‘Գրանորություն. Ալֆոնս Դոդեի «Պստիկը» վեպը’

2233

Ավա՜ղ, առաջին զգացողությունը, հպումը, որ շողշողում է  փոքրիկ լողավազանում թռչկոտող Ոսկե ձկնիկների նման։ Լողավազան, որի շուրջը մանուկ ժամանակ, դայակիդ ձեռքը բռնած՝ զբոսնում ու ոչ մի կերպ չէիր կարողանում արևի մեջ վետվետացող ձկնիկներին բռնել․․․ Իսկ իրականո՛ւմ աշխարհը բացվում էր քո առաջ, երբ գազային լույսերով փողոցային ժխորում, մի պահ, նրա տեղ-տեղ ոսկեջրած մազերով դեմքը երևաց-քարացավ։ Հետո հալվեց՝ թողնելով իր հետքը փողոցի գորշագույնի և քո ցանկություն-զգացմունքի մեջ։ Պարզից էլ պարզ է, որ այլևս խաղաղվելու այլ տեղ ու առիթ չկա, որ սիրտդ անվերջ նրան է տենչալու, թեև միաժամանակ սիրտ չես ունենալու այդ մասին բարձր ու հաստատ խոսելու։ Քո Պստիկ, փողոցային Ոսկե ձկնիկը այսուհետ երազներիդ ավազանում է թպրտալու։ Աստվա՜ծ իմ․ այդ ապակե վանդակից նա դուրս թռչելու, ճախրելու ոչ մի շանս չունի։ Սփոփանքդ միայն գրելն է․ սիրո չմարող նամականին, որը, ավա՜ղ, ճշգրիտ հասցե ունի․․․ Թերևս ունի, քանի որ ուշացած նամակը միշտ իր արժանի հասցեատիրոջն է գտնում․․․        

«Ահավոր հարված էր դա: Ինձ թվաց, որ երկինքը փուլ է գալիս: Ֆաբրիկան ծախվա՞ծ… Հապա իմ կղզի՜ն, քարայրնե՜րը, խրճիթնե՜րը: Ավա՜ղ. պարոն Էսետը ծախել էր ամեն ինչ՝ կղզին, քարայրները, խրճիթները. պետք էր թողնել ամեն ինչ: Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս լաց եղա…

Այդ ամսվա ընթացքում, երբ տանը տեղավորում-կապում էին հայելիները, սեղանասարքերը, ես տխուր ու միայնակ ման էի գալիս իմ սիրելի ֆաբրիկայում։ Հասկանում եք, անշուշտ, որ խաղալու սիրտ չկար… O՜, ոչ… Նստում էի բոլոր անկյունները և դիտում շուրջս եղած իրերը, խոսում էի նրանց հետ որպես կենդանի էակների, ասում էի չինարներին՝ «Մնաք բարով, սիրելի՛ բարեկամներս», ավազաններին՝ «Վերջացած է ամեն ինչ, այլևս իրար չենք տեսնի»։ Այգու խորքում կար մի խոշոր նման ծառ, որի գեղեցիկ, կարմիր ծաղիկները բացվել էին արևի տակ։ Հեկեկալով ասում էի նրան. «Քո ծաղիկներից մեկը տուր ինձ»: Եվ տվեց: Ես այդ ծաղիկը դրի կրծքիս վրա, որպես նռնենու հիշատակ։ Շատ դժբախտ էի ես։ Սակայն այդ ծանր վշտի շրջանում երկու բան ինձ ժպտեցնում էին. նախ՝ նավ նստելու հեռանկարը, ապա՝ իմ թութակը ինձ հետ տանելու թույլտվությունը: Ինքս ինձ ասում էի, որ Ռոբինզոնն էլ մոտավորապես նույն պայմաններում էր հեռացել իր կղզուց, և դա արիություն էր տալիս ինձ»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված՝ Ալֆոնս Դոդեի «Պստիկը» վեպը՝ ֆրանսերենից Վահե Միքայելյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Նորզելանդական հասարակաց տունը բաց դռների օր կանցկացնի՝ հանուն երեխաների’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իրանը գուցե փրկի , բայց կփրկվի՞ Հայաստանը’