‘Գուրգեն Եղիազարյան. Ամբիցիաները դնել մի կողմ, համախմբվել ու սրանց դեմ պայքարել ‘

3103

ILur.am-ի զրուցակիցն է ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը

— Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին իրադարձությունները` համատարած թանկացումներ եւ դրանց դեմ պայքարը:

— Հայաստանը հայտնվել է անդունդի եզրին: Այսպես գնալով՝ պարզապես կորցնում ենք մեր հայրենիքը, մեր պետականությունը:  Ու հիմա կարծես թե մոտենում է իրավիճակի հանգուցալուծումը: Ես հույս ունեմ, որ այսպես շարունակվելու դեպքում սեպտեմբերին արդեն սրանցից կազատվենք: Այնպես որ, վերջին օրերին տեղի ունեցողը միգուցե նաեւ լավ է եւ այսպես ավելի է մոտեցնում իշխանության վախճանը:

— Այսինքն` կարծում եք, որ այս իրավիճակը տանում է դեպի հանգուցալուծո՞ւմ:

— Մեր հայրենակիցները, որոնք լքում են Հայաստանը, այստեղ մնացող հայրենակիցներին ավելի անտանելի վիճակի մեջ են դնում: Այնպես որ՝ կոչ եմ անում չլքել Հայաստանը, այլ պետք է սրանց ուղարկենք: Արդեն պետականություն ենք կորցնում: Ժամանակն է մտածել բռունցք կազմելու եւ սրանց դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին: Ուրիշ տարբերակ չկա:

— Այս օրերին հատկապես տրանսպորտի ուղեվարձի թանկացումների դեմ տարբեր նախաձեռնություններ են սկսվել: Ձեր կարծիքով՝ այդ քայլերը, այդպես տարվող պայքարն արդյունավե՞տ է, թե՞ ոչ:

— Ես ողջունում եմ երիտասարդների քայլերը, նրանց ազնիվ պայքարը: Դա կարեւոր է, բայց հասարակությունը շատ մեղմ անցավ այն փաստի կողքով, որ քաղաքապետարանը միայն 500 հազար դոլար ծախսել է թափառող շների ոչնչացման համար: Ապահով Հայաստանի ապահովագրված ՀՀԿ-ականնե՛ր, թափառող շներին գնդակահարելու այդ գումարները եթե լափելու փոխարեն՝ ուղղեիք տրանսպորտի ոլորտ, ապա ոչ թե կթանկացնեիք ուղեվարձը, այլ նույնիսկ կէժանացնեիք այն: Էլ չեմ ասում այդ նստարանների, ծաղիկների եւ մնացածի գնման ճանապարհին ատկատները: Դադարեցրե՛ք Երեւանի թալանը, դադարեցրե՛ք ատկատները, եւ տրանսպորտը ողջ Հայաստանով մեկ կէժանանա: Հիշո՞ւմ եք`էդ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե գազը չի թանկանա: Բա հիմա ո՞նց եղավ, որ թանկացավ: Մեկը հարցնի դրան` էդ խաբում էի՞ր, թե՞ սուտ էիր ասում, ո՞նց եղավ, որ թանկացավ: Նույնը՝ Տարոն Մարգարյան կոչվածը, որ խոսում էր, թե տրանսպորտը չի թանկանա: Բա ո՞նց թանկացավ, մի հատ պարզաբանեք: Էդ ինչո՞ւ եք սսկվել, թե՞ արձակուրդ եք գնացել:

— Համաձայն ե՞ք այն տեսակետին, որ այս բոլոր խնդիրները համակարգային պրոբլեմի, իշխանությունների ոչ լեգիտիմության հետեւանք են:

— Միանշանակ համաձայն եմ: Ավելին, երբ ասում են, թե Հայաստանում սա է թանկացել, նա է թանկացել, նա է թանկացել, ես էլ հակադարձում եմ` մի թալանեք, ու նման խնդիր չի առաջանա: Բայց այս ավազակախմբերը միտք չունեն դադարեցնելու թալանը, նրանց ախորժակը վերջ չունի. նրանք պետք է լափեն պարտադիր: Մարդիկ այս մասին նույնիսկ չեն էլ խոսում, դրա մասին ի՞նչ խոսեն, եթե գիտեն` միեւնույն է, սրանք լափում են: Եթե այս տզրուկները ձեր արյունը չխմեն, ոչ հացը կթանկանա, ոչ գազը, ոչ հոսանքը: Այնպես որ, դրանցից օր առաջ ազատվել է հարկավոր, եւ Հայաստանում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:

Դուք խոսում եք քաղաքական ուժերի համախմբվելու եւ այդպես պայքարելու մասին: Այդ ուժերի մոտ տեսնո՞ւմ եք համախմբման նախադրյալներ, թե՞ ոչ:

— Ուրիշ ելք չկա: Պետք է ամբիցիաները դնել մի կողմ, համախմբվել ու սրանց դեմ պայքարել: Ազատվենք այս տզրուկներից, հետո կրկին ամեն մեկն իր ամբիցիաներով կարող է առաջ գնալ:

 

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Երեւանի ոստիկանապետը ուզում է ակտիվիստների կողակիցը դառնալ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանն ավարտեց ԵՄ հետ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները’