‘Գորիկ Հակոբյանը՝ գործողության մեջ. Իշխանությունները հանում են վերջին զենքերը ‘

2925

Հանգստյան օրերին ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի կողմից հնչեցված հայտարարությունները դեռ երկար կմնան հայ ժամանակակից քաղաքական մտքի գոհարների շարքում՝ Սեյրան Սարոյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտնի ելույթի հետ միասին: Բայց դա՝ միայն «բանահյուսային» առումով:

Հիմա փորձենք հասկանալ՝ ի՞նչ է իրականում Գորիկ Հակոբյանի ուզածը, ի՞նչ է ուզում հասկացնել և նաև՝ ո՞ւմ:

Նախ՝ Հակոբյանը «մի շարք գործիչների» կոչ է արել զերծ մնալ ապստամբությունների, իշխանություններին ուժով հեռացնելու անպատասխանատու կոչերից. «Բոլորի համար ակնհայտ է, թե ինչպիսի ողբերգական իրադարձությունների հանգեցրեց այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» ալիքը: Դաժան փորձությունն անցած ժողովուրդները դեռ երկար տարիներ չեն կարողանալու հաղթահարել քաղաքացիական պատերազմների, սոցիալտնտեսական և հումանիտար ճգնաժամերի կործանարար հետևանքները: Ցավոք, մեր ժողովրդին նույնպես վիճակվեց հասարակության բևեռացումը, անհանդուրժողականությունը, անթաքույց չարությունն ու կույր ատելությունը: Իրավիճակը կայունացնելու և բնականոն հունի բերելու համար գերագույն ջանքեր պահանջվեցին: Այդ դեպքերից անհրաժեշտ դասեր չքաղած մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»:

Ուրեմն, ԱԱԾ տնօրենը մեկ էլ զարթնել ու որոշել է «մի շարք գործիչների» մեսիջներ հղել: Դուք նորմալ երկրներում պատկերացնո՞ւմ եք նման բան: Ովքե՞ր են այդ մի շարք գործիչները, որտեղ են նման կոչեր հնչեցրել, որ դրանց մասին որևէ մեկը չի լսել, և միայն Գորիկ Հակոբյանն է քաջատեղյակ: Ընդհանրապես, այդ ի՞նչ ոճ է՝ քաղաքական հայտարարություններ անել «նամյոկների» լեզվով: Բան կա՞ ասելու, թող Գորիկ Հակոբյանը ուղիղ ասի՝ նշելով կոնկրետ անուններ:

Ենթադրենք՝ ԱԱԾ-ն իսկապես լուրջ կառույց է և լուրջ գործով է զբաղված, և իրապես զօրուգիշեր պետության անվտանգության մասին է մտածում: Ենթադրենք, էլի: Հիմա, ենթադրենք՝ այդ տքնաջան աշխատանքի արդյունքում ԱԱԾ-ն ինֆորմացիա է ստացել, որ «մի շարք գործիչներ» պատրաստվում են զենքով գնալ Բաղրամյան 26 կամ կառավարություն, կամ մեկ այլ պետական կառավարման մարմնի դեմ և ուժով իշխանափոխություն անել: ԱԱԾ-ն էլ՝ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ, գնում այդ ինֆորմացիան ստուգում է, մեկ էլ՝ պարզվում է, որ իսկապես, կան ինչ-որ գործիչներ, ովքեր նկուղներում արկղերով զենք են պահել՝ հետագայում ուժով իշխանափոխություն անելու համար: Ենթադրենք՝ այդպես է: Հարց, բա էլ ինչո՞վ է զբաղված Հակոբյանն իր կառույցի հետ մեկտեղ, ինչո՞ւ այդ մարդկանց ձերբակալելու կամ նրանց դեմ քրեական գործ հարուցելու փոխարեն՝ եկել ինչ-որ ակնարկներ է անում, թե բա՝ չենք թողնելու ուժով իշխանափոխություն անեք: Ա՛յ ընկեր, եթե իրապես ինֆորմացիա ունենայիր, որ նման բան կարող է լինել, հիմա վաղուց բոլորին ձերբակալել էիք: Այսինքն՝ կա՛մ այնքան ոչ կոմպետենտ եք, որ զինված հեղաշրջում իրականացնողներ եք բացահայտել, բայց բռնելու փոխարեն՝ նրանց գործողությունների չդիմելու հեռակա ակնարկներ եք անում, կա՛մ էլ ձեր նպատակն այլ է:

