‘Գրանորություն. Մարկ Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը’

3223

Երբ օդը թեթևանում է, երկխոսությունները շատանում են։ Ինչ-որ շատ քնքշություն շնչելու պահանջ ես ունենում։ Կարծես ոչինչ չանելու համար բառեր ես ճաշակում, շա՜տ բառեր․․․ Բայց ինչ-որ ուրիշ զգացողությամբ ես երկխոսություններն ուտում՝ երևի շնչելով։ Հետո բառերիդ միջև եղած շունչդ, լյուֆթ-պաուզաների տեսքով, հավաքում ես տարբեր սրվակների մեջ։ Պարզ է, որ յուրաքանչյուր սրվակին, ավելի ճիշտ՝ ներսի պարունակությանը անուն ես դնում՝ թեթև՜, թեթև՜ վանկարկումներով ու քնքշության պարտադիր չափաբաժնով․․․ Պտտվող-փուչիկ օդի մեջ օրը մի սրվակի պարունակությունը ցողում, նոր երկխոսություններ ես ծավալում․․․ Երկար-բարակ բառեր․․․ Բայց մի օր բառերը, փչացած կաթի նման, կտրվում են ու հորիզոնում սրվակներից դուրս եկած հոտերը խտանում՝ կաթնաշոռ ամպեր են դառնում։ Թանձր, խառնված իրականություն։ Բայցև այնպես՝ ցանկացած իրականություն իր ճանապարհն ունի, որը նոր լեզվի ուսուցում է պահանջում․․․

«Բախտագուշակն Ալիսին աթոռակ առաջարկեց: Աչքերը խոշոր էին, հայացքը՝ անհուն, իսկ մշտական պիտը՝ թովիչ: Միոտանի կլոր սեղանին ո՛չ բյուրեղապակե գնդիկ կար, ո՛չ Տարոտ, միայն շագանակագույն կետիկներով երկար ձեռքերն էին, որոնք մոտեցրեց Ալիսի ձեռքերին: Նրանց հպումից Ալիսը զգաց, թե ինչպես մի տարօրինակ քնքշություն, հաճելի ինքնազգացողություն համակեց իրեն, ինչը շատ վաղուց չէր ճաշակել:

– Աղջիկս, ես արդեն տեսել եմ քո դեմքը, – սուլոցի նմանվող ձայնով ասաց բախտագուշակը:

– Այն պահից, ինչ ինձ նկատե՞լ եք:

– Դու չես հավատում իմ կարողություններին, այնպես չէ՞:

– Ես բանական էակ եմ, – պատասխանեց Ալիսը:

– Պետք չի ստել, դու արտիստ ես, ինքնուրույն ու կամայական կին, եթե նույնիսկ երբեմն վախը խանգարում է գործել:

– Բայց ինչո՞ւ եք այսօր բոլորդ ուզում, որ ես վախենամ:

– Շփոթված տեսք ունեիր, երբ ինձ մոտ էիր գալիս:

Բախտագուշակը հայացքով ընկղմվեց Ալիսի աչքերի մեջ: Նա ընդհուպ մոտեցավ Ալիսի դեմքին:

– Բայց որտե՞ղ եմ տեսել այս աչքերը:

– Միգուցե ուրիշ կյանքում, – նկատեց Ալիսը ծաղրական:

Հուզմունքից բախտագուշակը կտրուկ կանգնեց:

– Սաթ, վանիլ և կաշի, – շշնջաց Ալիսը:

– Ինչի՞ մասին ես խոսում:

– Ձեր օծանելիքի, Արևելքի հանդեպ ձեր սիրո: Ես էլ եմ կարողանում որոշ բաներ զգալ, – ասաց Ալիսն ավելի ամբարտավան:

– Դու իրոք շնորհք ունես, բայց ավելի կարևոր մի բան կա. դու չգիտես քո պատմությունը, – ասաց ծեր կինը:

– Ժպիտը, որ չի իջնում դեմքիցդ, զոհերիդ վստահություն ներշնչելու

համա՞ր է, – հարցրեց Ալիսը ծաղրանքով:

– Գիտեմ, թե ինչու եկար ինձ մոտ, – ասաց բախտագուշակը, – զվարճալի է:

– Լսեցիք, թե ինչպես ընկերներս գրազ եկան, որ չեմ գա:

– Դու մարտահրավերներին հեշտ չես տրվում, և ընկերներդ մեր հանդիպման հետ կապ չունեն:

– Ուրեմն ո՞րն է պատճառը:

– Միայնությունը, որը քեզ հաճախ է այցելում և չի թողնում քնել գիշերը:

– Դրանում զվարճալի ոչինչ չկա: Ասեք որևէ բան, որ իսկապես կզարմացնի. այնպես չէ, որ ձեր ընկերակցությունը տհաճ է, բայց իսկապես պետք է հասցնեմ գնացք նստել:

– Այս ամենը տխրեցնող է, բայց դրա փոխարեն ավելի շատ ուրախացնողն այն է, որ…

Հայացքը պոկվեց Ալիսից, որպեսզի կորչի հեռուներում: Ալիսը դրանից ասես լքված զգաց:

– Ինչ-որ բա՞ն էիք ասում, – հարցրեց Ալիսը:

– Ուրախացնողն այն է, – ուշքի գալով շարունակեց բախտագուշակը, – որ այն տղամարդը, որն ամենակարևորն է դառնալու քո կյանքում, նա, որին դու փնտրում ես վաղուց՝ նույնիսկ չիմանալով նրա գոյության մասին, այդ տղամարդը ճիշտ մի քանի վայրկյան առաջ անցավ քո ետևից»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Մարկ Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը ֆրանսերենից՝ Ռուզան Միրզոյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘ Կեղծարար ուսուցչուհին տուգանվեց, բայց նկարահանումը «կարող է վարկաբեկել իր հեղինակությունը»’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժիկի բերած — Սերժիկի տարած’