‘Գրանորություն. Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպը’

2431

Երկար, հեռավոր վերստեր կտրել-անցնելուց հետո հանկարծ միտքս փայլատակեց․ երևի մի երկար-երկար սիգարետ էի ներս՝ թոքերս քաշել` դրանից էր։ Վերջիվերջո՝ ի՞նչ հասկացա․․․ Որ․․․ Ծերությունը մի զարմանալի խճանկար է՝ բազմագույն, բազմահոտ, իր խորն ու թեթև կնճիռներով, հետքերով, ուռուցիկություններով ու պոկված-«թռած» փշուրներով։ Ուրեմն, ավելի ճիշտ․․․ Ծերացող մարդը բազմագույն մարդն է՝ նման լայն ճանապարհին կանգնած մարմնի կաղապարով պոեմի կամ վիպասքի, բառերի ճարտարապետության՝ սյուժեին համապատասխանող գմբեթով, սյուներով ու թռիչքային կամարներով։ Անդրդվելի ու փխրուն․․․ Փխրուն, բայց անդրդվելի, նման ժամանակի ՆՈՒՅՆ միավորի, որն ըստ հանգամանքների կարող է  արագորեն սահուն կամ անմարդկային անշարժ լինել․․․          

«Սկզբում Բայարդը փորձում էր ազդել նրա վրա՝ սպառնալով, ապա՝ շողոքորթելով: Բայց Նարցիսան անդրդվելի էր, ի վերջո, Բայարդը տեղի տվեց: Հանգիստ պառկած՝ պատուհանից դուրս էր նայում կամ քնում, երբ նա կարդում էր: Ժամանակ առ ժամանակ միսս Ջենին մոտենում էր դռանը, ներս մտնում, նայում նրանց ու հեռանում: Նարցիսան այլևս չէր խուսափում նրանից, հակակրանք ու սարսափ չէր զգում, ու երբեմն կարդալու փոխարեն նրանք հանդարտ ու անկիրք զրուցում էին՝ այն երեկոյի ուրվականն իրենց արանքում, թեպետ երբևէ չէին անդրադառնում դրան: Միսս Ջենին հետաքրքրվել էր այդ օրով, բայց Նարցիսան համեստորեն ու լրջորեն խուսափում էր խոսել, Բայարդը նույնպես չէր խոսում այդ մասին: Այսպիսով՝ նրանց միջև մի այլ կապ էր գոյացել, որն ամենևին չէր ձանձրացնում: Միսս Ջենին լսել էր նաև Հորասի ու Բելի պատմությունը, բայց Նարցիսան այդ մասին ևս որևէ բառ չէր ասում:

– Ինչպես ուզում եք, այնպես էլ վարվեք,– խայթեց միսս Ջենին,– ես իմ սեփական եզրահանգումները կանեմ: Պատկերացնում եմ, թե Բելն ու Հորասն ինչ իրարանցում կառաջացնեն: Եվ ես ուրախ եմ: Այդ մարդու երեսից դու պառաված օրիորդ կմնաս: Հիմա դեռ ուշ չէ, բայց եթե այդ հիմարությունը նա հինգ տարի հետո աներ, քեզ կմնար միայն երաժշտության դասեր տալ: Իսկ հիմա կարող ես ամուսնանալ:

– Խորհուրդ եք տալիս ամուսնանա՞լ,– հարցրեց Նարցիսան:

– Ես ոչ մեկին խորհուրդ չէի տա ամուսնանալ: Դու երջանիկ չես լինի, բայց, միևնույն է, կանայք դեռ այնքան քաղաքակիրթ չեն, որ առանց ամուսնանալու երջանիկ լինեն, ուստի դու նույնպես կարող ես փորձել»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով հրատարակված՝ Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպը՝ անգլերենից՝ Դիանա Համբարձումյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Բուլղարիայի բենզալցակայաններում ԻՊ-ի արտադրած վառելիք են վաճառում’
Հաջորդ հոդվածը‘Կադիրով. Ես խանգարում եմ «Պետդեպի մի խումբ հանցակիցների»’