Այ, երևի այստեղ էլ թաղված է շան գլուխը: Երբ որ Գորիկ Հակոբյանը հայտարարում է, թե այդպիսի «վատ բաներ» անելու կոչով հանդես եկող գործիչներ կան, նա պետք է ոչ թե ընդհանրական ինչ-որ բաներ ասի, այլ կոնկրետացնի՝ այդ ո՞ր գործիչն է Հայաստանում կոչ արել զենքով գնալ իշխանափոխության, որ դեռ մի բան էլ՝ ԱԱԾ տնօրենը նրան զգուշացնում է չանել այդ բանը: Կա՞ն այդպիսի մարդիկ: Չկան: Ոչ մի քաղաքական ուժ իշխանություններին «ուժով» հեռացնելու կոչեր չի արել: Ո՛չ մի: Բա էլ ի՞նչ է խոսում Հակոբյանը: Իսկապես որ, հետաքրքիր է՝ եթե ոչ մեկը չի ասում՝ գնացինք ուժով իշխանափոխություն անելու, ուրեմն՝ ի՞նչ կարիք քա ինչ-որ մարդկանց զգուշացնելու: Նշանակում է՝ Գորիկ Հակոբյանը փոքր-ինչ խեղաթյուրում է իրականությունը, և նրա թիրախը ոչ թե գոյություն չունեցող անհայտ ինչ-որ գործիչներն են, այլ ընդդիմությունը, որին Հակոբյանը փորձում է ուժով իշխանափոխություն իրականացնելու մտադրություն վերագրել և հետո քաջարի Շվեյկի պես պայքարել այդ գործողությունների դեմ:

Տեսեք, երկրում վիճակն իրապես ծայրահեղ վատ է: Ընդ որում՝ ամեն օր ավելի վատ է լինում, քան՝ դրա նախորդ օրը: Ժողովրդի մոտ ծայրահեղական տրամադրություններ են, նրանք բոլորն ուզում են հենց էս պահին հեռացնել այս իշխանություններին: Իշխանություններն էլ, հո դմբո չեն, հասկանում են, որ էսօր կան, վաղը չկան, էս ժողովրդի համբերությունը ռեզինից չի, մեկ էլ ու տեսար՝ չհամեբերեցին, չանսացին սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն անելու` ընդդիմության կոչերին, դուրս եկան փողոց ու սկսեցին աջ ու ձախ «սամասուդ» անել սրանց: Իշխանությունները, պարզ է՝ այս ամենից պետք է որ, մեղմ ասած՝ շատ լուրջ անհանգստանան: Ու քանի որ գիտեն, որ հեռու չէ այն օրը, երբ երկրում նորից կարող է սահմանադրական իշխանափոխության վերջնական փուլը մեկնարկել, և օրենքով թույլատրված բոլոր միջոցներով պայքար սկսվել, վախից ակնարկներով զգուշացումներ են տեղում, իբր՝ դեռ մի բան էլ իրենք են վախեցնում: Մեկ Վովա Գասպարյանն է ուժի ցուցադրություն անում ու թե՝ սառը ցնցուղ ունենք թեժ աշնան համար, հիմա էլ, փաստորեն՝ Գորիկ Հակոբյանը: Ու սրանք էլ կարծում են, թե ընդդիմությունը, այս հեռակա ակնարկները լսելով՝ վախենալո՞ւ է ու այլևս հանրահավաք ու ցույց չի՞ անելու, Սերժին էլ թողելու են հավետ մնա իշխանությա՞ն: Իշտահներիդ քացա՛խ:

Բայց այստեղ մի այլ պահ էլ կա:

ԱԱԾ տնօրենը, չներկայացնելով գեթ մեկ փաստ առ այն, թե ինչ-որ անձանց կողմից երկրի անվտանգությանը իրապես վտանգ է սպառնում, փաստացի միակողմանի, կոմնակալ քաղաքական հայտարարություններ է անում,  ինչի իրավունքը Գորիկ Հակոբյանն ուղղակի չունի: Ժամանակն է, որ նա հասկանա, որ ինքը ոչ թե Սերժ Սարգսյանի անձնական անվտանգության ծառայության պետն է, այլ Հայաստանի: Այսինքն՝ ինքը պարտավոր է պահպանել Հայաստանի շահերը, անգամ եթե դա իր սրտով չէ, և եթե այն հակասում է Սերժի անձնական շահերին: Դե իսկ եթե դաիր  սրտով չէ, ապա դրա լուծումն էլ կա՝ Գորիկ Հակոբյանը կարող է հրաժարական տալ, գնալ թոշակի և որպես «վաստակաշատ» թոշակառու՝ իր սիրելի Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանել այնքան, որքան սիրտը կուզենա: Բայց՝ չէ, արի ու տես, որ Հակոբյանը որոշել է բացահայտ Սերժ Սարգսյան խաղացնել, ասում է. «Ազգային անվտանգության մարմինները չեն պատրաստվում որպես կողմնակի դիտորդ հետևել այս իրադարձություններին: Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք»:

