‘Գողական կանոններով. Մամուլ’

1117

«Այնպես է ստացվել, որ մեզանում ավելի շատ գողական չգրված կանոններն են աշխատում, քան գրված աշխարհիկ օրենքները: Ամեն քայլափոխի հանդիպում ենք «ճշտով» հարցեր լուծելու, «ավտարիտետներին» հարգելու, «օբշչակի» շահերը հաշվի առնելու և այլ գողական կանոնների «աշխարհիկ» դրսևորումներին:

Ասենք, ինչո՞վ գողական աշխարհի սկզբունքներից չէ իրավահաջորդ նշանակելու նախկին նախագահների սովորույթը: Արդյունքում՝ նախկին նախագահը գործող նախագահին ասում է՝ ես եմ քեզ բերել ասպարեզ և չեմ ուզում խանգարել քո՝ երկրորդ «սրոկ» պաշտոնավարելուն: Փոխադարձ կապվածության, ստվերային պայմանավորվածությունների, «պախանին» հարգելու և նրան գահընկեց անելու ժամկետների ու կանոնների փաթեթն էլ է կրիմինալ աշխարհից վերցված: Կարծում ենք՝ նաև դա որոշակի նշանակություն ունեցավ, որ այս նախագահական ընտրություններում լուրջ մրցակիցներ չառաջադրվեցին: Լուրեր էին շրջում, որ Գագիկ Ծառուկյանին համոզելու համար, որպես «ամենածանրակշիռ» փաստարկ, հենց այդ միտքն է օգտագործվել՝ «ինչո՞ւ ես խանգարում, որ մարդն իր երկրորդ սրոկը նստի, ինքը քեզ ժամանակին չի խանգարել, չէ՞»:

Ի դեպ, բերդում նստելն էլ են հենց այս տերմիններով բնորոշում՝ «սրոկ», «նստել»: Իսկ երբ անցնի Սերժ Սարգսյանի «երկրորդ սրոկը» և մոտենա պաշտոնավարման ավարտը, այս բոլոր անձինք, բնականաբար, ասելու են՝ «մենք քեզ թողեցինք հանգիստ երկու սրոկ նստես, հիմա մեր հերթն է»: Թե ով կլինի հաջորդը՝ ՀՀ երկրորդ նախագա՞հը, թե՞ ԲՀԿ ինքնահրաժարված առաջնորդը, արդեն էական էլ չէ: Նորից կառաջնորդվեն գողական աշխարհի ու բերդերի կանոններով՝ նախագահի աթոռին կնստեցնեն նրան, ով իրեն «ճիշտ» է պահել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և վերջինիս կստիպեն աջակցել «օբշչակի» ընտրած նոր «պախանին»»,- գրում է «Հրապարակը» խմբագրականում:

Նախորդ հոդվածը‘Depeche Mode-ի նոր ալբոմը լույս կտեսնի մարտին’
Հաջորդ հոդվածը‘«Փարոսը» հորդորում-հրահանգում է վերջին անգամ ձայն տալ Սերժ Սարգսյանին. Մամուլ’