությունը կիսելու՛  համար:

Բայց չնկատելու տալ Սերժ Սարգսյանին, անթաքույց ուրախանալ այն բանի համար, որ այս անգամ էլ, թող որ արժանիորեն, Աբրահամյանն է հայտնվելու «գիլիոտինի ներքո», ավելին՝ ակնարկել, որ հենց Սերժ Սարգսյա՛նն է կազմակերպել ընդդիմության հետ 12 կետերի չհաջողված երկխոսությունը կամ տապալված օրինագծերի թատրոնը խորհրդարանում, որպեսզի արագացնի վարչապետի «դատապարտման պրոցեսը», ուղղակի անբարոյականություն է, որ մանր խորամանկության տակ է մեզ վրա սաղացվում: «Կուտ», որ ոչ մեկի կողմից, կարծում եմ, այլեւս «չի ուտվում»:

Իսկ իրավիճակն այսպես չի՛ կարող այլեւս երկար ձգվել, եւ պատճառները մի քանիսն են: Առաջինը՝ երկրի թշվառագույն դրությունը:

Նկատի ունեմ՝ եթե Սերժ Սարգսյանն, օրինակ, նավթադոլարներ ունենար եւ կարողանար այս չգիտեմ էլ՝ քանի միլիոն ժողովրդին գոնե կուշտ պահել, գուցե դեռ իր արսենալում իշխանությունը պահելու բազում մանր ու մեծ հնարքներ ունենար: Բայց չունի եւ հրաշալի գիտակցում է, որ ի տարբերություն իրենց անպատասխանատու կեցվածքի՝ իրականում հենց  ընդդիմությա՛ն շնորհիվ է, որ  երկիրը դեռ կանխատեսելի  քաղաքական զարգացումների փուլում է, ոչ թե ժողովրդական ընդվզման արյունոտ եւ անկանխատեսելի մսաղացի:

Երկրորդ պատճառն էլի՛ շատ տրամաբանական է. ի վերջո, որեւէ բան չի կարող հավերժ ձգվել: Այդ թվում՝ Սերժ Սարգսյանի թուլացած իշխանությունը: Այն էլ՝ բոլոր քայլերը հստակ հաշվարկող եւ իշխանության կողմից ասպարեզ նետվող որեւէ սադրանքի չենթարկվող ընդդիմության պարագային:

Եւ ահա ստացվում է, որ ուզի, թե չուզի՝ Սերժ Սարգսյանն այս անգամ ոչ թե պիտի մտածի Հովիկ Աբրահամյանին զոհաբերելու, կեղծ երկխոսությունների նոր օրակարգեր հնարելու ու նոր զոհեր որոնելու, այլ ստեղծված պատային իրավիճակում իշխանությունն անցնցում կերպով հանձնելու՛ մասին:

Այլ ճանապարհ չկա, եւ առարկայական փաստ է, որ ընդդիմությունը Սերժ Սարգսյանին այս հարցում արդեն հաստա՛տ կօժանդակի:

Նախորդ հոդվածը‘Դևիդ Մոյեսը ցանկանում է իր նոր թիմի կազմը համալրել Ագլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներով’
Հաջորդ հոդվածը‘Վեց ամսից համացանցում մեսրոպատառ «.հայ» դոմեն կհայտնվի ‘