Կարճ ասած, Գորիկ Հակոբյանին թվում է, որ եթե ինքն օրենքի խախտմամբ ուժի ցուցադրություն փորձի անել՝ իբրև թե երկրին սպառնացող ուժային իշխանափոխությունը կանխելու համար, ցանկացած ոք, ով էլ իշխանափոխության մտադրություն ունի (անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևով՝ սահմանադրակա՞ն, թե՞ ոչ), պետք է «նա վսյակի» վախենա այդ նախազգուշացումներից ու այլևս տնից դուրս չգա:

Գորիկ Հակոբյանի հայտարարությունից՝ սենսացիոն մեկ հատված էլ: Այսպես, նա «անդրադարձել է նաև սփյուռքահայությանն ընդդիմության ազդեցության ոլորտ ներքաշելու, այդ նպատակով արտերկրի հայկական համայնքներում շտաբներ ձևավորելու մտադրություններին՝ ընդգծելով, թե այդ նախաձեռնությունն իրականացնելու դեպքում ապակառուցողական հեռահար հետևանքներն ակնհայտ են»:

«Հայաստանի անկախ պետականության ամբողջ ժամանակահատվածում միայն համայն հայության՝ ՀայաստանԱրցախՍփյուռք հավաքական համախմբմամբ է հնարավոր եղել նշանակալի նվաճումներ արձանագրել: Այնինչ, սփյուռքահայության միջավայր ներքաղաքական խնդիրների տեղափոխումը պառակտման իրական պայմաններ կստեղծի թեհայ համայնքներում, թեՀայաստանՍփյուռք կապերում: Այդպիսի հնարավոր զարգացումների ազդեցությունը հայ ժողովրդի առաջընթացի, Հայաստանի տնտեսական աճի, արտաքին քաղաքական նպատակների առաջխաղացման համար խիստ անբարենպաստ են լինելու: Եվ, վերջապես, հարկավոր է ընդունել, որ ներքաղաքական պայքարին պետք է մասնակցեն Հայաստանի քաղաքացիները, իսկ օտարերկրացիները, անկախ նրանց ազգային պատկանելիությունից, այս ոլորտում անելիք չունեն»,- ասել է Հակոբյանը:

Տեսեք՝ ինչ ուշագրավ բան է ստացվում: Էս մարդը մի ժամ ասում-խոսում է, և միայն վերջում է օրենքից մեջբերում անում՝ կապված ՀՀ քաղաքացիության հետ: Բայց մինչ այդ խոսում է բաներ, որոնք իր անմիջական պարտականությունների ու գործառույթների հետ ընդհանրապես աղերս չունեն: ԱԱԾ տնօրենի ի՞նչ ասելու բանն է՝ համահայկական համախմբումը, կամ՝ պառակտումը, կամ՝ սփյուռքահայերին քաղաքականության մեջ ներքաշելու անհարիրությունը կամ հարիրությունը: Դա ԱԱԾ տնօրենի ի՞նչ գործն է: Այսպես որ շարունակվի՝ Գորիկ Հակոբյանի հաջորդ ելույթը պիտի նվիրված լինի ամուսնալուծություններին, որտեղ նա կոչ կանի չբաժանվել իրարից, քանի որ հայեցի չէ խախտել երկու հայերի միասնությունը և պառակտում մտցնել ընտանիքի մեջ:

Ու դա էլ քիչ է, ասում է, թե «մեր հայրենակիցների մեծամասնությունը սթափ գիտակցում է, որ ներքաղաքական վայրիվերումները չեն բխում հայության օրվա շահերից, իսկ միասնական կամքն անհրաժեշտ է նպատակաուղղել հայրենիքը շենացնելուն, ժողովրդի կենսական խնդիրները լուծելուն, բազում վտանգներից երկիրը զերծ պահելուն և մարտահրավերներին դիմագրավելուն»:

Գորիկ Հակոբյանն էլի կարծես մոռանում է, որ ինքն ի պաշտոնե ԱԱԾ տնօրենն է և իրավունք չունի ԱԱԾ տնօրենի պաշտոնը շալակին՝ մտքին եկած հայտարարությունն անելու:

Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա Գորիկ Հակոբյանը պետք է ականջին օղ անի: Ժողովուրդն ինքն է որոշում՝ որն է իր շահը, որն է ամենավտանգավոր մարտահրավերը, և ինչպես ու երբ պայքարել այդ մարտահրավերների դեմ: Եւ Գորիկ Հակոբյանը չէ, որ պետք է մարդկանց խելք սովորեցնի և կամ ասի, թե ինչ ու ոնց անեն: Գորիկ Հակոբյանն ինքն էլ ժողովրդի կողմից վարձատրվող «վարձու» աշխատող է (եթե համարենք, որ ինքն այդ պաշտոնում լեգիտիմ է), և հետևաբար՝ նա ոչ թե պետք է գերազանցի իր պաշտոնեական լիազորությունները և իրեն չվերաբերող հայտարարություններ անի, այլ կատարի իր բուն պարտականությունները: Վերջ: Մնացածն արդեն իր գործը չէ:

Այսպիսով.

1. Գորիկ Հակոբյանը իր այս հայտարարություններով գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ակնհայտ կողմնակալ հայտարարություններ անելով հօգուտ իշխանությունների և հայտարարելով նաև, որ իրենք պատրաստ են բացահայտ մտնել քաղաքական պայքարի մեջ՝ թույլ չտալու համար իշխանափոխություն: Այսպիսով, Գորիկ Հակոբյանը հանդես է գալիս ոչ թե որպես ԱԱԾ տնօրեն, այլ՝ ներկայիս իշխանությունների անվտանգությունն ապահովող կառույցի ներկայացուցչի դերում: Գորիկ Հակոբյանը, չարաշահելով իր լիազորությունները՝ փորձում է վախ սերմանել ընդդիմության շարքերում: Եւ անկախ այն բանից, որ դա նրան չի հաջողվի, պետք է արձանագրել, որ նորմալ երկրում այս հայտարարությունից հետո հրաժարականների շարք կսկսվեր:  

2. Եթե Գորիկ Հակոբյանը համարում է, որ իր խոսքերը կարող են լուրջ ընկալվել, ապա պետք է նաև ընդունի, որ այդ դեպքում ինքը ոչ կոմպետենտ է: Որովհետև, սովորաբար հնարավոր հանցագործության մասին ԱԱԾ-ին հայտնի  դառնալուց հետո ԱԱԾ տնօրենը ոչ թե ինչ-որ նախազգուշական ակնարկներ է անում, այլ՝ զբաղվում է հանցագործության կանխմամբ: Ընդ որում՝ ոչ հայտարարություններով:

3. Գորիկ Հակոբյանը, գերազանցելով հանդերձ իր լիազորությունները՝ ակամա ցույց է տալիս իշխանությունների անհանգստությունը. եթե արդեն մեյդան են հանում ԱԱԾ տնօրենին՝ նշանակում է, որ անհանգստությունը ոչ միայն լուրջ է, այլև՝ հիմնավոր:

4. Եւ վերջապես, Գորիկ Հակոբյանը քաղաքական շահարկումների նպատակներով կեղծ տեղեկություններ է տարածում: Եթե կան քաղաքական գործիչներ, ովքեր զինված  ապստամբություն են նախապատրաստում, և Գորիկ Հակոբյանն այդ մարդկանց անունները չի հրապարակում, այլ միայն նախազգուշացնում է, նշանակում է, որ նա պետք է ոչ կոմպետենտության համար հրաժարական տա: Իսկ եթե նա անուններ չի տալիս, որովհետև այդպիսիք չկան (իսկ դա հենց ամենահավանական տարբերակն է), նշանակում է, որ նա պետք է սուտ տեղեկություններ տարածելու համար պատասխանատվության ենթարկվի: Ամեն դեպքում, Գորիկ Հակոբյանն այս մի հայտարարության համար իրավական երկրում առնվազն հրաժարականի կարժանանար, եթե ոչ՝ նաև քրեական հետապնդման:

Հ.Գ. Իսկ ընդհանրապես՝ Գորիկ Հակոբյանը, ինչպես տեսնում ենք, խոսքի հետ լուրջ խնդիրներ ունի: Նա լավ կանի՝ ընդհանրապես չխոսի՝ նման անհարմար դրության մեջ չհայտնվելու համար:

Պարգև Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘BBC. Բլատերը հոգնել է սկանդալներից, աշխատանքային լարված գրաֆիկից’
Հաջորդ հոդվածը‘Աստղաբան. Կապույտ այծի տարին բարենպաստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար’